Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիների, խաղաղության գործընթացի՝ Ադրբեջանի կողմից արհեստական ձգձգման խնդիրները՝ ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ

Հոկտեմբեր 01,2024 18:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հնչեցրին Բաքվում պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռները չկատարելու և խաղաղության գործընթացին արհեստականորեն խոչընդոտելու վերաբերյալ խնդիրները։

Արմեն Գեւորգյան

ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ արձանագրեց՝ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան և նշեց․ «Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։ Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։ Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո։ Գլխավոր քարտուղար, ես այսօր կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը»։

Արուսյակ Ջուլհակյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր հայտարարությամբ հիշեցնելով, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղյակ է տարածաշրջանի անվտանգության վիճակի մասին, նշեց․ «Հայաստանը կառուցողական կերպով ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման վրա։ Մենք հավատարիմ ենք բանակցությունների ավարտին և համաձայնագրի ստորագրմանը, սակայն, ցավոք, Ադրբեջանի կողմից դրական արձագանք չկա: Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ երբեմն ստեղծվում են նոր արհեստական խոչընդոտներ՝ գործընթացը երկարացնելու համար։ Հուսով ենք, որ որպես նորընտիր գլխավոր քարտուղար, Դուք կձեռնարկեք բոլոր համապատասխան գործողությունները խաղաղության գործընթացն առաջ մղելու համար»։

Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների իրականացման հարցին ու հայտարարեց․ «Հիմնական ուղղություններից մեկը, որի մասին կցանկանայի բարձրաձայնել, բավականին կարևոր է, և դա կլինի այս Վեհաժողովի գործունեության առաջնահերթություններից մեկը։ Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է նաև, որ գլխավոր քարտուղարն անդրադառնա դատարանի՝ միջանկյալ միջոցների նկատմամբ հարգանքի հարցերին, որոնք երկար ժամանակ լինելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերի և գործառույթների իրական կատարման հիմնական հիմքերից»։

ԵԽ գլխավոր քարտուղարը բոլոր պատվիրակների հարցերն ու հայտարարությունները թողեց անպատասխան ու նշեց․ «Ես ժամանակ չեմ ունենա պատասխանելու կամ արձագանքելու ձեր բոլոր հայտարարություններին և ձեր տված հարցերին: Անհամբեր սպասում եմ, որ դա անեմ հաջորդ անգամ: Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, տեսնում և լսում եմ, որ սպասելիքները չափազանց մեծ են, և մենք պետք է ունենանք ամենահավակնոտ նպատակները՝ միասին ինչ-որ բանի հասնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031