ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը:
Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկով ներշնչված մուրալի բացումը: Հսկայական որմնանկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է:
Միջոցառման սկզբում հնչել են Հայաստանի և Չեխիայի Հանրապետությունների պետական օրհներգերը՝ Արմավիրի դպրոցներից մեկի աշակերտների կատարմամբ, ապա համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները, որոնք կատարել են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շնորհավորելով Չեխիայի պետականության օրվա առթիվ, համոզմունք է հայտնել, որ Խանջյան 7 շենքի ճակատին բացված որմնանկարը հնարավորություն կտա մշտապես հաղորդակից դառնալու չեխական մշակույթին:
Կարդացեք նաև
«Աշնանային Երևանը նշանավորվում է մշակութային բազմապիսի իրադարձություններով՝ կինո և երաժշտական փառատոներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ: Դրանք սպասված են ոչ միայն երևանցիների, այլև մեր քաղաք այցելող հյուրերի համար: Չեխիայի պետականությունը նշանավորող օրվա շրջանակում բացվող որմնանկարն իրավամբ կարելի է համարել բացօթյա ցուցահանդես։ Այն մշտապես բաց և տեսանելի է լինելու բոլորիս համար՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու չեխ անվանի նկարիչ՝ Art nouveau ուղղության ներկայացուցիչ Մուխայի ստեղծագործական աշխարհին և մեզ համար բացահայտելու չեխական գեղանկարչական արվեստը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն կդառնա Երևանում Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամության մշակութային խորհրդանիշերից մեկը:
«Թեև Երևանը հրաշալի քաղաք է, բայց հուսամ, որ այսօրվա նկարը մի փոքր ավելի գեղեցիկ կդարձնի ձեր՝ արդեն իսկ գեղեցիկ քաղաքը»,- նշել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը՝ շնորհակալություն հայտնելով սուրբ Վենցեսլավի տոնը Հայաստանում նշելու համար: Նա նաև տպավորիչ է համարել հայ երիտասարդների՝ չեխական ստեղծագործությունների երաժշտական կատարումները:
«Այստեղ գտվող երիտասարդները որևէ հատուկ առնչություն չունեն Չեխիայի Հանրապետության հետ, բայց նրանք սիրում են երաժշտություն ու Չեխիան: Երիտասարդների հետ աշխատանքն ամենաիմաստալից գործողությունն է, որը մենք՝ դիվանագետներս, պետք է իրականացնենք»,- ասել է դեսպանը՝ շեշտելով մշակույթի առանցքային նշանակությունը երկկողմ բարեկամական հարաբերություններում:
Երևանի Խանջյան 7 շենքի ճակատին բացված Ալֆոնս Մուխայի ստեղծագործություններով ոգեշնչված որմնանկարի մուրալի ստեղծումն իրականություն է դարձել չեխ-հայկական «Մառլենկա» ընկերության հովանավորությամբ, որի սեփականատերը Չեխիայում բնակվող մեր հայրենակից Գևորգ Ավետիսյանն է:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ