Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն ընդդիմադիր գործչին արգելել է լրագրողների հետ զրուցել, սոցցանցերում հրապարակումներ կատարել

Հոկտեմբեր 01,2024 18:20

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մարտիրոսյանի որոշմամբ, սեպտեմբերի 13-ին գյումրեցի ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ։

Դատարանը, նրան տնից ազատ ելումուտ անելու իրավունք տալով, ըստ էության զրկել է ամենակարևոր ազատությունից՝ խոսելու, կարծիքը բարձրաձայնելու, հարցազրույցներ տալու, սոցցանցերում հրապարակումներ կատարելու իրավունքից։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց քաղաքական գործչի կինը՝ Անգին Մալխասյանը՝ մանրամասնելով․ «Սեպտեմբերի 13-ին դատավոր Մարտիրոսյանի կողմից տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ՝ գրավը դարձնելով 3 000 000 ՀՀ դրամ։

Որպես սահմանափակում՝ դատարանը արգելեց սոցիալական ցանցերում Կարապետ Պողոսյանի կողմից հրապարակումներ կատարելը: Իսկ արդեն սեպտեմբերի 24-ի նիստին դատավորը, իր որոշումը պարզաբանելով, նշեց, որ Կարապետը իրավունք չունի նաև լրատվական միջոցներին հարցազրույց տալ, քանի որ լրատվամիջոցները նույնպես կարող են հարցազրույցները տեղադրել սոցցանցերում։

Իհարկե, կարելի էր սա գրագիտության պակաս կամ զավեշտ համարել, բայց իրականում այս ամենը ընդամենը քաղաքական ճնշումների մի մասն է, որն ունի մեկ նպատակ․ ամուսնուս՝ Կարապետ Պողոսյանին զրկել խոսքի իրավունքից։

Ի սկզբանե, ամենամեծ ճնշումը կալանքն էր, հետո արդեն տնային կալանքը կամ ինչպես բնորոշում է Կարապետը՝ «ընտանեկան կալանքը», քանի որ այդ ընթացքում ընտանիքով էինք ենթարկվում սահմանափակումների»։

Անգին Մալխասյանը նաև դժգոհեց, որ ամուսնու ավտոմեքենան ապօրինի բռնագրավել են ու չեն վերադարձնում։

«Այժմ արհեստական խնդիրներ են ստեղծվում քննիչի և դատախազի կողմից Կարապետի ավտոմեքենան ապօրինի պահելու մասով, սրանով հստակ խոչընդոտվում է նաև տեղաշարժի իրավունքը և անհարմարություններ ստեղծում մեր երեխաների դասապրոցեսի և պարապմունքների կազմակերպման հարցում։

Ասեմ, որ մեքենան բացարձակ կապ չունի քրեական վարույթի հետ, որպես իրեղեն ապացույց ճանաչված չէ և պահվում է ապօրինի։

Փաստաբանների գրություններին պատասխանելով՝ քննիչը և դատախազը փորձում են բարդել դատավորի վրա, դատավորն էլ՝ դատախազի։ Դիմել ենք թե՛ գլխավոր դատախազին և թե՛ ՄԻՊ-ին, բայց ապարդյուն։ Ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին հաղորդում կներկայացվի հանցագործության մասին դատախազի և քննիչի ապօրինությունների մասով»,-ասաց Անգին Մալխասյանը։

Նա նաև ասաց, որ այս պահին Կարապետ Պողոսյանի ինքնազգացողությունը լավ է, սկսել է մարզվել, գիրք գրել։

«Կարապետն այս պահին աշխատում է իր թիմակիցների հետ, իր պայքարն ամբողջովին նույն ծավալով շարունակում է։ Ինչ վերաբերում է խոսքի իրավունքից նրան զրկելուն, այս պահին նա ավարտին է հասցնում կալանքի օրերին գրված առաջին գիրքը՝ բանտային մենախոսությունները։ Այն անվանել է «Բանտախուց համար 6 կամ ճանապարհ դեպի Արցախ»։

Գրքում, բացի Հայաստանում տեղի ունեցածից, լուրջ շեշտադրումներ են արվում հայկական Արցախի և նրա վերազատագրման անհրաժեշտության ու ճանապարհների մասին»։

Հիշեցնենք,  որ նախկին իրավապաշտպանի նկատմամբ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը, այն է՝ «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դադարեցվել էր, քանի որ անձը չէր կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Ընդդիմադիր գործչի կինը՝ Անգին Մալխասյանը, ամուսնուն թմրամիջոցներ, հոգեմետ դեղեր պահելու կամ օգտագործելու մեջ մեղադրելը համարել էր նրան վարկաբեկելու, անունը սևացնելու ու անմեղության կանխավարկածը խախտելու ակնառու փորձ։

2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթով հսկող դատախազի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել էր նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։

Հիշեցնենք նաև, որ նրան ձերբակալել էին հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի ժամանակ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031