Ժնևում կայացել է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում․ հայ կալանավորների ճակատագիրը» խորագրով քննարկում, որի գլխավոր կազմակերպիչը Քրիստոնեական համերաշխության կազմակերպության ժնևյան գրասենյակն էր։
Կազմակերպության ներկայացուցիչ Ջոլ Վելթքեմպը հիշեցրեց՝ մեկ տարի առաջ այս օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը գտնվում էր իր վերջնական փուլում։
Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ոչնչացման և կառավարման համակարգի կազմաքանդման գլխավոր միջոցներից էր անձանց պատանդառումը։ Այս քննարկումը կայանում է, երբ տասնյակ հայեր դեռ պատանդ են պահվում Բաքվում, ընդգծեց Վելթքեմպը
Այս հայտարարությանը համահունչ տեսաէկրանին պատկերվում էին հայ պատանդների լուսանկարները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։
Կարդացեք նաև
Արդարության հասնելու ճանապարհին այս մարդկանց ճակատագիրը պետք է առաջնային լինի, վստահ է Ջոլ Վելթքեմպը։
Քննարկման բանախոսներն էին՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, 2016-ից ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները վավերագրող Հասմիկ Հարությունյանը և միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը։ Հատուկ խոսքով հանդես եկավ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ