«Այն, ինչ արել է այդ խումբը, դա Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերի հիմնասյունից շատ կարեւոր քարեր հանելն է: Իրենք չեն հասկանում, որ Երրորդ Հանրապետության հիմնասյունից այդ քարերը հանելու պատճառն այն է, որ հանրապետության թուլացել է: Միշտ մի բան կա, որ քո ատամները չի բռնի, քո ուժերից բարձր է: Հիմա դուք քանդում եք Երրորդ Հանրապետությունը, այն դեպքում, երբ Երրորդ Հանրապետությունը հիմնվել է՝ Արցախյան եւ Հայաստանի Անկախության հարցը ներառելով իր մեջ»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ կապված Անկախության հռչակագրի հետ:
«Հիմա եթե դուք փորձում եք զրկել Երրորդ Հանրապետությունը իր բուն իմաստից, ոչ թե վատություն եք անում Երրորդ Հանրապետությանը, այլ փաստն եք արձանագրում, որ այն չհաջողեց: Ուրեմն դուք դա չեք քանդի: Ինքնըստինքյան կքանդվի Երրորդ Հանրապետությունը, կգա չորրորդը: Երրորդ Հանրապետությունը ձեզ՝ ձեր թղթերով կխժռի, կշպրտի մի կողմ… Երրորդ Հանրապետությունը ձեւավորել էր հայ ժողովրդի կամքը, իսկ հայ ժողովրդի կամքը փոփոխական չէ, անփոփոխ է… Հայ ժողովուրդը տենչում է, ձգտում է., երազում է իր անկախությանը եւ Արցախի հետ միավորմանը՝ մտքում ունենալով մյուս կորցրած տարածքները վերականգնելը: Ազատ, անկախ, միացյալ Հայաստան…Սա՞ եք ուզում հանել, անհնա՛ր է…»,-հավելեց ռեժիսորը:
Նրա խոսքով. «Երրորդ Հանրապետությունը կփլուզվի, որովհետեւ մենք ունակ չեղանք հասկանալու դա ինչ է, ինչպես վարվեցինք Արցախի հետ, չկարողացանք այդ հողը գնահատել, արժանի չեղանք Արցախին, դրա համար այնտեղից դուրս եկանք: Իսկ այն մարդիկ, որոնք հետո են եկել այնտեղ կամ հավակնում են գալ, ընդհանրապես այդ հողին արժանի չեն, դրա համար այնտեղ չեն ոտավորվելու, որովհետեւ կապ չունեն այդ հողի հետ; Իսկ մենք հետ ենք գնալու, ուղղակի վերաիմաստավորված ենք վերադառնալու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ