Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախ տեսնում ենք, որ կառավարությունները ճանաչում են երիտասարդության խնդիրները, բայց իմաստալից գործողություններ չեն ձեռնարկում. Սոնա Ղազարյան

Հոկտեմբեր 01,2024 16:58

Հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը:

«Մեծարգո’ նախագահ, հարգելի’ գործընկերներ, հարգելի’ հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու ոչ միայն կարեւոր, այլ նաեւ հրատապ մի խնդրի` ժողովրդավարությունների վերակենդանացման գործում երիտասարդության դերին: Երիտասարդները պարզապես մեր ազգերի ապագա առաջնորդները չեն, նրանք այսօր փոփոխությունների շարժիչ ուժն են:

Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք երիտասարդների ակտիվությունը, որոնք միջոցներ են ձեռնարկում` լուծելու այնպիսի հրատապ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մարդու իրավունքները եւ սոցիալական արդարությունը:

Նրանց էներգիան, խանդավառությունը եւ նորարարական ոգին փոխակերպում են մեզ շրջապատող աշխարհը: Այնուամենայնիվ, եթե մենք ցանկանում ենք հնարավորինս ճիշտ օգտագործել այս ներուժը, հարկավոր է երիտասարդներին ապահովել այն բոլոր գործիքներով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական գործընթացին լիարժեք մասնակցելու համար:

Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հետ 4-րդ գագաթնաժողովում ընդունած դիրքորոշման համաձայն` երիտասարդների խնդիրները պետք է հաշվի առնվեն խորհրդի բոլոր քննարկումներում:

Հաշվի առնելով այս հանգամանքը` 2024 թվականի հունիսի 26-ին խորհրդարանական վեհաժողովն ընդունեց 2553 բանաձեւը` իր աշխատանքի շրջանակում երիտասարդության հեռանկարներն ամրապնդելու համար:

Այս բանաձեւը նշանավորվեց անմիջական մասնակցության մեխանիզմների էական առաջընթացի ապահովմամբ` հնարավորություն տալով երիտասարդ եվրոպացիներին եւ այս վեհաժողովի անդամներին միասին քննարկել երիտասարդական քաղաքականությունը:

Ժողովրդավարությունն իրապես վերակենդանացնելու համար մենք պետք է աջակցենք երիտասարդների ներգրավմանն ընտրություններին մասնակցելու, որոշումների կայացման գործընթացների եւ երիտասարդական կազմակերպությունների համար ժողովրդավարական պայմանների ստեղծման միջոցով: Կարեւոր է սերունդների միջեւ երկխոսության հնարավորություններ ընձեռել երիտասարդներին, ապահովել սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների լիարժեք հասանելիություն եւ պահպանել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում:

Սակայն եկեք մի բան հստակեցնենք. մենք չպետք է պարզապես աջակցենք այս գաղափարներին բառերով: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ կառավարությունները ճանաչում են երիտասարդության խնդիրները, բայց իմաստալից գործողություններ չեն ձեռնարկում: Այս «բանավոր համաձայնությունը» քայքայում է վստահությունը, խորացնում հիասթափության զգացումը եւ ողբերգականորեն հանգեցնում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների ավելացմանը: Նրանք տեսնում են քաղաքական համակարգ, որն ի վիճակի չէ լուծելու իրենց խնդիրները, եւ շատերն իրենց հերթին ընդհանրապես հրաժարվում են ավանդական քաղաքական գործընթացներից:

Իրոք, ուսումնասիրությունները պարբերաբար ցույց են տալիս կտրուկ տարբերություն, թե ինչպես են երիտասարդ եւ ավագ սերունդներն ընկալում ու մասնակցում քաղաքականությանը: Երիտասարդները հաճախ իրենց մեկուսացած են զգում ավանդական քաղաքական կառույցներից` համարելով, որ քաղաքական գործիչները կապ չունեն իրենց կարիքների հետ:

Ուսումնասիրությունները (ինչպիսիք են` եվրոպական երիտասարդ հետազոտողների խմբի կատարած ուսումնասիրությունները) ընդգծում են, որ ավելի կրթված եւ արտոնյալ ծագում ունեցող մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, ավելի հավանական է, որ քաղաքականապես ակտիվ կլինեն:

Միեւնույն ժամանակ, նրանք, ովքեր բախվում են տնտեսական դժվարությունների, աշխարհագրական մեկուսացման կամ այլ խոչընդոտների, ավելի քիչ են ներգրավված:

Սա մեզ բերում է առանցքային խնդրի` տնտեսական անհավասարության: 2024 թվականի հունվարին այս վեհաժողովում առաջարկություն ներկայացվեց` ուղղված տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում երիտասարդության մասնակցությանը: Եվրոբարոմետրի հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդ եվրոպացիների միայն 33 տոկոսն է իրեն բավարարված զգում իրենց կառավարությունների կողմից կյանքի բարձր գնի դեմ պայքարելու միջոցներից:

Աճող ծախսերը, հատկապես բնակարանային եւ էներգետիկ ծախսերը, անհամաչափորեն ազդում են երիտասարդների վրա: Եթե մենք չլուծենք տնտեսական անհավասարության խնդիրը, մենք ռիսկի ենք դիմում երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու առումով, որոնք չեն լինի ոչ բազմազան, ոչ էլ ներկայացուցչական, ինչը երիտասարդներին ավելի կհեռացնի քաղաքական կյանքից:

Այնուամենայնիվ, հույս կա: 2022 թվականին լրացավ Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակը, ինչը նշվեց «Ժողովրդավարությունն այստեղ. ժողովրդավարությունը հիմա» քարոզարշավով: Այս նախաձեռնությունը համախմբել է երիտասարդության ներկայացուցիչների աշխարհի 45 երկրներից` նպատակ ունենալով կամրջել երիտասարդների եւ ժողովրդավարական ինստիտուտների միջեւ առկա բացը:

Երիտասարդների հզորացման ամենակարեւոր գործիքներից մեկը կրթության հասանելիությունն է: Կրթությունն ապահովում է գիտելիքներ, քննադատական մտածողության հմտություններ եւ վստահություն, որոնք անհրաժեշտ են հնացած համակարգերին մարտահրավեր նետելու, նոր լուծումներ ստեղծելու եւ ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման գործում առաջնորդի դեր ստանձնելու համար:

Այնուամենայնիվ, կրթության խոչընդոտները պահպանվում են. տնտեսական դժվարությունները, աշխարհագրական մեկուսացումը եւ անհավասար հնարավորությունները շարունակում են խանգարել շատ երիտասարդների` իրացնելու իրենց ամբողջ ներուժը: Որպես խորհրդարանականներ՝ մեր պարտականությունն է վերացնել այդ պատնեշները: Մենք պետք է ստեղծենք միջավայրեր, որտեղ բոլոր երիտասարդները, անկախ իրենց ծագումից, կարող են բարգավաճել: Միայն դրա իրականացման շնորհիվ մենք կարող ենք ապահովել, որ երիտասարդությունն ակտիվ եւ կենսական դերակատարում ունենա ժողովրդավարության աշխուժացման գործում»,- նշել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031