Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հռիփսիմե Գրիգորյան

Հոկտեմբեր 01,2024 16:50

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Մեծարգո՛ նախագահող,

Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել:

Այսօր, սակայն, ես ուզում եմ կիսվել ավելի դրական հեռանկարով, թե ինչի կարող ենք հասնել՝ գործելով համարձակ եւ միասնական: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու եւ ստորագրելու համար: Մեկ ամիս առաջ երկու երկրները ստորագրեցին պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը երկու պետությունների միջեւ առաջին իրավական երկկողմ փաստաթուղթն է: Ավելին, փաստաթղթում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են որպես սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք սահմանել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Սա նշանակում է, որ երկու երկրները դե յուրե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող սահմաններով: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:

Այժմ հաջորդ քայլը, ի վերջո, Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Փոխարենը Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչը հիմնավորապես սխալ է: Բացի այդ, կան երկու վճռական փաստարկներ, որոնք անտեղի են դարձնում Ադրբեջանի պնդումը: Նախ՝ համաձայնագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթը, որով «Կողմերից որեւէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագիրը չկատարելու համար»: Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, այն է՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ ստորագրված փաստաթուղթը համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը: Հետեւաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլեւս խոչընդոտներ չպետք է լինեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Տասնամյակների թշնամությունից հետո խաղաղության գնալը չափազանց բարդ է: Հայաստանը պատրաստ է խաղաղության: Որպես միջազգային հանրություն, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ՝ մենք պետք է վստահ լինենք, որ անում ենք ամենը մեր հնարավորությունների, բայց նաեւ պարտականությունների շրջանակում, այն է՝ «օգնել» Ադրբեջանին հաղթահարել քաղաքական կամքի բացակայությունը եւ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի ժողովուրդներին ապրել խաղաղ, արժանապատիվ, կայուն եւ բարգավաճ: Իմ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ դրանից դուրս ներուժի իրացմանը, Արեւելքն Արեւմուտքին միացնելուն եւ Միջին միջանցքի ամրապնդմանը:

Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Խաղաղությունն է լեզուն, որը հասկանալի է բոլորին: Հետեւաբար, թող յուրաքանչյուր ղեկավարի եւ յուրաքանչյուր որոշում կայացնողի աշխարհընկալումը լինի խաղաղությունը»,- ասել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031