ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը։ Ըստ նրա՝ ՍԴ-ն այս որոշմամբ քողարկում է այն զիջումները, որոնք հնարավոր է, որ առաջիկայում ներկայացվեն Հայաստանին։
«Սահմանադրական դատարանը կատարել է մի կարեւոր եզրակացություն, որը ես դրական եմ համարում։ Այն է, որ Սահմանադրության նախաբանը՝ որպես անփոփոխելի հոդված, որեւէ մեկը չի կարող փոփոխության ենթարկել։ Այդ թվում՝ նաեւ ժողովուրդը, որն ընդունել է։ Բայց երբ ինքը փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը եւ փորձել մեկնաբանել, թե այն, ինչն իրացված չէ Սահմանադրության մեջ, հետեւաբար, չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա նպատակ ունի քողարկել այն գործընթացները, որոնք ապագայում հնարավոր է ձեւակերպվեն «խաղաղության պայմանագրի» անվան կամ այլ փաստաթղթի տակ։ «Դա վերաբերում է ամեն ինչին, քողարկված ձեւով է իրականացվում, որ հետագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձեն ներկայացնել, որ տեսեք՝ ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,- նշեց նա։
Մինասյանի խոսքով՝ ՍԴ-ն չի անդրադարձել մի կարեւոր հարցի։ Նշվում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում։ Հետեւաբար, եթե ՍԴ-ն հետեւողական լիներ, պետք է ասեր՝ այս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման, որովհետեւ Ազգային ժողովն իրավասու չէ նման լիազորություն վերապահել գործադիր իշխանությանը։ «Եվ հաշվի առնելով նախադեպը, որը մենք ունենք թե Կիրանցի պարագայում, թե Շուռնուխի, թե այլ տարածքների պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը փաստացի հանձնել են ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները, նշանակում է այս կանոնակարգը պետք է անպայման անցնի հանրաքվեի ճանապարհով։ Պառլամենտն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնել, եթե այս փաստաթուղթը մնում է, պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանության ուզուրպացիայի եւս մեկ օրինակ է դառնալու»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե Սահմանադրությունը հակասի Բաքվի հետ ստորագրվելիք պայմանագրին, ապա ՀՀ Սահմանադրությունը կփոփոխվի, Մինասյանն ասաց․ «Սա ոչ միայն խայտառակություն է, այլ միջազգային մակարդակում արժանապատվության նսեմացման բարձրագույն կետ է»։
«ՍԴ-ն փորձում է բավարարել բոլոր կողմերին՝ ստորադասելով հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը։ Արդյոք սա կարո՞ղ է դիտվել որպես քայլ, որն անվերադարձ կամ անդառնալի կորուստ է բերելու Հայաստանին, իմ խորին համոզմամբ, ոչ։ Իշխանափոխությունից հետո այս ամենն իր գնահատականը ստանալու է, այդ թվում՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում։ Եվ բոլորը կանգնելու են արդարադատության առաջ։ Սրանք Քրեական օրենսգրքով պաշտպանվող պետական, հանրային, ազգային շահերի ոտնահարմանն ուղղված քայլեր են։ Իշխանափոխությունից հետո, երբ քրեական վարույթներ կնախաձեռնվեն, այդ բոլոր գործերը մեկ առ մեկ կքննվեն»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ