Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի անկումը. մեկ տարի անց. «ԱՊՐԻ Արմենիա»

Հոկտեմբեր 01,2024 15:22

ԱՊՐԻ Արմենիա. 2024 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ.

2023 թվականի սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիևն իննամսյա շրջափակումից հետո ադրբեջանական զորքերը մտցրեց Արցախ։ Բնակչության զանգվածային արտագաղթի արագությունն ու ծավալները տարածաշրջանի պատմության մեջ աղետալի մի նոր էջ բացեցին՝ հայերի մոտ ողբերգական զգացողության դեժավյու առաջացնելով։

2024 թվականի սեպտեմբերին լրանում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մեկ տարին, Հայաստան Ադրբեջանի ամենամահաբեր ներխուժման երկու տարին և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի չորս տարին։

Սույն վերլուծության մեջ ԱՊՐԻ Արմենիան անդրադառնում է անցած տարվա իրադարձություններին և Հայաստանի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանն ուղղված դրանց հետևանքներին: Այն «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» ներկայիս անորոշությունից դուրս գալու ուղիներ է առաջարկում։

Ներկայիս իրավիճակը

Այսօրվա դրությամբ իրավիճակը մնում է չկարգավորված։ Միջազգային հանրության շրջանում շատերն ակնկալում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծումը ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հաստատման համար, սակայն ապացուցվեց, որ այդ ակնկալիքը սխալ էր: Չնայած խաղաղության շուրջ բանակցություններում կառուցողականորեն ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությանը՝ Ադրբեջանն ամբողջ տարվա ընթացքում շարունակում էր նոր նախապայմաններ առաջ քաշել՝ մշտապես փոխելով ցանկացած իրական խաղաղության համաձայնագրի հասնելու ուղենիշները:

2024 թվականի սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանը ներկայացրել է ութ պահանջ, որոնցից երկուսը Բաքվից ներկայացվել են որպես խաղաղության ցանկացած համաձայնագրի ստորագրման նախապայման՝

  • Հայաստանի տարածքով միջանցք դեպի Նախիջևան, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը թույլ կտա առանց Հայաստանի կողմից վերահսկողության իրականացնել մարդկանց և ապրանքների փոխադրում:
  • Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձ ժամանակակից Հայաստան:
  • Սահմանազատում և սահմանագծում երկու երկրների միջև՝ առանց Ադրբեջանի կողմից 2021 և 2022 թվականներին օկուպացված տարածքների վերադարձի պահանջի:
  • «Ադրբեջանական անկլավների» վերադարձ, ներառյալ՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն և վերին Ոսկեպարը:
  • ՀՀ Զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ, ներառյալ՝ անձնակազմի և տարբեր զինատեսակների նկատմամբ։
  • Այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» ճանաչումը որպես ցեղասպանության ակտ (որպես պահանջ ներկայացվել է 2024 թվականին):
  • Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի լուծարում (ներկայացվել է 2024 թվականին՝ որպես պարտադիր պայման):
  • Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ, որոնք բացառում են հղումները 1990 թվականի Անկախության հռչակագրին և ազգային այլ օրենքներին (Բաքվի կողմից համարվում է երկրորդ և, ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր նախապայմանը):

2023 թվականի սեպտեմբերից ի վեր որևէ լուրջ ռազմական էսկալացիա չի եղել։ Հայաստանն իր գործընկերների աջակցությամբ ստեղծել է զսպման նուրբ հավասարակշռություն։ Հայաստանում Եվրոպական առաքելության (EUMA) գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նպաստել է այս հավասարակշռության հաստատմանը, ինչպես նաև Իրանի պաշտոնյաների կողմից (այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի) բազմիցս կրկնվող հայտարարությունները, համաձայն որոնց Իրանը չի հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն։ Բացի այդ, Հայաստանը նոր գործընկերներ է գտել Հնդկաստանում և Ֆրանսիայում, որոնք կամրապնդեն իր ռազմական կարողություններն ու ներուժը և երկարաժամկետ հեռանկարում կօգնեն զսպել Ադրբեջանին: Ակտիվ ռազմական էսկալացիայի զսպմանը հնարավոր է նպաստել է նաև 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ուժի սպառնալիքի ներքո Երևանի կողմից Տավուշի մարզի գյուղերի զիջումը։

2023 թվականի դեկտեմբերի երկկողմ հայտարարությունը հնարավորություն ընձեռեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների (մինչդեռ 23-ը մնում են գերության մեջ) և Բաքուն դարձրեց 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացման վայր։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովները շարունակում են իրենց աշխատանքը նաև 2024 թվականին: Բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել ներկայիս խաղաղության համաձայնագիրը կազմող 17 հոդվածներից 13-ի շուրջ, իսկ մնացած երեքի վերաբերյալ մասնակի համաձայնություն է ձեռք բերվել։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ համաձայնագրի շուրջ աշխատանքներն 80 տոկոսով ավարտվել են։

2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքը հատած Լեռնային Ղարաբաղի 100,632 հայերից 10,308-ը հունիս ամսվա դրությամբ լքել են Հայաստանը։ Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչներն այդ թիվը մոտ քսան հազար են գնահատում։ Հաղորդվում է, որ Հայաստանում մնացածներից շատերը բախվում են սոցիալական և տնտեսական լուրջ խնդիրների: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը լրացուցիչ դժվարություններ և անորոշություններ է ստեղծել, որոնք էլ ավելի են սրվել Արցախի՝ այժմ Հայաստանում բնակվող պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարությունների բացակայության, ինչպես նաև Հայաստանի կառավարության՝ դրա հետևանքների վերաբերյալ լռության պատճառով: Տավուշի գյուղերի զիջումը, որը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև 12,6 կիլոմետր երկարությամբ սահմանի վերասահմանմանը, նույնպես պատճառ դարձավ կարճատև հանրային անկարգությունների, որոնք վկայում էին հայ ժողովրդի որոշակի դժգոհության և քաղաքացիական անհամաձայնության մասին:

Հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության և Միացյալ Նահանգների ներգրավվածության մեջ պարադոքս է առաջացել: Եթե ԵՄ-ը և ԱՄՆ-ն ի սկզբանե ակտիվ դերակատարություն են ունեցել որպես միջնորդներ, ապա դա չի հանգեցրել ակնկալվող արդյունքների: Ալիևը դուրս է եկել բրյուսելյան ձևաչափից և ցուցադրական դիվանագիտություն է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ։ Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվել ուժի կիրառման և նրա կողմից իրականացված էթնիկ զտումների համար: Չի դատապարտվել նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը և ԵՄ-ը շարունակում են ավելի սերտ համագործակցել Հայաստանի հետ։ Դիվանագիտական երկխոսությունն ընթանում է ամբողջ ուժով. նոր գործընկերության օրակարգ ԵՄ-ի և Հայաստանի միջև և նոր ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման հանձնառություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: ԱՄՆ-ն և ԵՄ-ն նաև մարդասիրական օգնություն են տրամադրել Հայաստանին՝ փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականը նաև կարևոր լակմուսի թուղթ է դարձել Արևմուտքի և Ռուսաստանի համար՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ իրենց դիվանագիտական ջանքերի արդյունավետությունը սահմանելու հարցում:

Արդյո՞ք համաձայնություն ձեռք կբերվի

Շրջանակային համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2024 թվականի նոյեմբերը՝ COP29-ի 29-րդ նստաշրջանից առաջ կամ դրա ընթացքում՝ հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի ակնկալիքները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բարձրագոչ խրախուսանք-հորդորները՝ մինչև նոյեմբեր գործարքն ավարտին հասցնելու վերաբերյալ: Կարևոր է նշել, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր, ինչի մասին վկայում են Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները: Շրջանակային համաձայնագիրը, որպես կանոն, ներառում է չհարձակման և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի մասին ընդհանուր հայտարարություններ՝ ապագա բանակցություններին թողնելով առանցքային որոշ հարցեր, ինչպիսիք են՝ հաղորդակցության վերականգնումը և սահմանների սահմանազատումը։

Մյուսները, այդ թվում՝ ԱՊՐԻ Արմենիայի հետազոտողները, վստահ չեն, որ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչև COP29-ը: Ադրբեջանը հաստատակամ է, որ ոչինչ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունն ու մյուս օրենքները և չի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. այս դիրքորոշումը նախագահ Ալիևը վերահաստատել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ: Հայաստանի կառավարությունը բացատրել է, որ այս սահմանադրական փոփոխությունները ներքաղաքական պատշաճ ժողովրդավարական գործընթաց պահանջող հարցեր են և չեն կարող ավարտին հասնել նախքան 2027 թվականը։

Ամեն դեպքում, շրջանակային համաձայնագրի երկարաժամկետ կայունացնող ազդեցությունը դեռ պետք է որոշվի, քանի որ նման համաձայնագրերը, որպես կանոն, չեն լուծում հակամարտության հիմքում ընկած հիմնական խնդիրները, այլ միայն հետաձգում են դրանց լուծումը և տեղ են թողնում հետագա ռազմատենչ մանևրների համար:

Ներկայիս «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը վախեցնող է՝ հարցեր առաջացնելով այն մասին, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի Վրաստանում և ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին, և, արդյո՞ք, կամ իրականում ե՞րբ կփորձարկի կարմիր գծերը՝ կիրառելով ռազմական միջոցներ իր քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ինչպես 2024 թվականի գարնանը, Ադրբեջանը կարող է կրկին պահանջել «վերադարձնել ադրբեջանական անկլավները»՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն ու Վերին Ոսկեպարը՝ պնդելով, որ իր նախագահի համբերությունը հասել է սահմանագծին՝ սպառնալով նոր ռազմական հարձակմամբ։ Մեկ այլ տարբերակ․ եթե Հայաստանի ներկայիս զսպման կոնֆիգուրացիան ձախողվի, այն կարող է դառնալ ռազմական հարձակման մեկնարկ դեպի Հայաստանի Վայոց ձորի կամ Սյունիքի մարզեր։ Բաքուն կարող է օգտագործել իր զբաղեցրած ռազմավարական դիրքերը՝ հարձակում սկսելու հարավային Հայաստանի վրա՝ երկիրը կտրելով Իրանի հետ սահմանից և ցամաքային կապ ստեղծելով Ադրբեջանի Նախիջևան էքսկլավի հետ։ Հաջողության դեպքում Ադրբեջանը կարող է ստիպել Հայաստանին ստորագրել համաձայնագիր՝ ընդունելով միջանցքի ստեղծման իր պահանջները՝ կա՛մ արտատարածքային, կա՛մ Ռուսաստանի վերահսկողության ներքո, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ՝ օգտագործելով իր կողմից գրաված տարածքները:

Քանի որ Ադրբեջանը բախվում է ջրի սակավության աճող խնդրի հետ, հնարավոր են նաև Գեղարքունիքի մարզի խորքերը ներթափանցելու փորձեր՝ հասնելու Սևանա լճի ափերին և ստիպելու Հայաստանին ընդունել իր ջրերի համատեղ օգտագործումը։ Կարևոր է նշել, որ այս սցենարները ներառում են նաև երկրորդական ազդեցության ռիսկ, որը, հնարավոր է, կապված լինի Իրանի և Թուրքիայի ներգրավման հետ:

Որո՞նք կարող են լինել մեր հետագա քայլերը

Շատ օգտակար կլիներ ընդլայնել Հայաստանի ռազմավարական կապը հանրության հետ խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Իր կայունությունն ապահովելու և հանրային աջակցությունը մոբիլիզացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը պետք է ուժեղացնի ռազմավարական և հրապարակային ուղերձները հայերին՝ հստակ ուրվագծելով խաղաղ գործընթացի վերաբերյալ իր ակնկալիքներն ու ընդհանուր տեսլականը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղից ռազմագերիների և հայ փախստականների ճակատագիրը:

Հայաստանը կարող է նաև ավելի բաց հայտարարել այն ռիսկի մասին, որն ակտիվ հակամարտությունը կարող է առաջացնել տարածաշրջանի տարանցիկ ներուժի համար, ներառյալ՝ այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Միջին միջանցքը, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և Հարավային գազային միջանցքը: Դրանով Հայաստանը կարող է համախմբել այս նախագծերում ներդրումներ կատարած գործընկերներին՝ միջամտելու և Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը զսպելու նպատակով:

Հայաստանն ակտիվացրել է իր արտաքին քաղաքական ջանքերը՝ ավելի ու ավելի ակտիվ փոխգործակցելով Հնդկաստանի, Ֆրանսիայի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC), ԵՄ-ի և Իրանի հետ դիվանագիտական, տնտեսական և անվտանգության հարցերով երկխոսություններում: Խաղաղ բանակցությունների ընթացքում Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել դիվանագիտական իր հարաբերությունները՝ ամրապնդելով առկա հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է շարունակի արագացնել իր պաշտպանական բարեփոխումները և գործընկերային հարաբերություններ հաստատի անվտանգության ոլորտում։

Տարածաշրջանային խաղաղության մեջ ներդրումներ կատարած գործընկերները պետք է իրենց խոսքերը վերածեն գործողությունների՝ հանուն Հարավային Կովկասում իրենց դիվանագիտական վստահության և ազդեցության: 2023 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատարի հայտարարությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ և 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում զարգացումների վերաբերյալ մնացին զուտ խոսքեր։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է դուրս գան հռետորաբանության շրջանակներից և կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ ի պատասխան ռազմական էսկալացիայի։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հարավային Հայաստանի վրա կախված բարձր ռիսկը, զարգացման այնպիսի նախագծեր, ինչպիսին է «ԵՄ-ը՝ Վայոց Ձորի համար» (EU4VayotsDzor) ստեղծումը, որը նման է գոյություն ունեցող «ԵՄ-ը՝ Սյունիքի համար» (EU4Syunik) նախագծին, կարող են խորհրդանշական ազդեցություն ունենալ:

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031