Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 01,2024 14:08

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի կիսանդրու բացման արարողությունը:

Թանգարանի Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված ցուցադրության մեջ տեղ գտած եզդի աշխարհազորայինների մասին պատմող ցուցահամալիրն այսօր հարստացել է նաև զորահրամանատար Ջահանգիր աղային վերաբերող նյութերով ու արխիվային փաստաթղթերով։

Կիսանդրու բացմանը հաջորդել է հոբելյանական հանդիսությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, Ջահանգիր աղայի ժառանգները և բազմաթիվ հյուրեր։

Միջոցառումն իրականացվել է Վաքիլ Խատոևի և Ջահանգիր աղայի հետնորդների աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ խորհրդանշական է Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը անցկացնել Հայաստանի «Սարդարապատ» ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում, որտեղ ժամեր առաջ տեղադրվել է նաև զորահրամանատարի կիսանդրին:

«Եղբայրական եզդի ժողովուրդը կանգնած է եղել Հայաստանի պետականության ակունքներում և հայ ժողովրդի հետ միասին հերոսաբար պայքար է մղել: Ջահանգիր աղան, իրավամբ, եղել է այդ պայքարի խորհրդանիշներից մեկը. նրա հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է: Միևնույն ժամանակ հատկանշական է, և պահվող վավերագրերը վկայում են, որ Ջահանգիր աղան հայ հոգևոր և աշխարհիկ ինտելեկտուալ շրջանակների հետ միասին ներգրավված է եղել նաև կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում: Կիսելով հայ ժողովրդի բռնադատված էլիտայի ներկայացուցիչների ճակատագիրը՝ նա էլ խորհրդային տարիներին բռնադատվում է և իր մահկանացուն կնքում 1938 թվականին Սարատովի բանտերում, այնուհետ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացվում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նաև փաստել է, որ ազգային փոքրամասնությունների խնդիրները մշտապես եղել են մեր պետության ուշադրության և հոգածության ներքո․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը: Վերջերս վարչապետի մարզային այցերից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էինք, որտեղ միաժամանակ կառուցվում էին մանկապարտեզ, մարզադպրոց, համայնքային կենտրոն։ Եվ սա ցույց է տալիս այն մեծ ուշադրությունը, որ Կառավարությունը շարունակաբար ցուցաբերում է, աջակցում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, որակյալ կրթական և մշակութային կյանքի ստեղծմանը։ Այս քաղաքականությունը շարունակում ենք պետական բյուջեի միջոցներով` ամեն տարի հրատարակելով, վերահրատարակելով եզդիերենի դասագրքեր: Տարեցտարի ընդլայնվում է նաև եզդիերենի դասավանդման դպրոցների թիվը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մենք ունենք նաև կամավոր ատեստավորված եզդիերենի ուսուցիչներ, որոնք ստանում են արդեն իսկ բարձր վարձատրություն և իրենցով ճանապարհ բացում եզդիերենի ուսուցիչների նոր խմբի համար։ Պետք է նշեմ, որ այս պահին էլ քննարկվում է եզդիերենի ուսուցման ամբիոնի բացման հարցը։

Պետական ֆինանսավորմամբ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում՝ եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» թերթերին: ՀՀ–ում նշվում են ազգային փոքրամասնությունների ավանդական տոները: Կարծում եմ, որ մեր մեծագույն նվաճումներից է, որ հանրակրթության պետական չափորոշչում մենք պարտադիր ծրագրում ներառել ենք նաև ազգային փոքրամասնությունների ծեսերի, տոների, ավանդույթների վերաբերյալ գիտելիք, որը պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս քաղաքականությունը շարունակաբար ընդլայնվելու և խորանալու է։

Նշենք, որ եզդի զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզի եզդիաբնակ համայնքներում գործունեություն ծավալող պարի խմբեր ու անհատ վոկալ կատարողներ։

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031