Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք արցախցիների հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 01,2024 13:58

ԱԺ հերթական նստաշրջանում քննարկվում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ ընդդիմադիր խմբակցություններինն է։

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի անդամներից 11-ը լինելու են ՔՊ խմբակցության, 5-ը՝ «Հայաստան», մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներ։ Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, իսկ փոխնախագահը լինելու է ՔՊ ներկայացուցիչ։

«Ուզում եմ հիշեցնել, որ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը եւ իրականացվող ծրագրերի միջեւ անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։ Նպատակն ամբողջովին տեղավորվում է սոցիալ-տնտեսական, իրավական հարթության մեջ։ Եվ գլխավոր ուղղվածությունը մեր հայրենակիցների համար ՀՀ-ում բնակարանային, սոցիալական, կրթական, մշակութային եւ մարդու հիմնական իրավունքներից բխող կենսագործունեության համար անհրաժեշտ մնացյալ իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրերի, դրանց համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց՝ հայտնի է, որ բազմաթիվ ծրագրեր հայտարարված են, իրականացվում են, բայց նաեւ կան բազմաթիվ փաստեր, դիմումներ ու բողոքներ, որ կա անհամապատասխանություն կարիքների գնահատման եւ իրականացվող ծրագրերի միջեւ։ Հետեւաբար, հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լինի նաեւ գործադիր իշխանության հետ աշխատանքի միջոցով հասնել այդ խնդիրների լիարժեք վերհանմանը, լուծմանը եւ արցախցիների սոցիալական ինտեգրմանը ՀՀ-ում, ինչը նաեւ էականորեն նպաստելու է արտագաղթի կասեցմանը։

Երկրորդ գործառույթը, որը պետք է իրականացնի այդ հանձնաժողովը, տեղեկատվության ապահովումն է, քանի որ իրականացվող շատ ծրագրերի մասին հանրությունը տեղեկություն չունի։ «Եվ երրորդ խնդիրը՝ ԱԺ-ում ստեղծվում է մի հարթակ, որտեղ Արցախի մեր հայրենակիցները կկարողանան իրենց հուզող հարցերը բարձրաձայնել եւ ընթացքավորել արդեն հանձնաժողովի միջոցով»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց նպատակն է այս հարցը չտեղափոխել իշխանություն-ընդդիմություն առճակատումների դաշտ, այլ պետք է փորձել հասնել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման լավագույն լուծումներին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031