Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը:
Ալավերդի համայնքի ավագանու կողմից ներկայացված նախաձեռնությամբ Կառավարությանն առաջարկվել է Սանահին թաղամասը, որ 1967 թվականին ներառված է եղել Ալավերդի քաղաքային, ավանային տիրույթում, իսկ 1996 թվականից՝ որպես Ալավերդի համայնքի թաղամաս, առանձնացնել եւ որպես առանձին գյուղ, ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Սանահինը ՀՀ մեր պատմական թերեւս ամենահին բնակավայրերից մեկն է: Սանահինի վանական համալիրը Հաղպատի վանական համալիրի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների գրանցամատյանում: Մենք համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով՝ որպես պատմամշակութային ինքնուրույն բնակավայր, այն ավելի արագ եւ արդյունավետ զարգացում կապրի»,- ասել է Վաչե Տերտերյանը: Վարչական առումով էլ, ըստ փոխնախարարի, Սանահինն աշխարհագրորեն Ալավերդի քաղաքից որոշակիորեն առանձնացվածություն ունի եւ, վարչական ղեկավարի ու օպերատորի սահմանված հաստիքներ ունենալու պարագայում, կկարողանան ապահովել էլեկտրոնային կառավարման համակարգ:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կարեւորել է Սանահինին առանձին գյուղական բնակավայրի կարգավիճակ տալու հարցը:
ԱԺ