Ղրղըզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովն առաջարկում է միասնական հարթակ ստեղծել՝ ԵԱՏՄ երկրներում բժշկական զննության արդյունքների փոխադարձ ճանաչման համար․ իր առաջարկը նա հնչեցրեց այսօր Երեւանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Բանախոսի խոսքով՝ դա էապես կնվազեցնի միգրանտների ֆինանսական և ժամանակային ծախսերը, որոնք ստիպված են կրկնակի անցնել նման ընթացակարգեր ժամանման երկրում:
Ակիլբեկ Ժապարովն առաջարկել է նաև օգտագործել «Ճամփորդիր առանց Covid-19» բջջային հավելվածի հաջողված փորձը, որն ապացուցել է, որ թվային լուծումների միջոցով հնարավոր է ապահովել բժշկական տվյալների հավաստիությունը, կանխել դրանց կեղծումը և արագացնել ստուգման գործընթացը: Առաջարկի հեղինակի համոզմամբ, միասնական հարթակում վստահելի բժշկական կազմակերպությունները կկարողանան ներբեռնել հետազոտությունների արդյունքները, որոնք հասանելի կլինեն այլ երկրների պետական մարմինների համար։
Կարդացեք նաև
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն էլ իր ելույթում մեջբերեց իր երկրի նախագահին․ նա հայտարարել էր, որ թվայնացումը պետք է ինտեգրման արդյունավետ գործիք դառնա, այլ ոչ թե փոխարինի ինտեգրացիոն գործընթացներին։ Նրա գնահատմամբ, ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների ներդրման, ինչպես նաեւ արդեն ներդրված ընդհանուր գործընթացներին պետությունների միացման տեմպերը չեն համապատասխանում նախկինում հայտարարված ծրագրերին․ «Ներդրված 39 գործընթացներից անդամ պետությունները միացված են միայն 21-ին, ընդ որում՝ տեղեկատվական փոխանակումն իրականացվում է միայն 18-ի վերաբերյալ»։
Միությունում միասնական թվային փաստաթղթերի ներդրումը՝ բեռների տեղափոխման եւ դրանց միջանցիկ հետեւելու համար, Բելառուսի վարչապետը համարում է միության թվայնացման օրակարգի կիրառման ամենահաջողված օրինակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ