Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին». Արմեն Գևորգյան

Հոկտեմբեր 01,2024 13:25

Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ում հրապարակված ելույթը 2024 սեպտեմբերի 30-ին Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ

Պարո’ն Նախագահ,

Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։

Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում «խաղաղության գործընթաց», որտեղ հայկական կողմը փորձում է ամեն գնով խաղաղության համաձայնագիր կնքել, մինչդեռ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում։ Այս գործընթացում ուժային հիմնական կենտրոններն ակտիվորեն հետապնդում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ։ Այս պայմաններում Ադրբեջանը հեռացրել է բոլոր լուրջ միջնորդներին, այժմ էլ փորձում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի չեղյալ համարի ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը։ Միջազգային համայնքի, այդ թվում՝ մեր կազմակերպության անգործությունը միայն խրախուսում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը։ Մինչ մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, հույս ունի հասնել խաղաղության, Ադրբեջանը շարունակում է ռազմականացումը՝ ռազմական օբյեկտները մոտեցնելով Հայաստանի միջազգային սահմանին և երբեք չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը՝ այժմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Արդյունքում իսկական խաղաղությունը փոխարինվում է ցանկալիի պատրանքով։

Գործընկերնե’ր,

Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին»։ Բանակցային գործընթացի հիմքում բացակայում է բոլոր նախապայմաններից ամենահիմնարարը՝ միմյանց գոյության իրավունքի ճանաչումը։ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը հետամուտ է հայկական հարցի «վերջնական լուծմանը»՝ հետապնդելով տեղում թյուրքական աշխարհի ֆիզիկական միավորման և հայկական տարածքի ու դրա վրա ապրող հայերի թվի կրճատման երկակի նպատակ։

Պարոն Նախագահ,

Համոզված եմ, որ Եվրոպայի համար նույնքան կարևոր է, որ խաղաղության կողմնակից Հայաստանը նույնպես կարողանա խուսափել թյուրքական «խաղաղության թակարդից» և շարունակի ամուր դիմակայել գոյաբանական մարտահրավերներին: Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։ Մենք պետք է առաջնահերթություն տանք ոչ միայն արդարացի և լեգիտիմ խաղաղության համաձայնագրին, այլև այնպիսի մեխանիզմների որոնմանը, որոնք կապահովեն համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացումը։ Մեր կազմակերպությունը պետք է որոշի՝ արդյոք ցանկանո՞ւմ ենք որևէ էական դեր խաղալ այս գործընթացում, և որդեգրի «կարմիր գծերի» վրա հիմնված որոշակի քաղաքականություն, թե՞ պարզապես շարունակում ենք Ադրբեջանի հետ կեղծ ողջամտության քաղաքականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031