«Մենք կատարել ենք մեր վերահսկողական գործառույթը, այդ մասին խոսել այս պահին նպատակահարմար չեմ համարում։ Համենայնդեպս՝ մենք գտնվում ենք մեր տեղում եւ կատարում ենք մեզ վերապահված գործառույթները»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Գրիգոր Մինասյանին պաշտոնից հեռացնելու նպատակով։
Արփի Դավոյանն ասաց, որ մտահոգությունները մեկ կամ երկու օրում չեն ի հայտ եկել։
Հարցին, թե իրենց կարծիքով՝ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է քաղաքական թիմի անդա՞մ զբաղեցնի, Արփի Դավոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարեւոր պաշտոն է, եւ այնտեղ գտնվող մարդը պիտի քաղաքական թիմից լինի»։
Կարդացեք նաև
Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառները հանրությունից թաքցվում են, Դավոյանը պատասխանեց․ «Ոչ, չասել դա դեռ չի նշանակում պատճառները թաքցնել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ