ԵԱՏՄ-ն կայացել է եւ հաջող աշխատում է․ այսօր Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջինը. «Միությունը բոլոր հնարավորություններն ունի դառնալու ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը»։
Միաժամանակ, ըստ ՌԴ վարչապետի, դա մեծապես կախված կլինի նրանից, թե որքա՞ն հնարավոր կլինի իրացնել ԵԱՏՄ-ի ներուժը, ներառյալ թվայնացման գործընթացների զարգացումը եւ օգտագործումը:
Իսկ թվային օրակարգը կազմակերպության առաջնահերթություններից է, զարգացման ուղղություններից մեկը, տվյալների հուսալի փոխանցում ապահովելու հարթակի ստեղծումը եւս օրակարգային է․ այս մասին խոսեցին ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր վարչապետները։ Միխայիլ Միշուստինը հայտարարեց, որ ապագայում միության թվայնացված համակարգին կկարողանան միանալ այլ բարեկամ պետություններ եւ այսպիսով, բիզնես գործընկերները կկարողանան տեղեկատվություն փոխանակել լոգիստիկայի վերաբերյալ: Ներկայումս, ըստ նրա, կատարելագործվում են էլեկտրոնային ստորագրությունների ճանաչման մեխանիզմները։
Կարդացեք նաև
ՌԴ վարչապետը անհրաժեշտ է համարում միաժամանակ ապահովել տեխնոլոգիական անկախությունը, համակարգային խնդիրները լուծել համատեղ ջանքերով և հենվել սեփական զարգացումների վրա։ Նրա խոսքով, թվային ինքնիշխանությունից հրաժարվելը եւ առավել եւս՝ «Ոչ բարեկամ երկրներից, որոշ պետությունների կողմից տեխնոլոգիաների ներդրումը, կարող են խաթարել գործընթացը»։ Ուստի, նա կարեւոր է համարում համագործակցության ընդլայնումը առաջատար տեխնոլոգիական ընկերությունների միջեւ։
Նա հիշեցրեց, որ ՌԴ թվայնացման գործընթացը արդեն 12 տարի հռչակված է ազգային զարգացման նպատակներից մեկը եւ տեղեկացրեց՝ երկրում գերարագ ինտերնետի ապահովման աշխատանքների մասին, ինչը պահանջում է ցածր ուղեծրով արբանյակներ: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել խմբավորում, որը կբավարարի բարեկամ պետությունների ինտերնետային կարիքները։ Նախատեսվում է գրեթե 300 սարքի գործարկում։
2024 թվականին Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում։
Միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ռուսաստանի դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Նիստին մասնակցում է նաեւ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերին, ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ստորագրվեց ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր։
Նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 5-ը կքննարկվեն նեղ կազմով: Հիմնական քննարկման թեմաներն են լինելու արդյունաբերական համագործակցության ուղղությունները մինչև 2030 թվականը, ապրանքների բորսային շուկայի ձեւավորման հայեցակարգն ու տեղեկատվության փոխանակման կանոնները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ