Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգոր Մինասյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ՔՊ ստորագրահավաքը իմպիչմենտ չէր ենթադրում»․ Լուսինե Բադալյան

Հոկտեմբեր 01,2024 12:54

«Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն իրավունք ունեն իրենց վերաբերմունքը հայտնել կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ։ Գրիգոր Մինասյանը բացարձակապես չի տարբերվում կառավարության մնացած անդամներից, այսինքն՝ յուրահատուկ բան պետք չէ այդտեղ փնտրել, որ Գրիգորի Մինասյանի հետ կա որեւէ խնդիր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականին։ 

Նա նշեց, որ վեց տարին բավարար ժամանակ է, որպեսզի պատգամավորերը կարողանան հաշվետվություն պահանջել կառավարության բոլոր անդամներից։ «Ուզում եմ ասել՝ այստեղ որեւէ անձնական խնդիր չկա։ Գրիգոր Մինասյանն այսօր ազատվել է իր դիմումի համաձայն, նախարարն իր դիմումի համաձայն է հրաժարական ներկայացրել»,- ասաց նա։

Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ի ստորագրահավաքից հետո է նա հրաժարական ներկայացրել։ Լուսինե Բադալյանն արձագանքեց․ «Ես շատ ցավում եմ, որ ստորագրահավաքի փաստը դուրս եկավ, որովհետեւ դա խմբակցության ներքին խնդիրն է, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենտ կամ հարցապնդում։ Մենք ունենք ներքին պայմանավորվածություններ, եթե որոշակի քանակով պատգամավորներ խնդիր ունեն կառավարության մեկ անդամի հետ կապված․․․ Չեմ ուզում այդ մասին խոսել ուղղակի։ Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մենք մեր առջեւ դրված խնդիրներն ու խոստումները չենք կարողացել իրականացնել, ապա դրա համար պիտի պահանջենք պատասխանատվություն»։

Հարցին, թե ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կպահանջի՞՝ հաշվի առնելով, որ նա 2021 թվականին իշխանությունը ստանձնեց անվտանգային խոստումներով, բայց այդ խոստումները չպահեց, Լուսինե Բադալյանը պատասխանեց․ «Ասենք՝ դուք լուրջ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւս պահանջելո՞ւ ենք, իհարկե, ոչ»։

Նա ասաց, որ այլ նախարարների աշխատանքից եւս դժգոհ են ՔՊ-ում․ «Ինձ ավելի հեշտ է ասել ումից եմ գոհ, քան թվարկել բոլորին, ումից դժգոհ եմ»։

Ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը հարցին պատգամավորը պատասխանեց․ «Շատ տհաճ է հնչում, թե ով է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, որովհետեւ թիրախի մասին չէ։ Եթե որեւիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ․․․ Սա արդեն կուտակված խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031