Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ կյանք ստացավ այլևս անբեմադրելի համարվող իսկապես որ անկրկնելի ներկայացումը

Հոկտեմբեր 01,2024 12:41

Սիրտս նման է էն փլած տներ,

 Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,

 Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:

 Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր,

 Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:

 Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:

 

Էդգար Հովհաննիսյանի Անտունի բալետը բեմադրվել էր 1969 թվականին` Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Անբացատրելի ոդիսական ու դառն կորուստ ապրելուց հետո, այն  նորից բեմ բարձրացավ իր բեմադրությունից 55 տարի անց` Կոմիտասի ծննդյան 155-ամյակի կապակցությամբ:

Զարմանալի, մարդկայնորեն անծրագրելի բացառիկ մի զուգադիպությամբ հին բեմադրությունը ավելի քան կես դար անց նոր կյանք ստացավ բալետը ստեղծող հանճարեղ եռյակի տաղանդավոր երեք զավակների կողմից: Հնում էլ, և հիմա էլ, երբ դիտում ես բալետը, աչքիդ առաջ տեղի ունեցող  ներկայացումը անհավանական է թվում: Աչքդ տեսնում է կատարվողը, բայց միտքդ չի ընկալում,  թե ինչ հանճարեղ տքնանքով են անհնար բեմական լուծումներն իրականացրել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանը, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը: Եվ ինչ հրաշքի հավասարազոր զուգադրությամբ է ժամանակը այնպես կարգավորում, որ ներկայացման վերստեղծումը գործնականորեն  իրականացնեն հնարավոր ամենահոգատար անձինք` բալետային ներկայացման երեք ստեղծողների երեք զավակները` ներկայումս իրենց գործի ամենաբարձրակարգ մասնագետներ` զգեստների տաղանդավոր նկարիչ Ռուբինա Հովհաննիսյանը, բալետի տաղանդաշատ պարուհի, պարուսույց Սուսաննա Մարտիրոսյանը և բազմատաղանդ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Եվ արժանիորեն ամենախորին հարգանք պետք է մատուցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությանը`  թատրոնի տնօրեն, ներկայացման երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, որի նախաձեռնությամբ երկրորդ կյանք ստացավ այլևս անբեմադրելի համարվող իսկապես որ անկրկնելի ներկայացումը:

 

Հարկ է, իհարկե, ընթերցողի համար ավելի պարզ ձևակերպումներով ներկայացնել, թե ինչու է այս բալետային ներկայացումը համարվում մշակութային երևույթ: Բանն այն է, որ արդեն իսկ տեսական մեծ համարձակություն է, իսկ իրականում  ուղղակի ստեղծագործական հանդգնություն է փորձել Կոմիտասին բեմում ներկայացնել պարային և այն էլ բալետային ակադեմիական բեմաձևի մեջ: Կարելին, իհարկե կարելի է, բայց դա պիտի կատարյալ անթերի լինի` ընդունելի լինելու համար: Անգամ ամենաբարձրակարգ մասնագետների համար դա անդունդի վրա մազե կամրջով անցնելու խնդրի է նման, որի տապալման հավանականությունը 99%-ից ավելի է, իսկ հաջողելու հնարավորությունը 1%-ից  էլ շատ ավելի պակաս: Այսինքն ինչպե՞ս Կոմիտասին, որ, ըստ էության, սրբության համարում ունի հայ ժողովրդի համար, ակադեմիական պարով ներկայացնել հանդիսատես դարձած նույն ժողովրդին:

Արդյոք հնարավոր կլինի՞ համոզել հանդիսատեսին, որ ներկայացման հերոսը` Անտունին, որ իրականում Կոմիտասի հավաքական կերպարն է, որն իր հերթին հայ ժողովրդի հավաքական կերպարն է, ժողովրդի խորհրդանիշը, նրա հավաքական կոդը, հայ մարդու հավաքական էությունը, և նա պետք է բեմի վրա իր զգացումներն ու ապրումներն արտահայտի պիրուետներով, պարային թռիչքներով ու վազքով,  տառապագին գալարումներով և նույնիսկ ավելին, իր վերաբերմունքը և իր սերը իր ժողովրդի հանդեպ Անտունիի Անտունի հերոսը պիտի ցուցադրի սիրո պոռթկումներով ու գրկախառնությամբ ու իր խորը զգացումները արտահայտի բալետի արտահայտամիջոցներով` տեսանելի և շեշտված արտահայտիչ պարային պլաստիկայով:

Ահա այստեղ է պարուսույցի մեծությունը, որ  դեռևս բեմին, փորձին ու արտիստին չհասած՝ հրաշալի պատկերացնում է պարային արտահայտման բեմաձևը, որպեսզի արտիստին հանդիպելիս արդեն կարողանա ուղղորդել, թե ինչ տիպի և ինչ բնույթի շարժումներով է հնարավոր պարային ձևի մեջ ներկայացնել Անտունի-Կոմիտասին:

Եվ գալիս է մյուս կարևոր պայմանը Անտունիի դերակատարման բարդագույն խնդիրը, որ մասնագիտական տեխնիկական կատարելությունից բացի, պիտի մարդկայնորեն շատ օրգանական լինի, համոզիչ ու անպայման ժողովուրդ-հանդիսատեսի կողմից ոչ միայն ընդունելի, այլև սիրելի: Սիրելի իր  հոգուն ամենահարազատ էության պես և սիրի իր  ապրումի թռիչքը կամ տառապանքի մարմնական կծկումներն ու գալարումները, քանի որ բալետի լեզուն հենց այդ արտահայտիչ պարաշարժումներն են, որն ունի միայն բալետը և բալետում է միայն հնարավոր ամբողջ ներաշխարհդ փոխադրել ամենաարտահայտիչ և ֆիզիկապես ամենադժվարին պատրաստություն պահանջող պարի:

Եվ Անտունի-Կոմիտասի դերակատար Սևակ Ավետիսյանը համոզիչ է ներկայացնում հոգեբանորեն և ֆիզիկապես բարդագույն կատարման ենթակա պարը ամբողջ ներկայացման ժամանակ սկզբից մինչև վերջ և էլ ավելի բարդանալով դեպի ներկայացման շատ  ավելի դրամատիկ վերջաբանը: Բացահայտ է, որ Անտունիի համոզիչ ու օրգանական դերակատարումը և իր  բեմական հարաբերությունները Քույր-Կին-Սեր-Ժողովուրդ ներկայացնող Խումարի  հետ այն ամուր ատաղձն է, որի հիման վրա կայանում է հայ ժողովրդի կյանքն ու ապրումները ներկայացնող կատարյալ ազգային բալետի նմուշօրինակ հանդիսացող ներկայացումը:

Ներկայացման վերստեղծման ընթացքում թատրոնի գլխավոր բալետմայստերի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մուրադյանի ղեկավարությամբ հնարավոր ու անհնար  ամեն ինչ արվել է  գլխավոր դերակատարների և հայ ժողովուրդ ներկայացնող բալետային ողջ կազմի կատարյալ աշխատանքի համար, հավելելով նաև, որ հաջորդիվ ներկայացումներում Անտունիի դերապարով հանդես կգա նաև գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող արտիստ Ռուբեն Մուրադյանը:

Փառահեղ մանրանկարչական ձևավորման մեջ է ներկայանում հայ ժողովուրդ-բալետի կազմը, որոնց զգեստներն ու հագուկապը լուծել են տաղանդավոր նկարիչները  (1969թ.`Ռոբերտ Էլիբեկյան, 2024թ.`Ռուբինա Հովհաննիսյան), որ էլ ավելի հնչեղ է դառնում երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Նարինե Ոսկանյան) ոչ միայն փայլուն երգեցողությամբ, այլև բեմում իրենց շարժուն մասնակցությամբ, որ ավելի ցայտուն, շքեղ ու տեսանելի  է դարձնում հայ  ժողովրդի  բազմաշերտ  ու բազմահազարամյա մշակութաստեղծ գործունեությունը` իր  բազմագույն  իլիկներով ու գորգերով, իր նուրբ երգերով ու առնական պարերով, իր կապույտ երազներով ու կարմիր տառապանքներով, իր ծեսերով ու ավանդույթներով, որոնք արտահայտվում են և՜ զուսպ ու  ճաշակավոր գունեղ զգեստների մեջ, և՜ լուսագունային ձևավորման մեջ, և՜ ժամանակակից անիմացիոն շունչ ստացած բեմի զուսպ ու շքեղ ձևավորման մեջ, որտեղ Մինասի բեմանկարչական ձևավորումը Նարեկի ամենահոգատար զգուշավորությամբ ստացել է ժամանակակից շունչ ու անգամ ձևավորման էկրանային զուսպ ու ճաշակավոր բեմական շարժում, պահպանելով հանճարեղ հինը և հավելելով նրան տաղանդավոր նորը:

Ժողովրդական երգը, պարը, ավանդույթն ու սովորությունները  նուրբ ու ակտիվ խաղերով ու բեմախաղով զուգորդում են իրար և աչքիդ առաջ տեսնում ես հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը և որպես հանդիսատես ու միաժամանակ որպես նույն ժողովրդի ներկայացուցիչ ուզում ես հենց այս բալետով աշխարհին պատմես ինքդ քո մասին, պատմես անբառ, բայց  չափազանց բազմախոս, պատմես հենց երգելով ու պարելով, քանզի զգում ես, որ բառերը քիչ են ամեն ինչ ներկայացնելու համար և հենց այս պարի, երգի,  գույն ու միասնական բազմության մասին էիր ուզում ինքդ քո մասին ասել աշխարհին:

Որքան նվիրում ու սեր է դրված Սուսաննա Մարտիրոսյանի կողմից` պահելու ու պահպանելու համար Մաքսիմ Մարտիրոսյանի անփոխարինելի  ու բյուրեղացված պարային  հստակ դրվածքն ու անթերի պատկերացումները, որով տեսանելի է դառնում  հայ ժողովրդի և Անտունիի անքակտելի և իրարաբուխ կապը:

Թվում է, թե լավագույն և հնարավոր ամեն ինչ ասվեց Անտունի  բալետի մասին, բայց դեռ ոչ: Ներկայացման թագն ու պսակը, հիմքն ու գագաթը մնում է Էդգար Հովհաննիսյանի ստեղծած փառահեղ և ըստ էության հանճարեղ երաժշտությունը: Առաջին հայացքից թվում է, թե մոնումենտալ սիմֆոնիկ երաժշտությունն ու երգչախմբային հրաշալի  երգեցողությունը ստեղծված է կոմիտասական երգերի մշակման արդյունքում, բայց դա խիստ թվացյալ է, քանի որ այնքան  նուրբ ու դիպուկ են կիրառված Կոմիտասի երգերի ինտոնացիաները, որ թվում է՝ լսում ես երգը, նույնիսկ մի պահ մտքումդ ուզում ես երգել ծանոթ մեղեդին,  սակայն զգում ես, թե ինչ մի հանճարեղ շնչով է   վերածված  լայնամասշտաբ սիմֆոնիզմի ու մոնումենտալիզմի հասած քեզ շատ ծանոթ նուրբ երգը հիշեցնող շեշտերը:

Հենց Էդգար Հովհաննիսյանի հզոր երաժշտությունն է հնարավոր դարձնում Անտունի բալետի լինելիությունն ու նրա հզոր  ու հավաքական համաժողովրդական մոնումենտալիզմը:

Ինչ խոսք, կատարելության զգացողությունը միշտ ավելին է պահանջում, սակայն վստահ ենք, որ նորից նորածին դարձած շքեղ ներկայացումը, որ հասունանալու ժամանակ է պահանջում, թատրոնի տնօրինությանը պիտի հորդորենք, որ բացառիկ  բալետը ավելի հաճախ ներկայացվի հանրությանը և՜ հանրաճանաչության առումով, և՜ ավելի շատ առավել հղկված  ու կատարյալ դառնալու գրեթե միակ միջոցի առումով: Բեմադրությունը չափազանց մեծ հաջողությամբ է վերստեղծված, երգչախումբը իր հրաշալի երգեցողությամբ և նորովի բեմական շարժումով ու պարով է մասնակցում ներկայացմանը, բալետային կազմը շքեղ երաժշտության ներքո ներկայացնում է ժողովրդի ապրումի բոլոր գունեղ ու տխուր շերտերը, թատրոնն ունի Անտունիի կերպարը ներկայանող երկու վաստակավոր արտիստներ և  Խումարի կերպարը ներկայացնող երեք պարուհիներ (Անահիտ Վասիլյան, Մարիամ Գարաջյան, Նարե Մարկոսյան):

Թերևս միակ ցանկություն-բարեմաղթանքն այն է, որ եղած ներկայացումը պատմական  փոքր ինչ տխուր ճշգրտությունից, վերածվի և դառնա ավելի տոնական ու լուսավոր ներկայացում, քանզի Անտունին որքան էլ որ դառն  ու պատմական իրականություն է, բայց այն  այս բալետային ներկայացմամբ դառնում է մշակութային մեծ  տոնակատարություն: Տոն, որ միշտ կզարդարի ազգային օպերային թատրոնի ազգային խաղացանկը:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031