Նախօրեին մենք հրապարակում էինք արել այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի մեկ դահլիճի վերանորոգման եւ կահավորման համար 24 միլիոն է ծախսվել, եւ դահլիճի դիզայնի հեղինակը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է։ ԲԴԽ նախագահն անդրադարձել է մեր հրապարակմանը, փորձել է համոզել, որ այդ կլորիկ գումարի հատկացումն անտեղի չէ:։
Անդրեասյանը նաեւ նշել է, թե 2024-ին, բացի այս դահլիճից, վերանորոգվում են 30 դատարանների շենքեր, եւ ծախսվում է մոտ 400 միլիոն դրամ․ «Այդ գումարը դատական իշխանության խնայողությունների հաշվին է: Բյուջեից ոչ մի դրամ ավել գումար չենք ստացել դրա համար: Բոլոր դատական պաշտոնյաները հրաժարվել են բազմաթիվ գործուղումներից եւ այլ «հաճելի» ծախսերից, որ դատարաններն արժանապատիվ միջավայրում գործեն»։
ԲԴԽ ղեկավարն առիթը բաց չի թողել նաեւ գլուխ գովելու համար՝ հայտարարելով, թե դատական համակարգը վերափոխված է 50-60 տոկոսով, ներքին շատ պրոցեսներ են արդեն փոխվել եւ այլն։
Նրա այս մտքերին էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ նախկին դատավոր, Կարեն Անդրեասյանի կողմից համակարգից հեռացված, այժմ որպես փաստաբան աշխատող Զարուհի Նախշքարյանը․ նրա լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր նախորդ տարի։
Կարդացեք նաև
Նախշքարյանը, ի պատասխան Անդրեասյանի խոսքի, թե դատական համակարգը 50-60 տոկոսով վերափոխված է, վերջինիս ուշադրությունը հրավիրում է առկա մեծ խնդիրների վրա․ «Ճիշտ է ասում Անդրեասյանը, վերափոխված է, դրա համար ո՛չ Դատալեքսն է աշխատում, ո՛չ իրենց էլեկտրոնային համակարգն է աշխատում, ո՛չ դատական ակտեր են տեղադրվում, ամբողջ համակարգը կազմալուծված է, ու բողոքները չեն մակագրվում, հայցերը չեն մակագրվում։ Դրա վերաբերյալ ես հարցում եմ ուղարկել Դատական դեպարտամենտին․․․ Ամեն ինչ արվում է, որպեսզի դատավորների գործունեությունը խափանվի, հնարավոր չլինի, որ մարդիկ հանգիստ աշխատեն, ամեն բան արվել է դրա համար, ճիշտ է։ Մի ամիս առաջ մուտք եմ արել հայցադիմում, մինչեւ այսօր մակագրված չէ, բա բարեփոխում չէ՞։ Նույնիսկ դատավորի հանձնված չէ գործը, նույնը` բողոքները։ Մարդկանց հեռացրել են, չէ՞, դատարաններից (նկատի ունի լիազորությունները դադարեցված դատավորներին` Ա. Պ.), որովհետեւ իրենք ուշացրել էին դատական ակտերը, բա ձեր արածն ի՞նչ է։ Ձեզ համար էլ կարգապահական հարուցեք` հեռացրեք աշխատանքից»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: