Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս որոշմամբ ՍԴ-ն հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել Սահմանադրության տեքստում, այլևս գոյություն չունեն». Վարդան Պողոսյան. «Ազատություն»

Հոկտեմբեր 01,2024 10:50
vardan poghosyan

«Ազատություն». Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ – ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։

Բարձր դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ 33-էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն, ոչ թե սահմանազատման մասին է, այլ՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի։

Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Սահմանադրական դատարանի այս ծավալուն որոշումը հրապարակվում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի գրեթե ամենօրյա պահանջի ֆոնին։ Դատավորները պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։

Իսկ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին խնդրահարույց համարում է հենց Սահմանադրության նախաբանում հիշատակված Անկախության հռչակագիրը՝ պնդելով, թե այն տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հռչակագրում խոսվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի մեկնաբանմամբ՝ բարձր դատարանը փաստացի ասում է, որ Անկախության հռչակագրում տեղ գտած Հայաստանի ու Արցախի վերամիավորման նպատակն ի չիք է դառնում, իսկ հռչակագիրն էլ կորցնում է իր իրավական նշանակությունը:

«Պարզ ասած՝ այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել բուն Սահմանադրության տեքստում, այսինքն՝ 1-ից սկսած հոդվածներում, դրանք այլևս գոյություն չունեն», – «Ազատության» հետ զրույցում նշեց Պողոսյանը:

Սահմանադրագետը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են բարձր դատարանի դատավորները կանոնակարգի դրույթները Սահմանադրության համատեքստում քննելու փոխարեն առաջ անցել ու քննարկել մի հարց, որը կանոնակարգում չկա։ Կարծում է՝ այս որոշմամբ բարձր դատարանի դատավորները վաղօրոք անդրադարձել են հենց Բաքվի պահանջներին, փորձել են ցրել Բաքվի մտահոգությունը։

«Իրականում Անկախության հռչակագրի նշանակության վերաբերյալ առաջին հերթին իրենք պետք է խոսեին հենց այդ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված, որովհետև այդ պայմանագիրն էր ուղղակի նշանակություն ունենալու Արցախի անկախության, պատկանելիության, Հայաստանի հետ վերամիավորման և այլ հարակից հարցերի վերաբերյալ: Բայց իրենք նախօրոք հիմա, արդեն այդ կանոնակարգի սահմանադրականության քննարկման հետ կապված, արդեն իսկ ասում են, որ Արցախի վերամիավորման վերաբերյալ հիշատակումը Հայաստանի Անկախության մասին հռչակագրում որևէ նշանակություն չունի», – ընդգծեց սահմանադրագետը:

Նաիրա Բուլղադարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031