Մյուռոնօրհնության առիթով կաթողիկոսի խոսքում այդ շեշտադրումները կային՝ հայկական ինքնության դեմ արվող արշավի, Արցախի ու արցախահայության, գերիների վերադարձի ու պետականությանն ուղղված սպառնալիքների հետ կապված, իսկ մայր տաճարի վերաօծմանը, որին Փաշինյանն էլ էր ներկա, խոսվեց եկեղեցու դեմ ուղղված պայքարի մասին, արարողություններից առաջ Արշակ սրբազանն էլ հայտարարեց, որ իշխանության վերաբերյալ Մայր Աթոռի դիրքորոշումները չեն փոխվել՝ անկախ ֆորմալ հրավերից։
Առավել արմատական հայացքներ ունեցողների համար գուցե սա բավարար չէր, բայց սա այն էր, ինչ կարող էր անել եկեղեցին՝ լինելով ոչ թե քաղաքական, այլ կրոնական կառույց։ «Ես կարծում եմ՝ մեր հասարակությունը եւ սոցիալական դաշտում ակտիվ մարդիկ ուղղակի չգիտեն՝ ինչ է եկեղեցին, ինչ է պետությունը, եւ ինչ է կուսակցությունը։ Մի քիչ խորքից գամ․ երբ քրիստոնեական եկեղեցին հալածվում էր Հռոմեական կայսրությունում, որոշակի համաձայնության եկան եւ 311 թվականին՝ Միլանի էդիկտից՝ հրովարտակից հետո քրիստոնյա եկեղեցին ստացավ գործելու ազատություն, եւ պայմանն էր, որ իր արարողությունները սկսի իշխանության փառաբանմամբ։ Այդ ժամանակվանից սկսած, ընդհանրապես եկեղեցիները՝ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական, որ տարածքում որ գտնվում են, իրենց հիմնական արարողությունները սկսում են իշխանության փառաբանմամբ։ Այդպես անում է Թուրքիայում հայկական եկեղեցին, Իրանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Բոլոր եկեղեցիները՝ ինչ-որ պետության տարածքում, կարեւոր չէ՝ հայկական եկեղեցի է, թե ոչ, իրենց արարողությունները պետք է սկսեն այն տարածքի իշխանության օրհնությամբ, որտեղ գտնվում են։ Դա ստանդարտ է՝ 3-րդ դարից սկսած, քրիստոնեական եւ ոչ միայն ընդունված կարգ, բայց մարդիկ այս պարզ բաները չեն հասկանում։ Եկեղեցին չի կարող, եւ սխալ է, որ մտնի քաղաքականություն, նա կարող է իշխանության դեմ արտահայտվել, երբ իշխանությունը քրիստոնեական ուսմունքի դեմ այնպիսի քայլեր է կատարում, որ իրենք չեն կարող չարձագանքել։ Հիմա, երբ եկեղեցուց պահանջում են քաղաքական քայլեր, նշանակում է, որ այն կառույցներն ու կուսակցությունները, որոնք պարտավոր են դա կատարել, չեն կարողանում եւ իրենց արդարացման համար փորձում են մեղքը բարդել եկեղեցու վրա»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հանրային դիսկուրսում Մայր Աթոռի թիրախավորումներին։ Ըստ մեր զրուցակցի, այդ քննարկումն ուղղակի մառազմ է ու հանրության ուշադրությունը շեղող վարքագիծ։
«Դա սխալ է, ըստ բոլոր կանոնների, որովհետեւ իշխանությունները գալիս-գնում են, եկեղեցի-պետություն հարաբերությունները մնում են, ուստի, այո, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում գործող իշխանությանը, եկեղեցին պետք է բոլորին հրավիրեր պետք է հրավիրեր նաեւ մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դա ստանդարտ է, մենք դա պետք է հասկանանք, եւ եկեղեցին հրավիրում է ե՛ւ իշխող ուժին, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ հանրային գործիչներին, ե՛ւ մտավորականությանը, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, եթե դա կարեւոր արարողակարգ է։ Եկեղեցին արեց այն, ինչ պետք է աներ, եւ եթե դա չաներ, կստացվեր, որ իր իրավական դաշտից դուրս է գալիս եւ մտնում է կուսակցական գործունեության դաշտ։ Այլ բան է, եթե եկեղեցին իր ուսմունքից ելնելով է ստիպված լինում քայլ կատարել իշխանության դեմ»,-կարծիք է հայտնում Դանիելյանը։
Արցախի կորստի փաստը, Հայաստանի պետականության դեմ ուղղված քաղաքականությունը, ինքնության ու արժեքների դեմ հայտարարված պատերազմը, որի պահպանողն ազգային եկեղեցին է, արդյո՞ք հիմք չեն Մայր Աթոռի նման կեցվածքի համար։ Ըստ քաղաքագետի՝ ոչ․ «Իրենք հայտնել են իրենց դիրքորոշումն ավելի շատ, քան եկեղեցին կարող էր։ Դրանից ավելի, ուղղակի, անհնար է պատկերացնել, թե իրենք ինչպես կարող էին իրենց կարծիքը հայտնել։ Դա նույն բանն է, որ մեքենայից պահանջես, որ նա թռչի, այն դեպքում, երբ նա ինքնաթիռ չէ, կամ գնացքից՝ որ ծովում լողա։ Դա անհեթեթություն է։ Մենք պետք է հասկանանք, որ սա քաղաքական կառույց չէ, եւ նման քայլերին կարող են լինել հակաքայլեր։ Եթե եկեղեցին իր սահմաններից կոպիտ ձեւով դուրս գա, ապա հիմք կտա իշխանություններին՝ համապատասխան կերպով վարվել»։
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: