Հատկանշական ու, միաժամանակ, ցավալի է, որ ինչպես Մյուռոնօրհնեքի, այնպես էլ՝ Մայր տաճարի վերաբացման (վերաօծման) հետ կապված առաջին պլան մղվեցին ու հանրային-քաղաքական կյանքում արծարծման հիմնական նյութ դարձան հարցերը, թե Մայր Աթոռն ինչո՞ւ է հրավիրել Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչներին, ապա՝ նրանք կգա՞ն-չեն գա: Հրավիրվեցին, եկան, ներկա էին: «Քննարկումները» սահուն վերաճեցին Հայ առաքելական եկեղեցուն ուղղված սուր դիտողությունների, ընդհանուր առմամբ՝ ինչո՞ւ եք Փաշինյանին հրավիրել, ինչո՞ւ նրան թույլ տրվեց մտնել Մայր տաճար, ինչո՞ւ էր նա գտնվում հայության գլխավոր սրբավայրում: Ամենից ցավալին այն է, որ վերոակնարկյալ քննարկումների և ավելի շատ հույզեր պարունակող ու գեներացնող արձագանքների հորձանուտում հետին պլան մղվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամները՝ թե՛ Մյուռոնօրհնեքի, թե՛ Մայր տաճարի բացման առիթով:
Այնինչ, երկու դեպքում էլ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը արեց հիմնարար, եթե չասվի՝ առանցքային շեշտադրումներ, ինչպես հանրային-քաղաքական, ազգային կյանքի, այնպես էլ՝ առկա մարտահրավերների, այդ թվում՝ կրթության բովանդակության, ազգային ինքնության պահպանման վերաբերյալ: Ավելին, այդ ընդգծումները ևս մեկ անգամ ու առավել քան պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ ահռելի, եթե չասվի՝ անհատակ վիհ կա մեր Ազգային եկեղեցու և Փաշինյանի գլխավորած իշխանությունների միջև: Իշխանություններ, որ անցել են թշնամական շահերի բացահայտ սպասարկմանը՝ ավելի ու ավելի կտրվելով ազգային ու պետական շահերից, ի լրումն՝ բացահայտ թշնամանք սերմանելով ու հակամարտության մեջ մտնելով Ազգային եկեղեցու հետ:
Առավել ևս, կարծում ենք, արժե հատուկ ուշադրություն հրավիրել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամների բովանդակային շեշտադրումներին: Առաջինը՝ Վեհափառն առանձնահատուկ արտահայտվեց Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին, տեղի ունեցածը բնորոշեց որպես Արցախյան ոճրագործություն՝ շեշտելով, որ այն կատարվել է բոլոր հայերի, ոչ միայն արցախցիների դեմ: Երկրորդը՝ «Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը»,- շեշտեց Կաթողիկոսը: Ու սա հնչեց որպես զորեղ նախատինք՝ փաշինյանական իշխանության ու նրա ներկայացուցիչների երեսին, քանզի նրանք հենց ազգային դիմագծի և իղձերի եղծմամբ է, որ զբաղված են այս ամբողջ ընթացքում: Այսպիսի, ահա, յուրօրինակ «Եղծ աղանդոց»՝ Հայոց հայրապետի կողմից: Երրորդը՝ Վեհափառը հայտարարեց այն մասին, ինչի մասին ծպտուն իսկ չի համարձակվում հանել օրվա իշխանությունը. Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին: Ու դա արվեց ճիշտ տեղում, ճիշտ և ընկալելի, ճիշտ լսարանին հասցեագրված:
Նա վերստին դիմեց միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևորմշակութային ժառանգությունը: Ո՞վ, ո՞ր պետական պաշտոն զբաղեցնողն է այսօր որևէ միջազգային հարթակում բարձրացնում այս հարցերը: Տեսանք, էլի, ՄԱԿ-ում ու «թուրքական տանը» Էդողանին տեսնելուց երջանկության գիրկն ընկած Փաշինյանի դրսևորումները…
Կարդացեք նաև
Չորրորդ, և սա առանցքային պահ է, արդեն Մայր տաճարի վերաօծման առթիվ հղած պատգամում Կաթողիկոսը նշում է. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին»:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։