Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արժեքների պահպանության անհրաժեշտությունը

Սեպտեմբեր 30,2024 23:55

Ազգային արժեքների, առանձնահատկությունների, ինքնության պահպանման պահանջով ղեկավարվող պետություն ունենալու անհրաժեշտությանը, մեր քաղաքական գործիչներից շատերը ցավոք լավ չեն հասկանում:

Խորհրդային գռեհիկ մատերիալիզմի քարոզը մինչ այժմ էլ մեզանում իր բացասական, խորը հետքն է թողել: Եւ մեր այդ գործիչները ցավոք աշխարհ ընկալման, աշխարհայացքային բավական սխալ համոզմունքներով են ղեկավարվում:

Չեն էլ պատկերացնում, թե օտարների կողմից ապազգայնացմանը դրդող քայլերը ինչ կործանարար հետևանքներով են հղի: Եւ ինչու է պետք համառորեն դրանց դեմ պայքարել:

Եւ չեն էլ փորձում հասկանալ, թե մարդկությունը ինչու միատար չէ: Ինչու են ձևավորվել և ձևավորվում ազգերը, ժողովուրդները, նրանց պետությունները: Ինչու են նրանք երբեմն համագործակցելով, երբեմն էլ խիստ դաժանաբար մրցակցում իրար հետ:

Կան արդյոք պատմական օրինաչափություններ, պարտադրվող կանոններ: Եւ ինչ դերակատարում է տրված մարդկության տարանջատվող այդ հատվածներին:

Ելնելով ազգայինի տեղի և դերի մասին հստակ պատկերացումներ սերմանելու անհրաժեշտությունից, ես այստեղ կփորձեմ ավելի հանգամանորեն անդրադառնալ վերը բարձրացված այդ հարցերին:

Նախ այն մասին, որ մենք կենդանական աշխարհի մասն ենք կազմում: Եւ որ այդ աշխարհը՝ տեսակների բաժանման, միջտեսակային և ներտեսակային համագործակցության, մրցակցության, հաճախ էլ կենաց մահու պայքարի կանոններով է հիմնականում զարգանում, ինքնակատարելագործվում: Եւ  շարունակաբար դրանք պարտադրում, թելադրում է իր բոլոր տեսակներին, ամեն մի տվյալ պահին ապրող իր բոլոր էակներին:

Եւ որ հազար հազարամյակների մեջ գոյատևող մարդկությունը նույնպես ենթակա է այդ կանոններին: Նրա գոյության ողջ ընթացքն էլ է ուղղորդված: Եւ միջտեսակային պայքարում լուրջ հաջողությունների հասնելուց հետո՝ հիմնական խնդիրը որ այժմ դրված է նրա առջև մարդկանց ինքնակատարելագործվող խմբավորումների ներտեսակային մրցակցության գործիքակազմով գործել:

Պայմաններ ստեղծել, որ առաջընթացի համար անհրաժեշտ տեղեկությունների՝ ինֆորմացիայի հավաքման, գնահատման, մշակման, արդյունավետության փորձարկման, կարողությունների, արդյունքների գնահատման, պահպանման ՝ մարդկության քաղաքակրթություն կոչվող համակարգը ստեղծել: Եւ ղեկավարվել նրա պահանջով, հրամայականով:

Եւ դրա համար է, այդ հրամայականի պատճառով է որ մարդիկ ծնվելուց հետո շատ ու շատ բաներ պետք է սովորեն, սոցիալականացված էակներ պետք է լինեն: Նրանց բնազդային հակումները այնպես պետք է գործի դրվեն, նրանք այնպես դաստիրակություն պետք է ստանան, նրանց այնպիսի պահանջներ պետք է պարտադրվեն, որ որպես կանոն, իրենց իսկ ցանկությամբ անեն այն ինչ նրանցից այդ խնդրով պահանջվում է:

Պետք է վերջապես մեր քաղաքական գործիչներն էլ հասկանան, որ մենք մեզ համար չենք ապրում: Որ իրոք գործն է անմահ: Եւ բոլորս ենք պարտավոր դա  լավ իմանալ:

Կարծում եմ դա հասկանալուց հետո ավելի հեշտ կլինի հասկանալ նաև, որ մարդկության մասը կազմող՝ հազարամյակների մեջ իրենց գործունեությունը ծավալող ազգերն ու ժողովուրդները նույնպես քաղաքակրթության զարգացման հրամայականով են իրարից տարրաբաժանվել առանձնացել:

Հաշվի է առնվել բազմամշակույթային համակարգի առավելությունը: Այն, որ իրենց ինքնությունը պահող, իրենց ինքնատիպ մշակույթը, կարողություններն ու ունակությունները ունեցող, ինքնակառավարվող այդ սուբյեկտները մտնելով մրցակցության մեջ իրար հետ, շատ ավելին կարող են տալ զարգացմանը առաջընթացին քան նույնատիպ դաստիրակություն ստացած միանման անձանց  միատար համախումբը:

Ասվածից էլ արդեն պարզ է դառնում, որ այդ քաղաքակրթություն կոչվածին, առաջին հերթին պետք են իրենց ինքնությունը պահպանող, իրենց առանձնահատկությունները արժեվորող, բարձր կազմակերվածությամբ այլոց  դիմակայելու ունակ ազգերը, նրանց համազգային կառույցները, պետությունները:

Ժամանակն է վերջապես հականալ, որ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) գործընթացները ոչ թե ուղղված են նրան, որ միաձուլեն, միատար դարձնեն ողջ մարդկությունը, այլ ընդհակառակը պայմաններ ստեղծեն, որ ձևավորվի այդ բազմամշակույթային միջավայրի առավելությունները գնահատող համակարգ: Որ կարողությունների գնահատման, փորձարկման, առավել արժեքավորը գտնելու մրցակցության մեջ, բոլոր ազգերը հավասար հնարավորություններ ունենան:

Եւ այդ պատճառով է որ այժմ Քաղաքակիրթ աշխարհում ազգային արժեքների, առանձնահատկությունների պահպանման, ազգերի իրավունքները, օրինական շահերի պաշտպանման, գործունեության հավասար հնարավորությանն ապահովելու համար բոլոր նպաստավոր պայմաններն էլ են ստեղծվում:

Եւ այդ պատճառով է որ ամենուր կարևորվում է ազգապահպանությունը:  Սոցիալականացման գործընթացը կազմակերպվում է այնպես, որ ապահովվի ազգային դաստիրակությունը: Սովորությունները, ունակությունները, հմտությունները սերնդե-սերունդ փոխանցվեն: Սերմանվի իրենցի, հայրենիքի սերը, ազգասիրությունը, ազգակիցներով հպարտանալու, ազգակցներին աջակցելու, օգնելու ցանկությունը:

Այստեղ ես ստիպված եմ հատուկ անդրադառնալ այդ խնդրով մեզանում առկա, ապազգայնացմանը նպաստող, ազգայինի կարևորության թերգնահատման խիստ վտանգավոր մի հարցերի վրա ևս:

Հիտլերյան նացիզմի, ռասիզմի, քսենոֆոբիայի դեմ մղվող հիմնավոր պայքարը աշխարհում, ցավոք համեմված ազգայինի դերի և տեղի մասին խորհրդային ժամանակներից մնացած տրամագծորեն սխալ պատկերացումների հետ  մեզանում իր, բավական լուրջ բացասական, հետևանքներն է ունեցել:

Պարզունակ մտածելակերպ ունեցող մեր քաղաքական գործիչներից շատերը, որոնք չէին էլ հասկանում, թե առաջընթացի, քաղաքակրթության զարգացման համար ինչ առանձնահատուկ դեր է հատկացվել ազգերին, այսօրվա վարչապետի առաջնորդությամբ սկսեցին պնդել, որ ազգային արժեքների, ինքնության, առանձնահատկությունների պահպանման, հայրենիքի՝ ազգասիրության պահանջը իզուր տեղն է շատ կարևորվում, դա անցյալի մնացուկ է: Իմաստ չունի, այդ խնդրով քարոզչություն ծավալել, միջոցներ ծախսել, ապազգայնացման դեմ լրջորեն պայքարել:

Բանը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, ազգայինի պահպանման քարոզը ընդամենը կարմիր շոր է, չարժի այն հագնել, որ իզուր տեղը չգռգռենք թշնամի ցուլերին:

Մտավոր կարողությունների պակասը, պատմության դասերը չսովորելը, զուգորդված վախկոտության, աթոռապաշտության հետ իրոք շատ կործանարար հետևանքներով է հղի:

Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ կան այլ գործիչներ ևս, որոնք չիմացության կամ օտարներից կախվածության պատճառով ազգապահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի կարևորությունը բավարար չափով նույնպես չեն արժևորվում:

Չեն էլ ուզում հասկանալ, որ մրցակցությանը դիմանում, պատմության թատերաբեմից չեն հեռանում միայն այն ազգերը, այն ժողովուրդներն և նրանց այն պետությունները, որոնք իրենց ինքնությունը, առանձնահատկությունները պահպանելով, դրանց արժեքը անընդհատ շեշտելով են կարողանում միավորել, գործի գցել իրենց մարդկանց գումարային ողջ ներուժը:

Ինչքան կարելի է կրկնել, որ մեր փրկությունը իրոք՝ միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է:

Պետք է վերջապես մեր քաղաքական գործիչներն էլ գոնե հասկանան, որ սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ, թեր զարգացած կրթական համակարգով, տրոհված, սև սպիտակի բաժանված հանրությամբ և շատ ու շատ հարցերով հյուսիսից դեռ կախված մեր երկիրը այնքան կարողություններ չունի, որ առաջիկա տասնամյակում միայն իր ուժերով կարողանա կարգի բերել, բավարար չափով ամրապնդել իր պաշտպանական համակարգը, դուրս գալ այս ահավոր կախվածությունից:

Ի հարկ է ցավալի է նաև, որ Քաղաքակիրթ աշխարհին մեր երկիրը, իր այսօրվա կարգավիճակով այնքան էլ չի հետաքրքրում:

Բայց նրանք էլ լավ գիտեն, որ աշխարհով մեկ մենք կարող, մեծ Սփյուռք ունենք: Եւ դրսում բնակվող մեր հայրենակիցները իրենք էլ են խիստ շահագրգռված, որ ամենուր ժողովրդավարական կարգեր հաստատվեն, բոլորի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանվեն, գործունեության հավասար պայմաններ ապահովվեն, ընտրելու և ընտրվելու հավասար իրավունքներ սահմանվեն:

Եւ բնական է, որ եթե արևմուտքում տեսնեն, որ մեր երկրի գործոն աջակցությամբ, մեր 10 միլիոնից էլ ավելի, ողջ հայությունն է պատրաստ որպես կազմակերպված ուժ աշխարհով մեկ նպաստել ժողովրդավարական այդ արժեքների տարածմանը, հաղթարշավին, նրանք բաց էի բաց, բոլոր հնարավոր միջոցներով մեզ կաջակցեն:

Ժամանակն է հասկանալ վերջապես, որ մեծ սփյուռք ունենալը մեզ համար այժմ իրոք վճռորոշ, շատ ու շատ լուրջ, օգտակար,  ազդեցիկ գործոն կարող է դառնալ:

Հասկանալ, որ հեռակապի, հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման, գործունեության հեռավար կարգավորման 21-րդ այս դարում.

Երբ ամենուր ձևավորվում են սահմաններ չճանաչող աշխարհասփյուռ հզոր միավորումներ, նաև ազգային պատկանելիության հենքով կազմավորվողները.

Եւ երբ քաղաքակիրթ աշխարհում փոքրամասնությունների իրավունքների, օրինական շահերի պաշտպանման, նրանց առանձնահատկությունների պահպանման խնդիրը առանձնապես է կարևորվում.

Եւ նրանց էլ է ձեռնտու, որ մեր մեծ Սփյուռքը ամենուր  նպաստի դրան.

Իրոք բոլոր նպաստավոր պայմանները կան, որ աշխարհով մեկ մենք առանց թաքցնելու, համագործակցության, փոխօգնության ոգով ձևավորենք համազգային կառույցների մեր միաձուլ, կարող համակարգը, 10 միլիոնից էլ ավել հայության՝

Հայ ազգ կազմակերպությունը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով, հեռակարգավորման, հեռակառավարման իր նեկայացուցչական և գործադիր մարմիններով, ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական իր ռազմականացված, հզոր կառույցով:

Ի հարկ է աշխարհասփյուռ ողջ հայության ուժերի համախմբմամբ է միայն դա հնարավոր: Եւ դրան հասնելու համար մերի, ազգայինի պահպանման հարցը մեզանում էլ պետք է հնարավորինս արժեվորվի, ապազգայնացման դեմ պետք է կենաց մահու կռիվ տրվի:

Եւ ուղղակի ողբալի է, որ մեզանում իշխանության ղեկին է հասել մեկը, որը չի հասկանում, որ դա հենց այսպես հագցվող կարմիր շոր չէ: Այլ ընդհակառակը, դա մեր ջանքերի համախմբմամբ դիմակայելու, աշխարհում մեզ արժանի, մեր ուրույն տեղը, դերը գրավելու հնարավորության ամենահիմնական հենասյունն է:

Ի հարկ է ցավալի է, որ նրան ու նրա նման ծալապակասներին այլևս հնարավոր չէ խելքի բերել:

Բայց երբ քայլ առ քայլ անդունդ ենք գլորվում, երբ ոչ միայն մեր երկրի, այլ ողջ Հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն է կշեռքի նժարին դրված պետք է վերջապես փորձել հասկացնել ունակներին, որ առանց ազգային պատկանելիության գնահատման, առանց այդ հիմքով համախմբման, առանց մեզանից կազմակերպված ուժ, արժեք ներկայացնելու ոչ ոք հենց այնպես մեզ չի օգնի:

   Արշակ Սադոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30