Հայաստանում Չեխիայի դեսպանությունը յուրահատուկ ձեւով նշեց Չեխիայի պետականության տոնը: Միջոցառումը եւս մեկ միջոց էր ներկայացնելու չեխ ժողովրդին, նրա պատմությունն ու մշակույթը:
«Շնորհակալ ենք, որ եկել եք այստեղ՝ տոնելու Չեխիայի պետականության օրը: 929 թվականի այս օրը սպանվել է դուքս կամ շատերին հայտնի՝ բարեսիրտ թագավոր Վենցեսլավը, որին ձեզանից շատերը կարող են ճանաչել Սուրբ ծննդյան երգերից: Նա սրբադասվել է եւ դարձել չեխ ազգի խորհրդանիշը»,-Չեխիայի պետականության օրվա առիթով կայացած միջոցառման ժամանակ նշեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:
Երկարաշունչ ելույթներ չսիրող դեսպանը շեշտեց, որ սեղմ կլինի, ասաց, որ այս անգամ չի խոսի բիզնեսից, քաղաքական այցերից, մշակութային միջոցառումներից, տնտեսական եւ առեւտրային զարգացումներից, չի խոսի նաեւ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցության կարեւորությունից, որովհետեւ նրա ձեւակերպմամբ՝ չեխ-հայկական բարեկամության ամենավառ ապացույցը լավագույնս արտացոլված է ներկաների հայացքներում, Չեխիայի բազմաթիվ ընկերներն այստեղ՝ Հայաստանում են:
Կարդացեք նաև
«Այսօր այստեղ ենք տոնելու սուրբ Վենցեսլավի, ինչպես նաեւ չեխ ժողովրդի տոնը՝ կարեւորելով մշակույթը իր լայն եւ առանցքային իմաստով»,-ասաց դեսպանը: Անդրադառնալով արմավիրցի պատանիների կատարմամբ Չեխիայի եւ Հայաստանի օրհներգերի կատարմանը՝ դեսպան Պիրունչիկը նշեց, որ այդ երիտասարդները հատուկ կապ չունեն Չեխիայի Հանրապետության հետ, պարզապես սիրում են երաժշտություն, սիրում են Չեխիան, դրա համար էլ սովորել են Չեխիայի Հանրապետության օրհներգը չեխերեն եւ առանց իմանալու լեզուն՝ երգել են:
Դեսպանն անդրադարձավ նաեւ միջոցման ժամանակ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների կատարումներին: «Երիտասարդների հետ աշխատելը ամենաիմաստալից գործողություններից մեկն է, որ մենք՝ դիվանագետներս, կարող ենք անել, եւ դա չպետք է լինի սոսկ խոսք, այլ պետք է լինի իրականություն, գործ»,-ընդգծեց դեսպանը:
Ուղիղ 18:30-ին կայացավ Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկից ներշնչված մուրալի բացումը: Այդ հսկայական որմնանկարի հեղինակը Ռոբերտ Նիկողոսյանն է: Պետր Պիրունչիկի խոսքով, սա եւս չեխ-հայկական բարեկամության ապացույց է, որ հայ նկարիչը նկարել է Ալֆոնս Մուխայից ոգեշնչված մի պատկեր:
Նշեց, որ դա հնարավոր է դարձել չեխ-հայկական «Մառլենկա» ընկերության հովանավորությամբ, որի սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը եւս ներկա է միջոցառմանը, եւ երկու ժողովուրդներին բարեկամության կենդանի մարմնավորումն է: «Թեեւ Երեւանը հրաշալի քաղաք է, բայց հուսամ, որ այսօրվա նկարը մի փոքր ավելի գեղեցիկ կդարձնի ձեր արդեն իսկ գեղեցիկ քաղաքը»,-ասաց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը:
Չեխական մշակույթի մասին խոսելիս նա անդրադարձավ այդ մշակույթի կարեւոր տարրերից մեկին՝ չեխական ուտեստներին ու խմիչքներին, որոնք հյուրերը նաեւ վայելեցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ