Ավրորա Մարդիգանյանի եւ Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթող քանդակ ստեղծելու եւ այն Երեւանում տեղադրելու գաղափարի հեղինակը «Ավրորա» բարեգործական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ, երգահան, արվեստագետ եւ բարերար Մարինե Ալեսն է, Ռուբեն Վարդանյանի քույրը, իսկ քանդակագործը իտալահայ Վիգեն Ավետիսը:
Վիգեն Ավետիսը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հուշակոթողը ստեղծելու պատվերը ստանալուց հետո հատուկ այդ նպատակով ժամանել է Երեւան: «Աշխատանքը տեւեց մոտ երկու տարի: Բացումը պետք է շուտ լիներ, սակայն Ռուբեն Վարդանյանի հետ կապված հետաձգեցինք, որ գար, հասներ այս քանդակի բացմանը: Ավաղ:
Այս քանդակի մեջ ամփոփված են Արշալույս Մարդիգանյանի մասունքները, որ բերվել են Ամերիկայից: Այնպես որ, սա ոչ միայն քանդակ է, այլեւ յուրատեսակ սրբավայր: Տեղն էլ ենք հատուկ ընտրել. Կոմիտասի թանգարան ինստիտուտից ճանապարհ դեպի մեր մեծերը՝ դեպի պանթեոն:
Կարդացեք նաև
Շատ բարդ ստեղծագործություն է: Աշխարհում երկրորդը չկա իր լուծմամբ: Առանձնահատկությունն այն է, որ այստեղ պատկերված է ոչ միայն մի կին, այլ նրա ամբողջ պատմությունը: Գտնված լուծումը հետեւյալն է. երկու հարթություններով ցուցադրել ոչ միայն այդ կնոջը, այլ նաեւ ամենակարեւորը՝ իր անցած ճանապարհը: Կարելի է ասել, այս քանդակի մեջ նրա ամբողջ կյանքը զետեղված է»:
Քանդակագործը նշեց, որ շատ մեծ պատասխանատվություն է զգացել, ինչը որոշակիորեն բարդացնում էր աշխատանքը:
«Հաջողության գրավականը, բնականաբար, պետք է լիներ Ավրորայի կերպարն ամբողջությամբ եւ ճիշտ ընկալելը: Եվ ես ապրեցի նրա կյանքով, նրա հետ անցա այդ ճանապարհը: Ես, ասես, դարձա Ավրորա, նրա հետ անցա նույն տանջանքների միջով»,-ասաց քանդակագործը:
Հ. Գ. Ավրորա Մարդիգանյանի հուշակոթողի տեղադրման առիթով առաջին անգամ Մատենադարանից դուրս է բերվել 21-րդ դարում այնտեղ ստեղծված առաջին՝ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կցուցադրվի մինչեւ հոկտեմբերի 7-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ