Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան. «Պատմության մեջ երբեք չի եղել, որ խաղաղություն լինի, երբ արդարություն չկա»

Սեպտեմբեր 30,2024 20:40

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անմիջական ջանքերով այսօր բացված Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված նահատակների հուշակոթող քանդակի բացման արարողության ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Այս հուշակոթող քանդակը պատկերում է թե մեր նախկին, թե ներկա իրականությունը, որը պետք է հաղթահարենք եւ առաջ գնանք: «Ավրորայի» միսիան նույնն է եւ այսօր շատ կարեւոր է ամբողջ աշխարհին եւ Հայաստան աշխարհին:

Քանդակը չէի տեսել: Ինձ դուր եկավ: Տեղադրման վայրն էլ խորհրդանշական է. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի եւ Պանթեոնի հարեւանությամբ: Ու նաեւ Մյուռոնօրհնեքի ու Մայր տաճարի վերաօծման օրվանից հետո:

Մենք՝ հայերս, կարեւոր դեր ունենք կատարելու ամբողջ աշխարհի առջեւ որպես ականատես եւ վերապրող ազգ: Սերունդները պետք է այդ ուժը գտնեն եւ այդ կարեւոր փորձառությունը տրամադրեն աշխարհին ի նպաստ: Վերջին չորս տարում պատերազմի, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով մենք հիմա մեծ ճնշումի տակ ենք, Արցախի 120 հազար ժողովուրդը տեղահան եղավ իր երկրից: Եվ այս օրերը ապրելու ու մեր պատիվը բարձր պահելու համար մենք մեր արմատներից պետք է ստանանք փորձառությունը, ուժը, որպեսզի հաղթահարենք այս փորձությունները»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե վերջին տարիներին Արցախին եւ Հայաստանին արհավիրքներ բաժին հասան՝ պատերազմներ, 120 հազար արցախցիների բռնի տեղահանում, Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, սակայն միջազգային հանրությունը այս ամենին գրեթե քար լռությամբ արձագանքեց, Նուբար Աֆեյանը պատասխանեց. «Նախ, ես ուրախ կլինեի, եթե «Ավրորան» իր գործունեությունը ծավալեր 30-40 տարի առաջ, որպեսզի շատ ավելի մարդիկ տեղյակ լինեին հայերի կարեւորությանը աշխարհի պատկերի մեջ: Մենք ապրել ենք Սովետական Միության մեջ, եւ հայերին չեն ճանաչել որպես ազգ: Առանձին անհատների ճանաչել են:

Մեզ այսօր պետք է տեսնեն որպես օրինակելի ազգ, որպեսզի հետաքրքրվեն: Մենք տնտեսական, ստրատեգիական առավելություններ չունենք, որ մեզ օգնեն: Հետեւաբար, պետք է տարբեր առումներով ու ծրագրերով իրենց համար դառնանք կարեւոր, որ ուշադրություն դարձնեն: Աշխարհում շատ տարբեր պատերազմներ, դժվարություններ կան, սակայն դա չպետք է պատճառ դառնա, որ մեզ ուշադրություն չդարձնեն:

Ռուսաստանի, Հայաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրոպայի այս հարաբերությունների պատճառով հեշտ է ասել՝ հանգիստ տանք, թող իրենք խաղաղությունով զբաղվեն: Ես միշտ կառավարություններին ասում եմ, որ նախ կարեւոր է՝ արդարություն ստեղծվի, հետո շատ ավելի գոյատեւող խաղաղություն կարող է ստեղծվել: Պատմության մեջ երբեք չի եղել, որ խաղաղություն լինի, երբ արդարություն չկա:

Ես կարծում եմ, ի վերջո Հայաստան պետությունը գիտե, որ կարեւոր է բանտարկյալներին ազատելու վրա աշխատել: Եվ կարեւոր է, որ հաջողության հասնեն: Մեր բանտարկյալներին ազատելը ավելի հեշտ է, քան խաղաղություն ստեղծելը: Դժբախտաբար, տարբեր շահեր կան այս խնդրի մեջ: Բայց, ի վերջո, հասնելու ենք մեր նպատակին»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30