Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիակական թատրոնում 159-րդ թատերաշրջանը բացվեց յուրօրինակ տոնակատարությամբ ու ներկայացմամբ։ Թատերաշրջանի բացումն ազդարարվեց թատրոնի բակում՝ Գյումրիի «FOLKASIC»երաժշտական խմբի կատարումներով, կարմիր գորգով։
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ թատրոնի ստեղծագործական անձնակազմը, պայմանավորված պատերազմներով, արցախցիների բռնի տեղահանմամբ, ծանր թեմաներ էին շոշափում, հիմնականում պատմական դրամաներ էին ներկայացնում՝ չընկճվելու, պայքարելու ոգի հաղորդելով հանդիսատեսին, այս անգամ բեմում լիրիկական կատակերգություն էր։
Կարդացեք նաև
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կատակերգության հեղինակը անգլիացի դրամատուրգ Նոել Քոուարդն է, նրա «ԽԵԼԱՀԵՂ SEANCE» գործը բեմադրել է թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը։
Թատրոնի դահլիճը, ինչպես միշտ լեփ-լեցուն էր, շատերն ազատ նստատեղեր չլինելու պատճառով կանգնած էին դիտում ներկայացումը, իսկ բեմում լարված մի իրավիճակ էր․ ոգի կանչող հերոսը՝ Չարլզը, հայտնվում է զավեշտալի պատմության մեջ՝ երկու կանանց բախումների կիզակետում։
Նրան այցելում է 7 տարի առաջ մահացած իր կինը՝ Էլվիրան՝ հայտարարելով, որ այդ տանը մեկ կին պետք է լինի, և այդ կինը ինքն է։ Մահացած կինը սկսում է սիրահետել, խանդի տեսարաններ ու կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել, չհանդուրժել Չարլզի ներկայիս կնոջը։ Ամուսնու հանդեպ մեծ սերն ապրելու, կյանքը շարունակելու մոլուցքով է լցնում անդրշիրիմյան աշխարհից տուն տեղափոխված կնոջը։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ սերը հավերժական է, կարող է խախտել անգամ կյանքի ու մահվան սահմանները։
Զգալի է, որ դերասանների կրքոտ խաղով, անսպասելի իրավիճակներով ու մոգական տեսարաններով ուղեկցվող կատակերգությունը շատ դուր եկավ հանդիսատեսին։
Դերերում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Հասմիկ Սուվարյանը, Լիլիթ Խառատյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆիկ Խառատյանը, Ադելինա Հարությունյանը, Ասպրամ Բաղդասարյանը, Սոֆյա Սարգսյանն ու Սեդա Մկրտչյանն էին։
Երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացումը մեկնաբանեց այսպես․ « Այս թատերաշրջանը որոշեցինք բացել ավելի դրական լիցքերով, ներկայացումն անսպառ սիրո, անսպառ նվիրման, խելահեղ կյանքի ու խելահեղ կյանքի գույների, ռիթմի մասին է։
Փոթորիկներով լեցուն կյանքի մասին է, որը մենք պիտի կարողանանք հարկ եղած դեպքում փոխանցել մեր կողակիցներին, մեզ շրջապատող մարդկանց, մեր սիրելի մարդկանց, հարազատներին, որ նրանց կյանքն էլ լցվի փոթորիկներով, կարողանան լեցուն կյանք ունենալ»։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն էլ հիշեց վերջին շրջանը, երբ տխուր ու ծանր ներկայացումներ էին բեմադրում, օրինակ՝ «Ինկած բերդի իշխանուհին», «Հարսանիք թիկունքում»։
«Այս անգամ փորձեցինք ավելի շատ սեր տալ հանդիսատեսին, խոսել սիրո մասին, ավելի շատ դրական էմոցիաներ փոխանցել։ Կարծում եմ՝ սա պետք է, պարտադիր է, որ հանդիսատեսը առօրյա կյանքի հոգսերից կտրվի։ Նա տեսնելու է հետաքրքիր, դինամիկ, անկեղծ ասելիք ունեցող ներկայացում․ սերը շատ կարևոր է, հատկապես ընտանիքում»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից