«Սրբազան Հայաստան» շարժումն այսօր Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նախաձեռնության անդամ Արմեն Հարեյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս ուխտերթը մեր նախաձեռնությունը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մյուռոնօրհնեքի եւ վերաբացման առիթով, ապաշխարության խորհուրդով: Ովքեր հիմա միացել են մեզ եւ էլի շատ մարդիկ, հասկանում են, որ մինչեւ հիմա սխալ ենք ապրել, ու դրա համար ենք այս օրին հասել:
Պետք է վերադառնալ մեր քրիստոնեական արմատներին: Ու հիմա ուխտավորաբար գնում ենք դեպի վերաօծված Մայր Տաճար: Գնում ենք ապաշխարության խորհուրդով, զղջալով մեր մեղքերի համար, հրաժարվելով չար ապրելակերպից՝ մեկի տունը քանդել, մյուսի տակ փորել, հպարտ, եսասեր լինել եւ այդ ամենից հրաժարվելով՝ սիրել Աստծուն, սիրել մարդուն, որ մեր հայրենակիցն են, մեր շուրջն ապրող մարդիկ են:
Մինչեւ մեր ներսի հոգին չապաքինվի, չնորոգվի, մենք նյութական հաղթանակներ չենք կարող ունենալ: Հպարտությունը մարդու առաջին մահացու մեղքն է: Սատանան հպարտության պատճառով ընկավ այդ մեղքի մեջ: Ինքը առաջ հրեշտակ էր: Ինքը մի օր հպարտացավ ու ասաց. Ինչու ես չդառնամ առաջինը: Ու հպարտության պատճառով ընկավ այդ մեղքի մեջ: Հպարտությունը ահավոր մեղք է, քանի որ տանում է խորը եսասիրության: Ամեն մեկն իր հպարտության մեջ նայում է միայն իր անձին, իր էգոյին ու դառնում է էգոիստ, եսասեր: Եթե ընտանիքում բոլորը լինեն էգոիստներ, այդ ընտանիքը չի հարատեւի: Նույնը՝ հասարակության մեջ, ազգի մեջ, պետության մեջ: Պետությունը ուժեղ է, եթե լի է իրար սիրող մարդկանցով, որոնք հարաբերություն ունեն Աստծո հետ:
Կարդացեք նաև
Մենք սխալ ենք ապրել ոչ միայն վերջին չորս տարում: Որ մարդը չի ճանաչում իր Աստծուն, դա մեծ սխալ է: Եթե մենք քրիստոնյա ենք եւ մկրտվել ենք, մեր առաջին պատվիրանն է. «սիրիր քո տեր Աստծուն, սիրիր ամբողջ սրտով»: Մենք չենք սիրում մեր Աստծուն, անում ենք այն, ինչ մենք ենք ուզում: Մենք չենք պահում Աստծո պատվիրանները, որոնք ընդամենը երկուսն են. «սիրիր տեր Աստծուն քո ամբողջ սրտով» եւ «սիրիր քո մերձավորին, ինչպես քո անձը»: Մերձավորին սիրողը ոչ մի վատ բան չի անի մերձավորի նկատմամբ: Կաշառք չի վերցնի, չի խաբի, վաճառո՞ղ է, քաշի մեջ չի խաբի, ուսուցիչ է, կմտածի, որ աշակերտները իր ընտանիքի անդամներն են ու լավագույնը նրանց կսովորեցնի, գլխառադ չի անի, բժի՞շկ է, ամենայն սիրով կբուժեի: Հակառակ դեպքում ոչ մի բան չի ստացվի:
Աստված էլ վերեւից տեսնում ու բարկանում է մեր վրա»,-ասաց Արմեն Հարեյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ