Նախարար Գևորգ Պապոյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկմանը։
Մասնակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացմանն ուղղված մի շարք օրակարգային հարցերի, ներառյալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության խորացումը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը, կայուն ենթակառուցվածքների ստեղծումը և «Հյուսիս-Հարավ» միջանցքին առնչվող հարցերը։
«Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 94,5 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 597,9 մլն դոլար։ Այս ցուցանիշները վկայում են մեր երկրների տնտեսական հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Կարևոր ոլորտները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը և արտադրական ապրանքները, արդեն իսկ կազմում են մեր առևտրաշրջանառության զգալի մասը։ Այնուամենայնիվ, մեր նպատակները շատ ավելին են, քան արդեն իսկ ձեռք բերվածը։
Ղեկավարվելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի պայմանավորվածությամբ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել առաջիկա տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ ապագայում՝ 3 միլիարդ դոլարի։ Սա հավակնոտ նպատակ է, և դրան հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը՝ ապրանքների տեսականու ընդլայնման, լոգիստիկ ենթակառուցվածքի բարելավման և նոր առևտրային ուղիների ակտիվացման ուղղությամբ», – նշել է Գևորգ Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև