Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ է, որ նման կարևոր և բարդ օրինագծի քննարկման համար հատկացվել է չափազանց կարճ ժամանակ. բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են  գիտական համայնքի մտահոգությունները. Գիտուժ

Սեպտեմբեր 30,2024 18:15

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Օրինագիծը կենտրոնանում է կրթության որակի բարելավման վրա («ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում)։ Չնայած նախագծում առկա դրույթները, զգալի փոփոխություններ են մտցնելու Հայաստանի գիտական համակարգի աշխատանքում, այն մշակվել է առանց համապարփակ մոտեցման։

Հայաստանում բացակայում են գիտահետազոտական և նորարարական համակարգի ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ ռազմավարությունները։ Սա կարող է հանգեցնել իրավիճակի, որ նախարարության կողմից առաջարկվող նոր համակարգի ձևավորումը ձգձգվի, մեր հիմնական գիտահետազոտական կարողությունները «սառեցվեն», և չիրականացվեն պետական կարիքներից բխող այն հրատապ ծրագրերը, որոնք օր առաջ անհրաժեշտ է մեկնարկել։

Ցանկանում ենք հատուկ շեշտել այս միտքը. բարեփոխումները պետք է իրականացվեն այնպես, որ չվնասեն և չխոչընդոտեն հանրային գիտահետազոտական հաստատությունների կողմից պետական ռազմավարական նախագծերի իրականացմանը և այդպիսի նախագծեր իրականացնելու ունակությունների արագ զարգացմանը։ Սա իրականացնելու համար պետք է հրաժարվել չփորձարկված նոր ձեւաչափերի մեջ տեղավորելու ձգտումից, քանի որ նման մոտեցումը համարժեք է համարձակորեն անդունդը նետվելուն։

Տարիներ շարունակ նախարարությունը որևէ էական բարեփոխում չի նախաձեռնել, և այժմ անհրաժեշտ է խելամիտ մոտեցում ցուցաբերել՝ հստակ որոշելով, թե որ ինստիտուտներն արժե ներառել փոփոխությունների մեջ, իսկ որոնք պետք է շարունակեն գործել որպես համալսարաններից անկախ ինստիտուտներ՝ արդյունավետորեն ծառայելով Հայաստանի Հանրապետության կարիքներին։

Բացի դրանից, ավելի քան երկու տարի է, ինչ կառավարությունը չի թույլատրում ՀՀ ԳԱԱ-ին և գիտական ինստիտուտներին իրականացնել պլանավորված բարեփոխումներ։ Բարեփոխումների դադարեցման հիմնական պատճառը ներկայացվում է որպես ՀՀ ԳԱԱ-ի ոչ արդյունավետությունը։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպես կարող է արդյունավետ լինել մի համակարգ, որտեղ տասնամյակներ շարունակ հիմնադրի կողմից բարեփոխումներ չեն իրականացվել, և որտեղ մրցունակ գիտնականների ու նոր ներուժի մուտքը սահմանափակված է։ Բացի այդ, քաղաքականություն մշակողները գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետությունը համարում են ցածր՝ հիմնականում գնահատելով նրանց գործունեությունը տպագրությունների քանակով։ Սակայն հանրային գիտական կազմակերպությունների նպատակն ամենևին միայն տպագրությունների քանակի բարձրացումը չէ։ Ընդունելով ԿԳՄՍՆ-ի առաջնահերթությունը՝ բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավման գործում, գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետությունը միայն տպագրությունների քանակով գնահատելը ցույց է տալիս նրանց իրական դերի և նպատակի թերի ըմբռնումը։

Հավելենք, որ օրենքի նախագիծը մշակվել է առանց որևէ պատշաճ քննարկման գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Օրինագծի քննարկման համար e-draft.am-ում հատկացվել է ընդամենը 2 շաբաթ։ Մտահոգիչ է, որ նման կարևոր և բարդ օրինագծի քննարկման համար հատկացվել է չափազանց կարճ ժամանակ, այն էլ՝ համազգային Գիտության շաբաթվա նախօրեին։

Հենվելով վերը նշված փաստարկների վրա՝ Գիտուժը պահանջում է օրինագծի քննարկումը բերել կառուցողական և համագործակցային դաշտ, ինչպես նաև երկարաձգել քննարկման ժամկետը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը, բարդությունը և առկա թերի հիմնավորումները։ Ակնկալում ենք, որ կապահովվեն օրենքի նախագծի շուրջ իրական և ներառական քննարկումներ՝ լսելով և չանտեսելով շահագրգիռ կողմերի կարծիքները։

Նշենք, որ «Գիտուժ» նախաձեռնությունը դիմել է նաև ՀՀ Ազգային ժողովին՝ կոչ անելով կազմակերպել հանրային քննարկումներ «Գիտության և տեխնոլոգիայի դերը՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով, որը անմիջականորեն առնչվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30