Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր վրացի պատգամավորը դեմ, որ ԵԽԽՎ-ն քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

Սեպտեմբեր 30,2024 18:07

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարեց. «Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և դրա հետևանքները շարունակում են մեզ համար մնալ գերակայություն։ Սա կլինի մեր քննարկման առարկա հիմնական խնդիրներից մեկը, քանի դեռ շարունակվում է այս իրավիճակը»։

Այնուհետև վեհաժողովն անդրադարձավ ընթացիկ հարցերի և հրատապ ձևաչափով թեմաների քննարկմանը։

Բյուրոն առաջարկել էր ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով կազմակերպել «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը» թեմայով քննարկում։

Վրացական պատվիրակության անդամ Գիվի Միկանաձեն վիճարկեց այս թեմայով քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը ու նշեց․ «Կարծում եմ նպատակահարմար չէ այս թեմայով քննարկում անցկացնել ադրբեջանական պատվիրակության բացակայությամբ։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ուստի կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն իր արժեքներին համապատասխան, կարևոր է, որպեսզի ապահովի, որ բոլոր կողմերը ներկա լինեն և մասնակցեն այս քննարկումներին, ինչպես նաև քննարկեն Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի հետ անմիջական կապ հաստատելու հնարավորությունը»։

ALDE խմբի ներկայացուցիչ Յուլիան Բուլայը Բյուրոյի անունից հայտարարեց․ «Չեմ ուզում պատասխանել, այլ ավելի շուտ ուզում եմ վերահաստատել, որ միաձայն որոշում է կայացվել թե՛ նախագահական հանձնաժողովում, թե՛Վեհաժողովի Բյուրոյում այս թեմայով քննարկում կազմակերպել։ Վեհաժողովի խմբերից որևէ մեկի կողմից «դեմ» ձայներ չեն ստացվել։ Այնպես որ, ես պատճառ չեմ տեսնում այս առաջարկը չընդունելու, առավել ևս, որ այն միաձայն ընդունվել է բոլոր քաղաքական խմբերի և բոլոր պատգամավորների կողմից»։

Վեհաժողովի մեծամասնությունը «կողմ» քվեարկեց այս թեմայով քննարկում անցկացնելուն։ Այն կանցկացվի հոկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով երեկոյան՝ ժամը 18։00-ից հետո։

Վեհաժողովը նաև կունենա բանավեճ Ջուլիան Ասանժի կալանավորման և դատապարտման մասին, ինչպես նաև դրա՝ մարդու իրավունքների վրա սահմռկեցուցիչ ազդեցության վերաբերյալ։ Նաև բանավեճ կլինի Եվրոպայում քարոզչության և տեղեկատվության ազատության մասին։

Վեհաժողովը հրատապ կարգով կքննարկի «Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիվ պատերազմի հետևանքով անհայտ կորածներ, ռազմագերիներ և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձինք» հարցը, ինչպես նաև ընթացիկ հարցերի ձևաչափով կքննարկվի «Իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ բռնություն, էսկալացիա և աճող հումանիտար ճգնաժամ՝ մասնավորապես Գազայում» թեմայով։

Նշենք, որ հայկական պատվիրակությունը նստաշրջանին մասնակցում է ամբողջ կազմով՝ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, Վլադիմիր Վարդանյան, Արմեն Գևորգյան, Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան, Սոնա Ղազարյան, Արուսյակ Ջուլհակյան, Հռիփսիմե Գրիգորյան։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30