Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անմիջական ջանքերով այսօր բացվեց Ավրորա Մարդիգանյանին (Արշալույս Մարտիկյան) եւ 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված, հետագայում սրբադասված 1,5 միլիոն նահատակներին նվիրված հուշակոթող քանդակը:
Քանդակի պատվանդանի տակ ամփոփվել են Ավրորա Մարդիգանյանի՝ Լոս Անջելեսում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող, ինչպես նաեւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից:
Հուշակոթողը բացեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կինը՝ Աննա Աֆեյանը:
Կարդացեք նաև
Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ, Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ասաց. «Այս առավոտ համախմբված այստեղ՝ մասնակից ենք ոգեւորիչ, հավատքով ներշնչող արարողության: Եկել ենք հանդիսավոր արարողությամբ բացումը կատարելու եւ օրհնելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին եւ Ցեղասպանությունից վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված այս հուշակոթողը: Այս հուշակոթողը խորհրդանիշ է հայոց պատմության, նաեւ այսօր, բոլորիս համար զգաստության կոչ ներկայի եւ ապագայի նկատմամբ:
Ավրորա Մարդիգանյանի տոկունությունը մեծ հետք է թողել ոչ միայն հայոց կյանքի, այլեւ ընդհանրապես համաշխարհային առումով: Ցեղասպանության զոհերը եւ Ավրորա Մարդիգանյանը այսօր մեզ պատգամում են, թե ինչը պետք լինի մեր բոլորի պատասխանատվությունը եւ պարտականությունները. Պահել մեր հավատքը եւ հույսով ներշնչված՝ հաղթահարել այսօրվա մեր բոլոր մարտահրավերները ու կերտել լուսավոր գալիքը: «Ավրորա» առաքելությունը իր աջակցությունն ու զորակցությունն է բերում բոլոր նրանց, որոնք զգում են աներեւակայելի մարտահրավերների եւ անարդարությունների ծանր լուծը: Թող Տերը այսօր եւ միշտ զորակից լինի Ռուբեն Վարդանյանին: «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը հույսի փարոս է ժամանակակից հերոսներին, որոնք հակառակ վայրագություններին եւ հսկայական դժվարություններին, որոշել են ընդդիմանալ կամ հանդգնել են փոխել հասարակությունը կամ աշխարհը: Նվիրվածություն, մարդասիրություն եւ երախտագիտություն: Սրանք են այն արժեքները, որոնք կազմում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բոլոր աշխատանքները:
Այսօր, կանգնած այս հուշակոթողի առջեւ, եկեք ուխտենք, որ պետք է շարունակենք հավատարիմ մնալ մեր սուրբ նահատակների ոգուն եւ պետք է շարունակենք հետեւել Ավրորա Մարդիգանյանին:
Այս հուշակոթողը պետք է դառնա մեր մղիչ ուժը, մանավանդ, մեր երիտասարդ սերնդի համար: Թող Աստված պահի եւ պահպանի մեր հայրենիքը, թող Աստված պահի եւ պահպանի մեր ժողովրդին եւ մեր ժողովրդի մեջ միշտ սփյուռք-հայրենիք հավատքը մնա ներշնչող ուժ»:
Նախաձեռնության հեղինակները եւ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ Ավրորա Մարդիգանյանի եւ Ցեղասպանության նահատակների հուշակոթողի տեղադրման մասին տեղեկությունը կհասնի Ադրբեջանի բանտում խոշտանգվող Ռուբեն Վարդանյանին, եւ նրան դաժան փորձությունները հաղթահարելու լրացուցիչ ուժ կտա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ