Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցը հերթական առիթն է համաշխարհային հանրության առջև բարձրաձայնելու ադրբեջանական հանցանքների մասին. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Սեպտեմբեր 30,2024 17:42

4 տարի առաջ այս օրերին, տարիներ շարունակ ծայրահեղ ռասիզմի ախտով վերարտադրված ադրբեջանական վարչակարգը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Պատերազմի սանձազերծումը փաստացի և վերջնական հրաժարում էր խնդրի խաղաղ կարգավորման երկարամյա գործընթացից, որում շարունակաբար Ադրբեջանը վարել է փոխհամաձայնության ձեռքբերման հնարավորությունների տապալման քաղաքականություն։ Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում էր միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կառուցված գործընթացները, այլ միջազգային կազմակերպությունների և միջնորդների ջանքերը՝ հաստատելու արդարացի խաղաղություն՝ մարդու իրավունքների գերակայության հիման վրա։

44-օր տևած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը դիմել է բազմաթիվ ռազմական հանցագործությունների՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ, խոշտանգումների, ցուցաբերված հատուկ դաժանության և այլն։ Ադրբեջանական բանակի գործողությունները հանգեցրին ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի հայության բռնի տեղահանմանը։ Սակայն հայության նկատմամբ ադրբեջանական ռասիզմն ամենևին 44-օրյա պատերազմով չհանգուցալուծվեց, այլև շարունակվեց թե՛ հայ փախստականների վերադարձի գործընթացի չնախաձեռնման, թե՛ հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկ ոչնչացման և հայության նկատմամբ համակարգային ահաբեկչության։ Այս գործընթացն իր գագաթնակետին հասավ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների և դրանց հետևած էթնիկ զտման ու բռնի տեղահանման արդյունքում, երբ փաստորեն Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայությունը զենքի սպառնալիքի տակ հարկադրված էր լքել իր բնակավայրերը։ Վերջին տարիներին հայության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը կարելի է բնորոշել որպես ռազմականացված ռասիզմի քաղաքականություն, որի տրամաբանությունը հանգում է փուլային ցեղասպանության իրականացման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խոնարհումն է հայտնում 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների պայծառ հիշատակին։ Ռազմական անհավասար պայքարում հայ զինվորների սխրագործությունները դեռ շատ երկար կմնան հայոց ռազմարվեստի պատմության մեջ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմը հանգեցրին հայ փախստականության նոր՝ հսկայական ալիքի առաջացմանը։ Առ այսօր հայ փախստականների խնդիրները օրակարգային են, որոնք պահանջում են շուտափույթ և արդարացի լուծում։ Այս խնդիրը օրգանապես կապված է ադրբեջանական ռասիզմի և 1988-1992 թթ․ հայության նկատմամբ ագրեսիայի խնդրին։ 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցը հերթական առիթն է համաշխարհային հանրության առջև բարձրաձայնելու ադրբեջանական հանցանքների մասին, որոնք միանշանակ կարելի է մեկնաբանել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ Այս պատերազմը և դրանից սկսված հակահայկականության ռազմական դրսևորման նոր փուլը լուսաբանման, հանրայնացման խիստ կարիք ունի, քանի որ այդ հանցագործությունները պատասխանատվության ենթարկվելու կարիք ունեն։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30