Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սարյանական շունչ ու ջրաներկի միջազգային փառատոն՝ Գյումրիում․ այս քաղաք են ժամանել աշխարհահռչակ վարպետներ

Սեպտեմբեր 30,2024 17:27

Գյումրու «Կումայրի արգելոց- թանգարանի» ցուցասրահում մեծ թվով արվեստասերների, արտերկրից ժամանած հյուրերի, Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի ու Մինաս Ավետիսյանի ժառանգների մասնակցությամբ բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի ցուցահանդեսը։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ցուցահանդեսն անվանեց աննախադեպ մշակութային իրադարձություն, քանի որ Գյումրի են տեղափոխվել Մարտիրոս Սարյանի երեք տասնյակից ավելի ջրաներկ աշխատանքներ ու նկարչի 4 դիմաքանդակներ։

Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն էլ մանրամասնեց, որ գյումրեցիները գույների վարպետի ստեղծագործությունները վայելելու են մի քանի կառույցների համագործակցության շնորհիվ՝ Գյումրու քաղաքապետարանի, «Արվեստա» ընկերության, Մարտիրոս Սարյանի տուն -թանգարանի ու Ազգային պատկերասրահի, որտեղից և ժամանակավորապես տեղափոխվել են հայ մեծանուն նկարչի՝ Հայաստանի ողջ գեղեցկությունն արտացոլող ջրաներկ գործերը։

«Ջրաներկի փառատոնը լիարժեք չէր լինի, եթե չլիներ մեծ վարպետի աշխատանքների ցուցադրությունը»,-ասաց փոխհամայնքապետը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանն էլ, որը Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի ծոռնուհին է, հպարտությամբ նշեց, որ թե՛ Մարտիրոս Սարյանը , թե՛ Ավետիք Իսահակյանը և թե՛ իր հայրը՝ Ավիկ Իսահակյանը, Գյումրու պատվավոր քաղաքացիներ են։

«Շատ ուրախ եմ, որ հենց Գյումրիում է բացվել ցուցահանդեսը, ու գյումրեցիները կկարողանան տեսնել Մարտիրոս Սարյանի գլուխգործոցները», -ասաց Բելլա Իսահակյանը։

   

Նա մանրամասնեց, որ թանգարանից Գյումրի է բերվել 20 աշխատանք, իսկ Ազգային պատկերասրահից՝ 10։

Ցուցահանդեսում ներկայացված են Սարյանի թե՛ վաղ շրջանի գործերը՝ «Հեքիաթներ և երազներ» շարքից և թե՛ «Ալմաստ» օպերայի ձևավորումները։

Ի դեպ, նշվեց նաև, որ Մարտիրոս Սարյանի վերջին ցուցահանդեսը Գյումրիում եղել է սովետական տարիներին։

Գյումրեցիները մեկ ամիս շարունակ կզգան ու կվայելեն սարյանական շունչը։

 

Այնուհետ մեծ հանդիսավորությամբ բացվեց նաև ջրաներկի միջազգային փառատոնը, որը Գյումրի էր բերել աշխարհի ճանաչված 14 վարպետների՝ 13 երկրներից։ Նրանք փառատոնի շրջանակներում վարպետության դասեր էին անցկացնում։

Գյումրու Աբովյան ճեմափողոցը վերածվել էր նկարչական մեծ սրահի․ ամենուր երեխաներ էին, որոնք ջրաներկով իրենց հարազատ քաղաքն էին պատկերում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30