Լրահոս
Օրվա լրահոսը

Կուբան կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների միջեւ․ Կուբայի Առեւտրային պալատի նախագահ

Սեպտեմբեր 30,2024 16:50

10 տարում ԵԱՏՄ-ն ապացուցեց, որ դարձել է աշխարհում շատ ուժեղ ինտեգրացիոն հարթակ․ այս կարծիքին է Բելառուսի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Պանասյուկը։

«ԵԱՏՄ-ն բիզնեսի համար. պայմանների ստեղծում փոխգործակցության ակտիվացման համար» խորագրով պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում էր Երևանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում, Ալեքսանդր Պանասյուկը նաեւ նկատեց՝ ԵԱՏՄ-ն ոչ միայն համագործակցության հարթակ է, այլ «տնտեսական կայունության տարածք» ու դա ապացուցում են թվերը՝ 12 տոկոս ՀՆԱ-ի աճ ԵԱՏՄ-ում։ Միաժամանակ, ԵԱՏՄ-ում Բելառուսի բիզնես կապերի զարգացմանը զուգահեռ, ըստ բանախոսի, երկրի գործարար ոլորտը հետընթաց է գրանցել՝ պայմանավորված «ոչ բարեկամ, թշնամական» երկրների որդեգրած դիրքորոշումներով։

«Այս տարվա 8 ամիսների կտրվածքով, Բելառուսի արդյունաբերական արտադրանքը ավելացել է 7 տոկոսով, ՀՆԱ-ն՝ 5 տոկոսով, նաեւ շնորհիվ ԵԱՏՄ-ի եւ այդ միությունում կոոպերացիոն ծրագրերի»,- ասաց նա՝ համաձայնելով Արսեն Ղազարյանի դիտարկմանը, որ կոոպերացիան ԵԱՏՄ-ում պետք է զարգացնել, պետք է պետական գնումներին մասնակցության անարգել հնարավորություններ ստեղծել։

Նա հիշեցրեց, որ իր երկիրը Հյուսիս-Հարավ առանցքի զարգացման ջատագովներից է ու նկատեց, որ գործարարների համար այս տարի արդեն լոգիստիկ փոփոխություններ են եղել՝ պայմանավորված «ոչ բարեկամ, թշնամական» երկրների որդեգրած կեցվածքով․ մասնավորաբար, Ռուսաստանով դեպի Չինաստան մոտ հազար բեռնափոխադրում է իրականացվել ու արդեն հստակ է, որ ապահովագրության խնդիրները պետք է լուծվեն։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՌԴ-ն եւ Բելառուսն այժմ 34 ինտեգրացիոն ծրագիր ունեն՝ 105 միլիարդ ռուսական ռուբլի արժողությամբ, որոնցից 26-ը համաձայնեցված են կառավարությունների մակարդակով եւ նպատակաուղղված գնում են Միութենական պետության ծրագրին։ Իր կարծիքով, սա ինտեգրացիայի լավագույն օրինակ է։

Ղազախստանի գործարարների պալատի միության ներկայացուցիչ Թիմուր Ժարկենովի դիտարկմամբ, ինտեգրացիան էապես կայացել է տեխնիկական կարգավորումների շնորհիվ ու դա պետք է շարունակել։ Իր գնահատմամբ, տրանսպորտային միջանցքների հարցը պետք է լուծվի ԵԱՏՄ-ում, հիմնականում՝ ավտոճանապարհների, ինչը բավական շատ հարցեր կկարգավորի։

ՌԴ գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Ալեքսանդր Շոխինն էլ կարեւորեց ԵԱՏՄ շրջանակներում գործարարներին իրավական եւ իրավաբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նա էլ է կողմնակից կոոպերացիայի ժամանակակից գործիքների կիրառմանը եւ այդպիսով ինտեգրացիան ավելի սերտացնելուն։

Կուբայի Առեւտրային պալատի նախագահ Անտոնիո Լուիս Կարիկարտե Կորոնան էլ հայտարարեց, որ Կուբան պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՏՄ ինտեգրացիոն հարթակում՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով Լատինամերիկյան երկրներում ապրանքաշրջանառության զարգացման եւ ինտեգրացիայի խորացման համար։ Նա լավ հեռանկարներ է տեսնում, մասնավորաբար, կորպորատիվ եւ բժշկական տուրիզմի զարգացման հարցում։ Մնում է մշակել լոգիստիկ խնդիրը, որը, ըստ նրա, Թուրքիայով՝ նավահանգստային ճանապարհով կարելի է կազմակերպել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30