«Արմենպրես». Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։
– Պարոն Աթաբեկյան, Լիբանանում վերջին զարգացումների արդյունքում տուժածների շրջանում կա՞ն հայեր կամ ՀՀ քաղաքացիներ։
– Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։
Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով։
Կարդացեք նաև
– Կա՞ն տարհանման ծրագրեր։
– Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։
Ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։
Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։ Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։
– Ի՞նչ տեղեկություններ կարող եք տրամադրել լիբանանա–իսրայելական սահմանին տեղակայված ՄԱԿ–ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին։
– ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։ Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։