Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բացված առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում

Սեպտեմբեր 30,2024 15:42

Սեպտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը:

Բացման արարողությանը մասնակցել են նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։

Առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարարը։

Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություններ: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:

Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոնների անցկացման համար:

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել