Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն, հայ գործարարներն ու «նոու-հաու»-ները․ Արսեն Ղազարյանը դժգոհ է ԵԱՏՄ-ում կոոպերացիաների բացակայությունից

Սեպտեմբեր 30,2024 15:46

«Այս ինտեգրացիան, ինչպես նաեւ ընդհանուր մաքսային միությունը, արդարացված է․ այն արդյունքներ է տալիս»,- այսօր «ԵԱՏՄ-ն բիզնեսի համար. պայմանների ստեղծում փոխգործակցության ակտիվացման համար» խորագրով պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Քննարկումն անցկացվում էր Երևանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։

Նրա բնութագրմամբ, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը շատերն էին սկեպտիկորեն վերաբերվում, բայց կյանքը հակառակը ցույց տվեց։ Արսեն Ղազարյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ն զարգացող օրգանիզմ է, իր բոլոր բացթողումներով։ Դրանցից մեկն էլ կոոպերացիան է․ անդամ երկրների տնտեսությունների համատեղ ծրագրերում աշխատանքը։ Իսկ Հայաստանի համար բանախոսը կարեւորում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացումը, ինչը ենթադրում է գործընկերների շրջանում բավական բարձր համագործակցություն՝ կոոպերացիայի ոլորտում։ Բիզնեսի փոխգործակցությունն, ըստ Արսեն Ղազարյանի, կբերի նաեւ մրցակցության՝ իր բոլոր դրական հետեւանքներով։

Համատեղ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման խոչընդոտներից Արսեն Ղազարյանը համարում է գործարարների՝ սեփական գումարների սղությունը եւ բանկերի բարձր տոկոսները ու այդ իրավիճակը նույնն է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Նաեւ լոգիստիկ խնդիրները, որոնք յուրահատուկ չեն միայն Հայաստանին՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ պայմանավորված։ Երրորդ խանգարող հանգամանքը խոշոր, միջին եւ մանր բիզնեսի միջեւ կոոպերացիոն կապերի բացակայությունն է։

Հայաստանի գործարարները՝ կոոպերացիոն ծրագրերին, ըստ Արսեն Ղազարյանի, պետք է «նոու-հաու»-ների սկզբունքով մոտենան, որպեսզի պահանջվի հնարավորինս նվազ աշխատուժ, էներգակիրների աշխատանք, ավելի՝ գիտական պոտենցիալ։ Այս իմաստով, Հայաստանի համար զարգացման լայն հեռանկարներ նա տեսնում է ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, արհեստական բյուրեղապակյա արտադրանքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, թանկարժեք եւ կիսաթանկարժեք մետաղների եւ քարերի վերամշակման, դեղագործության, ծանր եւ թեթեւ արդյունաբերության ոլորտում։

Արսեն Ղազարյանի դիտարկմամբ, ԵԱՏՄ-ում կառավարող մարմիններում բյուրոկրատիան պետք նվազեցնել եւ անիմաստ փաստաթղթերի շրջանառությունը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գործարարները հաճախ դժգոհում են տեխնիկական եւ հարկային ձեւակերպությունների ձգձգումներից ու արհեստական բարդություններից։ Ուստի, առաջարկեց օպերատիվ արձագանքման կենտրոն ստեղծել, որը շատ արագ կարձագանքի եւ լուծումներ կառաջարկի կոնկրետ ահազանգերի դեպքերում ու դրանք ամիսներ կամ տարիներ չեն ձգվի։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵԱՏՄ կոմիտեն, այս տարվա կտրվածքով կֆինանսավորի երեք համատեղ՝ կոոպերացիոն ծրագիր․ դրանք ընտրվեն ազգային մակարդակներում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30