Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասում եք՝ Սամվել Բաբայանը քիրվա է ադրբեջանցիների հետ, սատարեք այդ մարդուն, լիազորություններ տվեք, որ գերիներին բերի»․ պահանջներ՝ Արցախի իշխանությանը

Սեպտեմբեր 30,2024 12:22

Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ են հավաքվել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցները։ Նրանք ավելի վաղ իրազեկել էին, որ Արցախի ներկայացուցչություն են գալիս՝ Արցախի իշխանություններին տեղեկացնելու Սամվել Բաբայանի առաջարկների մասին։

Հավաքը մեկնարկեց նախատեսվածից ուշ, քանի որ սակավամարդ էր։

Հավաքի կազմակերպիչ Յուրի Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Խոսքը միայն սոցիալական հարցերի մասին չէ, ահագին հարցեր կան, 30 տարի է՝ իշխանություն-ընդդիմությանը լսելով, եկանք հասանք նրան, ինչ ունենք։ Այս վերջերս, որ պարոն Բաբայանը խոսել է, այդ մարդը միակ հերոսն է ողջ ու առողջ, որ ինչ ասել է, մի ստորակետ սխալ չի ներկայացրել։ Ես իմ ընկերների հետ իմ ֆեյսբուքյան էջում հայտարարություն եմ տարածել, որ պարոն Բաբայանի ելույթը լսել ենք, մեր պատգամավորները երբեւիցե իր ասածները խորքային հիմք չեն ընդունում։ Մարդը կարող է խոսել, իր դիմաց մնան լուռ, հետո գնան լրատվական միջոցներով այդ մարդու զրույցները հակասեն եւ իրենց խելոք ձեւացնեն»։

Մուսայելյանը նշեց, որ շատ արցախցիներ չեն եկել այսօր Արցախի ներկայացուցչության մոտ, որովհետեւ ցրված են Հայաստանի մարզերով, ոմանք էլ երկրից դուրս են գտնվում։ «Դե եթե մենք պետք է այս ձեւով հայրենիք պահենք․․․ Նույնն էլ Ստեփանակերտում էր, ով ղեկավարության դեմ էր խոսում, միանշանակ ճակատներին ասում էին՝ դուրս չի գալիս, հեռացիր այստեղից։ Հիմա նույնը կրկնվում է այստեղ»,- ասաց նա։

 

Հարցին, թե ինչո՞ւ են Արցախի իշխանությանը ներկայացնում իրենց պահանջները, եթե ՀՀ իշխանությունն է պարտավոր լուծել արցախցիների խնդիրները, նա պատասխանեց․ «Թե ՀՀ, թե Արցախի իշխանությունը լինի, բերեք փաստերից խոսենք՝ այսօր ժողովուրդն իրենց երկուսի պատճառով այս օրին են։ Ես ոչ վստահում եմ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը։ Մենք երկուսի երեսից էլ տուժել ենք, ես ուզում եմ, որ մեր հերոսի՝ Սամվել Բաբայանի խոսքերը հաշվի առնեն։ ՀՀ-ն թող աջակցի, բայց պարոն Բաբայանի առաջարկը մեր Ազգային ժողովը պետք է այդ կոմիտեն ստեղծի»։

Լրագրողները հիշեցրին Սամվել Բաբայանի՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին արած հայտարարությունները։ Յուրի Մուսայելյանն ասաց․ «Միանշանակ, Սամվել Բաբայանը ճիշտ է ասում։ Այդ նույն ռազմաքաղաքական էլիտան, որը հիմա Բաքվում է գտնվում, այդ նույն հերոսներն ամեն ինչ անում էին, որ այս մարդու խոսքը չանցներ։ Նույնիսկ, երբ պարոն Բաբայանը Հակարիի կամուրջն անցավ, միանգամից պառակտում եղավ։ Իրենք դա կապել են նրա հետ, որ պարոն Բաբայանը ադրբեջանցիների հետ քիրվա է։ Մարդու ցանկացած քայլին փորձում են պիտակ կպցնել։ Ասում եք՝ պարոն Բաբայանն ադրբեջանցիների հետ քիրվա է, այսօրվա դրությամբ ձեզ մի հատ քիրվա մարդ է պետք, որ կարողանա ձեր գերիներին, հարազատներին Բաքվից բերի ստեղ։ Եթե քիրվա է, ինչո՞ւ եք այդ մարդու ցանկացած մտահղացման պիտակ կպցնում, այդ մարդուն սատարեք։ Մի խանգարեք, թող պարոն Բաբայանը որեւիցե մանդատ ստանա, նույնիսկ այդ կոմիտեում մեր ղեկավարությունը թող լիազորություններ տա՝ այդ մարդն իր գաղափարներն օգտագործի ու ձեր ղեկավարներին էլ Բաքվից բերի»։

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանության համար նպատակահարմար է, որ Արցախի ներկայացուցչությունը չգործի։ Իսկ Սամվել Բաբայանի տեսակետն այն է, որ միեւնույն է, Արցախի ներկայացուցչությունը լուծարվելու է։ «Որպեսզի այդքանը չլինի, մեր դեպուտատները թող օրենքով վերահաստատեն, կոմիտե ստեղծվի, միասին, իրենց ներկայությամբ, ինչպես Պարոն Բաբայանն է ասում, գործեն»,- հավելեց Մուսայելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30