Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագիրը կտա ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնեցված որոշակի մոտեցումներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի շահերին». Ռոբերտ Ղևոնդյան. JAMnews

Սեպտեմբեր 30,2024 12:15

JAMnews. Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնել են «ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Լրագրողների հետ զրույցում պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նույնաբովանդակ հայտարարություն է արել՝ նշելով, որ Բլինքենը երկու երկրներին կոչ է արել «շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ չի հաջողվել հասնել շոշափելի արդյունքի։ JAMnews-ի հետ զրույցում նա նկատել է՝ այնքան էլ հավաստի չէ այն, որ ԱՄՆ-ն այս պահին իր առաջնահերթությունն է համարում մինչև նախագահական ընտրություններ ՀՀ և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը։

«Այդ ձգտումը ԱՄՆ մոտ այսօր ավելի քիչ է, քան մինչև Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալը»,- շեշտել է նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հիշեցնում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, պայմանագիր չի կարող ստորագրվել։ Ասում է՝ հավանաբար հենց դա էլ քննարկվել է արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Շեշտում է՝ եթե Բաքվի նկատմամբ ճնշում գործադրվի, համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է իրականություն դառնալ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը։ Մյուս կողմից նկատում է՝ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հրաժարվելուց հետո ԱՄՆ համար այլևս առաջնահերթություն չէ մինչև նախագահական ընտրություններ հասնել Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրման.

«Եթե ԱՄՆում որոշում կայացվի, որ անհրաժեշտ է այդ պայմանագիրն ունենալ մինչև նախագահական ընտրությունները, ապա Նահանգներն ունի այդ գործիքները, որպեսզի կարողանա ստիպել Ադրբեջանին գնալ այդ քայլին և ստորագրել»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ բավարար կարող է լինել նույնիսկ Բաքվի հանդեպ տնտեսական հնարավոր ճնշումների մասին Վաշինգտոնի ակնարկը․

«Այսինքն՝ եթե Վաշինգտոնը կոնկրետ օրինակներով նշի, թե ինչ տնտեսական խնդիրների կարող է բախվել Ադրբեջանը, դա բավարար կլինի, որ Բաքուն համաձայնի զիջել»։

Կարծում է՝ որպես ճնշման գործիք կարելի է դիտարկել նաև ԱՄՆ պաշտոնյաների հարաբերություններն Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Նրա փոխանցմամբ՝ երկու տարի առաջ՝ 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման ժամանակ, «ԱՄՆ-ից մեկ զանգը բավարար եղավ, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի»։

JAMnews-ը Ղևոնդյանին հարցրել է՝ ի՞նչ կտա հայկական կողմին մի փաստաթղթի ստորագրումը, որտեղ հիշատակում չի լինելու Լեռնային Ղարաբաղի մասին, չեն շոշափվելու սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Քաղաքագետը պատասխանել է․

«Խաղաղության պայմանագիրը կտա ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնեցված որոշակի մոտեցումներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի շահերին։ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից բացահայտեց փաստաթղթի որոշ մասեր՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, ուժ և ուժի կիրառման սպառնալիքի բացառում, համատեղ հանձնաժողով, որ պետք է վերահսկի պայմանագրի իրականացումը։ Այս բոլորը գործիքներ են, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էսկալացիայի և ռազմական սադրանքների հավանականությունը սահմանին»,- նկատել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30