Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի ոսկու հանքը շահագործվում է միայն ստորգետնյա եղանակով․ ի՞նչ վնասներ են եղել ադրբեջանական գործողությունների հետեւանքով

Սեպտեմբեր 30,2024 11:55

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է միայն ստորգետնյա շահագործման եղանակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյան

2020 թվականի պատերազմից հետո հանքավայրի մի մասն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էին հանքավայրի աշխատանքներին՝ արձակելով կրակոցներ։ Լրագրողները Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ իրավիճակ է հանքավայրում։ Նա նշեց, որ, ելնելով տեխնիկատնտեսական հիմնավորումից, հանքավայրն անցնում է ստորգետնյա շահագործման եղանակի։

«Հանքավայրերը կարող են շահագործվել կամ ստորգետնյա եղանակով, կամ բաց։ Այն բնամասերը, որոնք այս պահին նպատակադրված է դուրս բերել ընդերքից, դրա համար որպես տնտեսական հիմնավորում ընդունվել է ստորգետնյա եղանակով շահագործումը։ Եվ դա չպետք է կապել որեւէ այլ գործողության հետ, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական հարցերի հետ չի կարելի սա կապել։ Այս պահի դրությամբ Սոթքի հանքավայրը ստորգետնյա եղանակով արդեն սկսել է շահագործվել։ Որպեսզի հասնի նախագծային հզորություններին, այն է՝ տարեկան մոտ 400 հազար տոննա, դրա համար կպահանջվի ժամանակ, ժամկետը 2025 թվականի երկրորդ կիսամյակն է։ Տարեկան 100-150 հազար տոննա արտադրողականությանը հասնելու համար ենթակառուցվածքային աշխատանքներ են պետք, որոնք ժամանակ են պահանջում»,- ասաց փոխնախարարը։

«Առավոտը» հարցրեց՝ կառավարությունում վերլուծություն իրականացվե՞լ է, թե ադրբեջանական օկուպացիան ինչպես է անդրադարձել հանքավայրի աշխատանքների վրա, ի՞նչ վնասներ են արձանագրվել։ Պարզվում է՝ մինչ օրս չկա վերլուծություն, համենայնդեպս փոխնախարարը ցուցանիշներ չներկայացրեց։

«Սահմաններին մենք կարող ենք անդրադառնալ այն պահին, երբ տեղում կունենանք սահմանազատված սահման եւ կտեսնենք, թե որ հատվածն է Հայաստանում եւ որ հատվածն է Ադրբեջանում։ Դրանից հետո արդեն կարող ենք խոսել եւ տալ տնտեսական գնահատական, թե ինչ ունեցանք դրա արդյունքում։ Անկախ այդ գործողություններից, 2023 թվականից սկսած այդ հատվածում շահագործումը պետք է արդեն ստորգետնյա եղանակով լիներ։ Այն հատվածում, որտեղ բացահանքի հատվածն էր, դրան կանդրադառնանք սահմանազատումից հետո։ Ինչ վերաբերում է հարցին, թե ոլորտն ինչ վնաս կրեց, կարող եմ ասել՝ հանքաքարի վերամշակման նվազումը տնտեսական բացասական բաղադրիչ է ունենում, բայց որեւէ հանքավայր ինքը ցմահ չէ, եւ ինչ-որ մի պահ վերջանալու է»,- ասաց նա։

Անուշ Գեւորգյան

Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ՍՊԸ բնապահպանության եւ տեխնիկական անվտանգության գծով կառավարիչ Անուշ Գեւորգյանը նշեց, որ հանքավայրի աշխատակիցներից 300-400-ը կրճատվել էին, բայց այսօր աշխատակիցների թիվն ավելացնում են։ «Սոթքի հանքն աշխատում է միայն ստորգետնյա եղանակով, իսկ ֆաբրիկան արդեն վերսկսել է իր աշխատանքները։ Իհարկե, արտադրողականությունը չի կարող լինել նույնը, չնայած 2025 թվականից մեր նախագծով արդեն նախատեսված էր, որ պետք է անցնեինք ստորգետնյա եղանակով աշխատանքին, եւ արտադրողականությունը նախագծով պետք է լինի տարեկան մինչեւ 400 հազար տոննա։ Հանքավայրում մոտ 300-400 աշխատակից կրճատվել էր, նրանց թվում կային շատ մարդիկ, ովքեր չուզեցին աշխատել եւ ինքնակամ դուրս եկան։ Բայց այս տարի աշխատանք ենք տանում, որ Սոթքի հանքավայրում մոտ 500 աշխատակից ունենանք, իսկ Արարատի գործարանում՝ 350-380 աշխատակից։ Այսինքն՝ նորից նոր աշխատողների կներգրավենք։ Եվ հիմնականում փորձում ենք աշխատանքի վերցնել մեր աշխատողներին, որոնք դուրս էին եկել։ Արարատի ֆաբրիկայի աշխատակիցներին մենք չէինք ազատել, ուղղակի ուղարկել էինք հարկադիր պարապուրդի, հիմա նրանք վերադառնում են։ Իսկ նրանք, ովքեր կրճատվել էին կամ դուրս էին եկել, նորից վերադառնում են աշխատանքի, առաջնահերթությունը տրվում է մեր մասնագետներին»,- ասաց նա։

Անուշ Գեւորգյանը հավելեց․ «Միեւնույն է, պիտի այս իրավիճակը լիներ, որովհետեւ նախագծով նախատեսված էր, որ 2025 թվականից մենք անցնելու ենք միայն ստորգետնյա եղանակով աշխատանքի։ Եվ բնականաբար պետք է լիներ աշխատակիցների վերապրոֆիլավորում։ Այն աշխատակիցները, ովքեր համաձայնվեցին տեղափոխվել, ստորգետնյա եղանակով աշխատելու, նրանք բոլորը տեղափոխվեցին։ Կրճատումներ, բնականաբար, եղան, որովհետեւ հանքի ծավալներն ու արտադրողականությունը փոխվեց»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30