Լրահոս
Օրվա լրահոսը

«Թարգմանությունը հոգևոր ճգնաժամեր հաղթահարելու լավագույն բալասանն է»

Սեպտեմբեր 30,2024 11:39

Այսօր Թարգմանիչների միջազգային օրն է։ Մենք խնդրեցինք «Էջ» հրատարակչության թարգմանիչներին պատասխանել հարցին, թե ինչ է իրենց համար գեղարվեստական գրականության թարգմանիչ լինելը։

 

Մարիամ Գուրզադյան

Լաուրա Ցվիրտնիայի «Դրսում մեր անուններն ուրիշ են» և Մարիցա Բոդրոժիչի «Բալենու փայտից սեղանը» վեպերի թարգմանիչ

Գեղարվեստական թարգմանությունն ինձ համար գիտակցված որոշում է։ Նվիրական, մեդիտատիվ մի գործընթաց, որ հնարավորություն է ընձեռում մի երկրի լեզվամտածողությունն ու մշակույթը փոխադրել մյուսին՝ այն հասանելի դարձնելով նաև մարդկանց ավելի լայն խմբերին։ Թարգմանությունը հոգևոր ճգնաժամեր հաղթահարելու լավագույն բալասանն է, քանի որ ստեղծագործական ու կամային հստակ ակտ է մեր անկայուն ու քաոտիկ ժամանակներում։ Մենք կրթվելու, ինքնակրթվելու ու ինքնահաղթահարվելու լուրջ մարտահրավերներ ունենք, անգրագիտության ու հուսալքության գորշ գոտուց դուրս գալու համար նոր իմաստներ են անհրաժեշտ։ Թարգմանությունը, ինչպես ստեղծագործական ցանկացած դրսևորում, դրդում է չբավարարվել սոսկ գոյություն ունենալու բազային գործառույթով, այլ սովորել ապրել հիմա և այստեղ՝ կերտելով հոգևոր կայուն որակներ ու ձևավորելով առողջ աշխարհայացք։

Աստղիկ Աթաբեկյան

Գորան Վոյնովիչի «Հարավսլավիա, իմ հայրենիք» և «Թզենին» վեպերի թարգմանիչ

Թարգմանությունը՝ որպես մարդկային գործունեության ուղղություն, մշտապես կարևորվում է հանրային կապերի, մշակութային փոխազդեցության, քաղաքական և տնտեսական փոխգործակցության տեսանկյունից: Բաց և գլոբալ աշխարհում, որտեղ, թվում է, չկան լեզվական և իմացական արգելքներ, գիտելիք տարածելու և ստանալու սահմանափակումներ, թարգմանչի դերը, այնուամենայնիվ, ոչ միայն չի նվազում, այլև շեշտակի ավելանում են գործունեության ոլորտները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են որակյալ թարգմանության և փորձառու թարգմանիչների անհրաժեշտությանը:

Թարգմանության զանազան ուղղություններից իր ողջ հմայքով և շքեղությամբ առանձնանում է գեղարվեստական թարգմանությունը, որը թարգմանչին հնարավորություն է տալիս արտահայտչամիջոցների հարուստ գունապնակի, զգացմունքային ներգործության, գեղարվեստական հնարքների զինանոցի միջոցով յուրօրինակ «հաղորդիչ» դառնալ հեղինակի և ընթերցողի, երկու տարբեր մշակույթների, մտածողության, արժեքային համակարգի, մտավոր և զգացմունքային կերտվածքի միջև: Հայ իրականության մեջ հատկապես վերջին տասնամյակներին նկատելի է օտարալեզու ժամանակակից գրողների հայերեն թարգմանությունների աճող թիվը: Սա միաժամանակ թե՛ ուրախալի, թե՛ պարտավորեցնող է գեղարվեստական գրականության թարգմանիչների համար: Հրաշալի է, որ հայ ընթերցողը ծանոթանում է արդի գրական միտումներին, մասնակցում ժամանակակից, հաճախ՝ իր իսկ սերնդակից գրողների հետ հանդիպումների, մտքերի և կարծիքների փոխանակման, գրքերի համաշխարհային շնորհանդեսների, ձեռքը պահում աշխարհում ամեն օր ստեղծվող նոր, վառ, յուրօրինակ, երբեմն հակասական գրական հոսանքների զարկերակին:

Թարգմանությունն ինձ համար մասնագիտություն է, սիրելի մասնագիտություն և բացառիկ հարթակ, որի ամենաարժեքավոր առանձնահատկությունը, թերևս, մշտապես կատարելագործվելու անհրաժեշտությունն է, նոր բացահայտումների, գիտելիքի անվերջանալի աղբյուրների հայտնաբերման, գիտական հետազոտության, կասկածելու, ստեղծագործական խնդիրները լուծելու և նոր խնդիրների բախվելու հնարավորությունը:

 

Աննա Բաղրամյան

Թանա Ֆրենչի «Որոնողը» վեպի թարգմանիչ

Թարգմանությունը՝ և հատկապես գեղարվեստականը, իմ տարերքն է։ Իրականում շատ պարտավորեցնող է կամուրջ հանդիսանալ օտարալեզու հեղինակի և հայերենի լեզվակիրների միջև, կարողանալ փոխանցել ընթերցողին տվյալ երկրի կոլորիտը, բարքերը, սովորույթները, նիստուկացը, առանց բնագրից շեղվելու՝ միևնույն ժամանակ թարգմանելով այնպես, որ տպավորություն լինի, թե բնագիրը հենց հայերենն է։ Թարգմանությունը բարդ գործընթաց է, որը պահանջում է նվիրվածություն, սեր լեզուների և մշակույթների հանդեպ, անընդհատ սովորելու, կատարելագործվելու և լեզվական նորամուծություններին ու թրենդերին հետևելու կիրք։

Շնորհավորում եմ բոլոր թարգմանիչներին՝ մասնագիտական օրվա առթիվ, ցանկանում, որ մեր գրաշուկան շարունակի համալրվել և հարստանալ համաշխարհային գրականության արժեքավոր ու գեղեցիկ թարգմանություններով։

Ալիս Տեր-Ղևոնդյան

Դուլչե Չակոնի «Նիրհող ձայնը» և Մարիա Գաինզայի «Սև լույսը» վեպերի թարգմանիչ

Հասանելի դարձնել մոտ երկու տասնյակ իսպանախոս երկրների հարուստ գրականության նմուշները հետաքրքիր մարտահրավեր է, որն ինձ համար ուսումնասիրության պես մի բան է՝ մշակութային, պատմական, քաղաքական միջավայրի, լեզվական առանձնահատկությունների, բառապաշարի և այլն։

Թարգմանում եմ միայն ինձ դուր եկած ստեղծագործությունները (արձակ և պոեզիա), որոնք բնավ թեթև ընթերցանության համար չեն, բայց փոխարենը չտեսնված բացահայտումների առատ նյութ են պարգևում։

Համագործակցում եմ տարբեր հրատարակչությունների հետ, որոնք լույս են ընծայում թե՛ XX դարի հսկաների ժառանգության, թե՛ ժամանակակից հեղինակների գործերի թարգմանություններ։

Շատ եմ կարևորում հայ գրականության ներկայացումը իսպանալեզու ընթերցողներին։ Այս գործընթացը դեռ սկզբնական փուլում է գտնվում, հիմնականում զարգանալով մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ։ Ուրախ եմ, որ իմ թարգմանությամբ Արգենտինայում, Կոլումբիայում և Մեքսիկայում հրատարակվել են հայ ժամանակակից պոեզիայի և արձակի մի քանի ժողովածուներ։

Ասյա Դարբինյան

Թամթա Մելաշվիլիի «Համրանքախաղ» վեպի թարգմանիչ

Գեղարվեստական գրականություն ընթերցելն ու դրանով տարվելը միշտ էլ եղել է իմ կյանքի անբաժանելի մասը։ Թարգմանել սկսել եմ համալսարանական 3-րդ կուրսից` իմ գրականագիտության դասախոսի` պարոն Ռամազ Ճիլաիայի խրախուսմամբ ու մեծ աջակցությամբ։ Առաջին թարգմանությունը եղել է Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը, որը տպագրվեց համալսարանական ամսագրում, և ուրախությանս չափ ու սահման չկար։ Թարգմանչական գործն իմ կյանքի ամենալուսավոր մասն է։ Յուրաքանչյուր նոր թարգմանության ժամանակ մինչև վերջ տարվում եմ այն գրքով, որը թարգմանում եմ։

Գեղարվեստական թարգմանությունը թարգմանչից պահանջում է անցնել հեղինակի ողջ ստեղծագործական ուղիով, ընկալել ու ըմբռնել բնագրի ոգին ու միայն դրանից հետո գտնել բնագրի մտքի, զգացողության ու փորձի առավել ճշգրիտ արտահայտությունը , ամբողջությամբ վերարտադրել կամ փոխանցել բնագրի բովանդակությունն ու ձևը, որպեսզի այն համապատասխանի բնագրի լեզվին և ոճին։ Հատկապես բարդ է պոեզիայի թարգմանությունը։ Լեզվական և բանաստեղծական նոր իրականության ստեղծումը այլ լեզվով, որը ինչքան էլ ճշգրիտ լինի, միևնույն է, պատկանում է լեզվական այլ աշխարհին, ինձ մեծագույն հաճույք պատճառող վերստեղծման գործընթաց է։

Պոեզիա սկսել եմ թարգմանել Թբիլիսիի միջազգային գրական փառատոնի շնորհիվ և հրավերով։ 2015 թվականից ընկերուհուս և ժամանակակից լավագույն բանաստեղծներից Դիանա Անփիմիադիի հետ թարգմանել եմ գրական փառատոնի հյուր ժամանակակից հայ բանաստեղծների։ 2016 թվականին Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունների թարգմանության համար ես ու Դիանան արժանացանք վրացի նշանավոր բանաստեղծ և թարգմանիչ Վախուշտի Կոտետիշվիլիի անվան թարգմանչական մրցանակին, ինչն ինձ համար մեծ հպարտություն և պատասխանատվություն է։Քանի որ ես երկու մայրենի լեզու ունենալու հազվագյուտ երջանկություն ունեմ, փորձում եմ վրացի և հայ ընթերցողներին հրամցնել ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական գրական թարգմանություններ։

Լուսինե վան Ստապեն-Գևորգյան

Մարենտե դե Մուրի «Հոլանդացի օրիորդը» վեպի թարգմանիչ

Լեզուն մարդուն տրված բացառիկ շնորհ է։ Այն ժողովուրդների մտածողության և մշակույթի կրողն է, որի միջոցով սերունդներն իրար են փոխանցում այն արժեհամակարգը, ինչի շնորհիվ պահպանում են իրենց գոյությունը։ Լեզուն այն բարձրագույն արժեքներից մեկն է, որը ոչ միայն թույլ է տալիս բառերով պատկերել մեզ շրջապատող աշխարհը, այլ նաև կերտել նոր աշխարհներ։

Սերը լեզվի՝ որպես մարդու ներաշխարհի արտահայտման կարևոր միջոց, մեծ դեր է խաղացել իմ կյանքում։ Հետևաբար, մասնագիտության ընտրության հարցում երկար չեմ տատանվել։ Լեզվի ընձեռած անսահման հնարավորությունների հետ առնչվել եմ դեռ ուսանողական տարիներին, երբ սկսեցի իմ առաջին քայլերը թարգմանության ոլորտում։

Թարգմանիչն այն մարդն է, որը կարող է ծառայել որպես կամուրջ երկու տարբեր մշակույթների միջև՝ երկխոսության հնարավորություն ստեղծելով կյանքի տարբեր բնագավառներում։ Այսօր աշխարհն ավելի միաձուլված է քան երբևէ, ինչն էլ, իմ կարծիքով, ավելի է կարևորում թարգմանչի դերը հասարակության մեջ։ Այն չի սահմանափակվում տեքստի զուտ բառացի թարգմանությամբ։ Որակյալ թարգմանիչը ոչ միայն լավ տիրապետում է որևիցե լեզվի, այլ նաև հիանալի ծանոթ է տվյալ ժողովրդի լեզվամտածողությանը։ Լինելով հոլանդերեն լեզվի մասնագետ և գեղարվեստական թարգմանիչ՝ ինքս հաճախ եմ հայտնվում այնպիսի իրավիճակում, երբ կրկին գիտակցում եմ, որ կարելի է շատ լավ տիրապետել լեզվին, բայց, ծանոթ չլինելով տվյալ ժողովրդի լեզվամտածողությանը, տապալել մի ամբողջ գործընթաց։

Սերը գեղարվեստական թարգմանության հանդեպ ինձ մոտ բխում է ընդհանրապես գրքի հանդեպ ունեցած սիրուց։ Գիրքը նոր աշխարհներ է բացում մարդկանց առջև, նոր դռներ, որոնց գոյության մասին մենք միգուցե նաև երբեք չիմանայինք առանց գրքի։ Այլ ժողովուրդների գրականության ընթերցումը նմանապես լայնացնում է մեր մտահորիզոնը և օգնում ավելի լավ պատկերացում կազմել այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք։ Մինչդեռ թարգմանության գործընթացն ինքնին ստեղծագործ աշխատանք է, սակայն այս հատկությունն էլ ավելի վառ է արտահայտվում հենց գեղարվեստական թարգմանության մեջ։ Թերևս սա է ինձ համար գեղարվեստական թարգմանության ամենագրավիչ տարրերից մեկը։

Գիրք թարգմանելիս՝ թարգմանիչը երբեմն դադարում է լինել թարգմանիչ և դառնում է գրող, քանի որ նա պարտավոր է հեղինակի խոսքը լսելի դարձնել մի ընթերցողի համար, որին անծանոթ են, օրինակ` հոլանդական պոլդերներն ու, այսպես կոչված, «պոլդերային համակարգը», կամ ականջի համար խորթ են տիպիկ հոլանդական «պանրի գլուխ» (kaaskop) և նմանատիպ այլ արտահայտությունները։ Եթե խոսենք թարգմանության բարդություններից, կարող եմ ասել, որ հենց նմանօրինակ երևույթների և արտահայտությունների գրագետ թարգմանությունն է, որ կարող է որոշ բարդություններ առաջացնել թարգմանչի համար։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30