«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ում ունի 2-5 տոկոս ներդրում։ Բայց սա միայն ոլորտի մասնաբաժինն է, իսկ մենք բոլորս գիտենք մեր ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին։ Եթե անուղղակի ազդեցությունն էլ ենք գումարում, ըստ տարբեր հետազոտությունների, Հայաստանի ՀՆԱ-ի մինչեւ 11-12 տոկոսը ստեղծվում է այս ոլորտում։ Հայաստանում հարկերի 5-11 տոկոսը հավաքագրվում է մեր ոլորտի կազմակերպություններից»,- «Mining Armenia Forum»-ի ժամանակ այս ցուցանիշները ներկայացրեց Հայաստանի Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում անցկացվեց «Mining Armenia Forum»-ը, որը մեկ հարթակում միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի եւ ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների։ Համաժողովին մասնակցում էին առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից։
Ըստ կանխատեսումների՝ աշխարհում պղնձի պահանջարկը մինչեւ 2035 թվականը գրեթե կրկնակի աճելու է։ Վարդան Ջհանյանն ասաց, որ մոտակա մի քանի տասնամյակում սպասվում են պղնձի բարձր գներ եւ մեծ հնարավորություններ պղինձ արտադրողների համար։ Մոլիբդենի պահանջարկն էլ առաջիկա տարիներին, ըստ տարբեր կանխատեսումների, աճելու է 2-4 անգամ։
«Մոլիբդենի պաշարների մասով Հայաստանը ճանաչված է աշխարհում։ Երբ ոլորտի մասին խոսում ենք հասարակության լայն շրջանակների հետ, բոլորը հիշում են, որ Հայաստանն ունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշարներ։ Բայց, ցավոք սրտի, այդպես չէ, Հայաստանը չունի 7-8 տոկոս մոլիբդենի պաշար, Հայաստանի մոլիբդենի հաստատված պաշարներն աշխարհում կազմում են ընդամենը 1 տոկոս։ Եվ աշխարհում մոլիբդենի պահանջարկի աճի առումով Հայաստանի համար կան մեծ հնարավորություններ»,- ասաց Ջհանյանը։
Կարդացեք նաև
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ներկայացրեց Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության եւ ոլորտի զարգացման տեսլականը։ Նա նույնպես ընդգծեց, որ համաշխարհային պղնձի ու մոլիբդենի պահանջարկն աճում է։ «Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում։ Մինչեւ 2050 թվականը էլեկտրական մեքենաներով հագեցվածության գլոբալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի 80 տոկոսով ավելացնել պղնձի համաշխարհային արտադրությունը, ինչը, ըստ տարբեր գնահատականների, նշանակում է մոտ 195 պղնձի նոր նախագծի աշխարհում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԶՊՄԿ-ն համաժողովին աջակցում է ոլորտի միջազգային լավագույն փորձն ու նորագույն զարգացումները Հայաստան բերելու եւ կիրառելու նպատակով:
Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադեւոսյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը դեռեւս գտնվում է արատավոր շրջանում։ Եվ եթե կանխատեսվում է, որ ոլորտը պետք է զարգանա, ապա պետք է խոսել նաեւ գործողությունների մասին, որոնք ոլորտն արատավոր շրջանից կարող են տեղափոխել բարեբեր շրջան։
«Ոլորտը կարգավորման դեռեւս ցածր մակարդակ ունի, որն իր հերթին բերում է չլուծված խնդիրների, որն էլ հասարակության կողմից ձեւավորում է բացասական վերաբերմունք ոլորտի նկատմամբ, ոլորտային ռիսկերը բարձր են գնահատվում։ Հետեւաբար, ցածր ու քիչ որակյալ ներդրումներ են կատարվում, որն էլ բերում է նույն ցիկլին՝ շարունակում ենք ունենալ սոցիալական ոլորտի եւ շրջակա միջավայրի վրա ավելի մեծ բացասական ազդեցության, քան տնտեսության վրա ունեցած ընդհանուր ազդեցությունն է»,- ասաց Նարինե Թադեւոսյանը։
Համաշխարհային բանկը գնահատել է մինչեւ 2040 թվականը ոլորտի հնարավոր սցենարները։ Ըստ այդմ՝ կանխատեսվում է, որ ոլորտի արտադրական ծավալները 2040 թվականին կնվազեն մոտ 40 տոկոսով։
«Ի՞նչ է ենթադրում բարեբեր շրջանը մեր տեսանկյունից՝ նախ հանրային ներդրումներ եւ ոլորտի կարգավորման առավել բարձր առաջնահերթություններ, որն իր հերթին կբերի կարգավորված հզոր կատարողական գործող եւ նոր հանքերի շրջանում, ինչպես նաեւ ժառանգված չկարգավորված հանքերի խնդիրների լուծում։ Դա կնպաստի հասարակության կողմից ոլորտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը եւ ներդրումային ռիսկերի նվազեցմանը։ Հետեւաբար, կարող ենք ակնկալել ավելի շատ ու որակյալ ներդրումներ ոլորտում, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսության աճի տեմպերի բարձրացմանը։ Մեր գնահատականով՝ լավագույն սցենարներով հնարավոր է մինչեւ 2035 թվականն ունենալ որոշակի նոր հանքավայրերի բացահայտում եւ շահագործում։ Եվ այդ տրամաբանությամբ ոլորտը կարող է ունենալ մինչեւ եռապատիկ աճ։ Ինչքանո՞վ դա կօգտագործենք, սա է հարցը։ Ամեն դեպքում, մեր գնահատականներով, լավագույն սցենարի պարագայում ոլորտը կարող է արձանագրել մինչեւ 6,2 տոկոս տնտեսական աճ, որը գրեթե հավասար կլինի տնտեսության ընդհանուր աճի տեմպերին»,- նշեց Նարինե Թադեւոսյանը։
Անդրադառնալով ոլորտի ներուժին՝ Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն ասաց, որ 2014-2015 թվականներից հետո հանքարդյունաբերության ոլորտում աճ չի գրանցվել։ Ներկայում ոլորտում կայուն վիճակ է, այնինչ, Ջհանյանի խոսքով, ոլորտի ներուժը մեծ է, այն այսօր ամբողջությամբ չի օգտագործվում։
«Մեր ոլորտի զարգացման երեք հիմնական տարբերակ կա։ Առաջինն այն հանքավայրերի շահագործումն է, որոնք արդեն պատրաստ են շահագործման։ Դա միանգամից կտա տնտեսական էֆեկտ։ Երկրորդը, դա գործող հանքավայրերի ծավալի ավելացումն ու դրանց արդյունավետության բարձրացումն է։ Իսկ երրորդ տարբերակը նոր հանքերն են, սա ավելի երկարատեւ պրոցես է»,- նշեց Վարդան Ջհանյանը։
Ի՞նչ է սպասվում ոլորտին, հարցին անդրադառնալով՝ Ջհանյանը նշեց․ «Այս հարցին պետք է միասին պատասխանենք, եւ ոչ միայն այս ֆորումի ընթացքում։ Միասին պետք է հասկանանք՝ ուր է գնում մեր ոլորտը, ինչ հնարավորություններ ունի եւ ինչպես պետք է այդ ներուժն օգտագործենք: Օրինակ՝ քայլերից մեկը միջազգային չափորոշիչների ներդրումն է Հայաստանում, ներդրողների համար շատ կարեւոր է ունենալ հասկանալի հաշվետվություն ընդերքի ու պաշարների հաստատման վերաբերյալ»։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոլորտն ունի մեծ ներդրում պետության ու բանակի հզորացման գործում․ «Մեր հարկերն ուղղվում են նաեւ բանակի հզորացմանը, դա կարեւորագույն հարց է, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ մեր ոլորտն առաջին հերթին աշխատում է ի շահ մեր պետականության հզորացման ու տնտեսության զարգացման»։
ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ կառավարությունը ներուժ տեսնում է հանքարդյունաբերության ոլորտում, դա ամրագրել է ռազմավարությամբ եւ աշխատանք է իրականացնում։ «Այդ ներուժը մեր ընդհանուր արդյունաբերական ոլորտի մեջ անկյունաքարային տեղ է զբաղեցնում, որովհետեւ բացի բուն ընդերքի հետ աշխատանքից, հանքարդյունաբերության ոլորտն ունի իր հետ կապող տարբեր տնտեսական բաղադրիչներ։ Եվ մենք փորձում ենք այդ մյուս տնտեսական բաղադրիչները նույնպես ակտիվացնել»,- ասաց փոխնախարարը։
Էդվարդ Բիքհեմը փորձագետ է Մեծ Բրիտանիայից, «World Gold Council»-ի խորհրդատու, մասնակցում էր ֆորումին։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանքարդյունաբերությունը վճռական նշանակություն ունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից։ «Կլիմայի փոփոխության այս մեծ մարտահրավերը հաշվի առնելով, կարծում եմ, պետք կլինի զգալիորեն ավելացնել պղնձի, լիթիումի, մի շարք այլ հանքանյութերի ու մետաղների արտադրությունը, որպեսզի էլեկտրական ցանցերը նորագույն տեխնոլոգիաներով կարողանան աշխատել»,- ասաց նա։
«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի ունեցավ նաեւ եռակողմ հուշագրի ստորագրություն ԶՊՄԿ-ի, ԵՊՀ-ի եւ ՏԿԵ նախարարության միջեւ, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ