Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ. դատարանի վճիռ

Սեպտեմբեր 30,2024 13:30

Հանձնաժողովի որոշումների մասով կայացված վճիռների ավելի քան 73,5 տոկոսը եղել են հօգուտ Հանձնաժողովի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է 61 տնտեսավարողների կողմից արտադրված եւ ներկրված 176 անվանում ապրանքներ, որոնց տուփերի կամ փաթեթվածքների վրա մակնշված են «օրգանական» կամ «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինների կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերի առանձին կամ հարադիր բառերը։

Մի շարք դեպքերում նման բառերով մակնշումը որակվել է հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն, քանի որ տնտեսավարող սուբյեկտները փորձել են սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել (ապակողմնորոշել), որ այդ ապրանքներն օրգանական գյուղատնտեսության վարման կանոններին համապատասխան սերտիֆիկացված օրգանական գյուղատընտեսական արտադրանքներ են:

Հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց 2023 թվականի հաշվետության վերաբերյալ զեկույցը:

Այնտեղ անդրադարձ կա առեւտրային ցանցի կողմից բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, հակամրցակցային բանակցությունների, պետական գնումներում մրցակցության խախտումների, խտրական պայմանների կիրառման, ոլորտային (Էլեկտրաէներգիա, ծխախոտի արտադրության, պահնորդական գործունեության, էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների մատուցման) խնդիրների մասին:

Ըստ ուսումնասիրության վերջնարդյունքների՝ «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 2022թ.-ի օգոստոսի 30-ը եւ 2022 թ.-ի նոյեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ունենալով բանակցային ուժեղ դիրք, համադրելի կարագ ապրանքատեսակների իրացման գործընթացում չհիմնավորված արհեստական տարբերություններ է սահմանել եւ կիրառել այլ մատակարար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ նրանց կողմից մատակարարված կարագ ապրանքատեսակների մասով կիրառելով բարձր շահութաբերության մարժաներ, իսկ «Ալեքս Էնդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատակարարված կարագ ապրանքատեսակների նկատմամբ առանց հստակ, օբյեկտիվ եւ հիմնավորված չափանիշների կիրառել է ցածր մարժաներ՝ ապահովելով մրցունակ գին, ինչի արդյունքում «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունը հայտնվել է առավել նպաստավոր պայմաններում՝ ունենալով մատակարար այլ տնտեսավարող սուբյեկտների ապրանքների համեմատ առավել մեծ իրացման ծավալներ»: «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունը ստացել է մրցակցային առավելություն, ինչը որակվել է որպես «խտրական պայմանների կիրառմամբ» բանակցային ուժեղ դիրքի չարաշահում, ինչի համար «Սիթի» ընկերության նկատմամբ նշանակվել է 76 340 000 դրամի չափով տուգանք:

Ինչ վերաբերում է պետական գնումներում մրցակցության խախտումներին, Հանձնաժողովն ընդգծել է, որ պետական մարմնի հակամրցակցային գործողություններ են հավասարապես թե պետական գնման համար անհրաժեշտ, հիմնավորված պայմանների շրջանակից բացի հավելյալ պայմանների առկայությունը, ինչն ուղղակիորեն սահմանափակում է տնտեսավարող սուբյեկտների մասնակցության հնարավորությունը եւ ազդում է մրցակցության վրա, եւ թե անհրաժեշտ հստակության բացակայությունը, որն այս դեպքում արտահայտված էր գնահատման մեխանիզմների բացակայությամբ, ինչը եւս մըրցակցության իմաստով խնդրահարույց է, քանի որ առաջացնում է գնումների գործընթացից տնտեսավարող սուբյեկտների անհիմն դուրս մղման ռիսկեր:

Մեզ առավել հետաքրքիր էին վերջին տարիներին դատարանների վճիռները հանձնաժողովի որոշումների վերաբերյալ: Այն ներկայացրել էր վարչական վարույթների եւ դատական ներկայացուցչության բաժնի պետ Սեդա Ոսկանյանը:

2019 թվականից մինչեւ 2023 թվականն ընկած ժամանակահատվածում դատարանների կողմից Հանձնաժողովի որոշումների մասով կայացված վճիռների ավելի քան 73,5 տոկոսը եղել են հօգուտ Հանձնաժողովի: 2023 թվականը հատկանշական է նաեւ դատարանների կողմից մի շարք հարցերով դիրքորոշումների արտահայտմամբ։

Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը կաթնամթերքի ոլորտին վերաբերող վճռի շրջանակներում կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձեւավորել էր հետեւյալ մոտեցումները. «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն: Մթերքը որպես պանիր մակնշելը եւ իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, եւ «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, եւ ոչ թե «պանիր», պարունակում է հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցացկության հատկանիշներ»:

ՀՀ վարչական դատարանը առաքումների ոլորտի վերաբերյալ վճռի շրջանակներում էլ առաքումների ժամկետների սահմանման եւ կիրառման առնչությամբ ձեւավորել էր հետեւյալ կարեւոր մոտեցումները.

ա/ Առաքումների ժամկետներ սահմանելիս «˜» նշանի օգտագործումը տպավորություն է ստեղծում, որ «մոտավոր» տերմինը վերաբերում է առաքումների նշված ժամկետների միջեւ ընկած միջակայքին, ուստի առաքումների առավելագույն ժամկետը որեւէ պարագայում չի կարող գերազանցել նշված միջակայքի առավելագույն թիվը:

Ըստ զեկույցի. «Առաքումներ իրականացնող սուբյեկտի գործունեության երաշխիքը հենց անորոշ թվով անձանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է (վերջիններիս եկամուտը կապված է հաճախորդների քանակից), իսկ հետաքրքրությունը կարող է առաջանալ հենց ցանկալի ապրանքի «գայթակղիչ» ժամկետներում առաքումը կազմակերպելու միջոցով, հետեւաբար ծառայությունների մատուցման հարթակում՝ կայքում եւ բջջային հավելվածում ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը հանդիսանում է գովազդ: Տնտեսավարող սուբյեկտի կողմից առաքումների համար որոշակի միջակայքով ժամկետի սահմանման դեպքում առաքումները գործնականում սահմանված առավելագույն ժամկետի ուշացումով իրականացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է», ինչն էլ դատարանների կողմից իրավական գնահատականի էր արժանացել:

Հանձնաժողովն ամփոփել էր «Պահնորդական ծառայություններ» ապրանքային շուկայում տիրող իրավիճակը: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը ներառում է ՀՀ ողջ տարածքը: Նշված էր, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը չապահովագրելը հանդիսանում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի դադարեցման հիմքերից մեկը, սակայն անհնար է դառնում կյանքի ապահովագրության ապահովումը՝ ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայութունը չի մատուցվում։ Դրա հետ կապված՝ Հանձնաժողովն առաջարկել է իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություն այնպես, որ անհրաժեշտ ապահովագրական ծառայությունները գործնականում հնարավոր լինի ձեռք բերել։ Ի դեպ, ոստիկանությունը ի թիվս այլ գործառույթների, պայմանագրային հիմունքներով իրականացնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների եւ գույքի պետական պահպանություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունն իր կարգավիճակով պայմանավորված ունի մի շարք առավելություններ, հնարավոր է ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվեն մրցակցության ոչ նպաստավոր պայմաններ:

Վերջին տարիներին շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրությունների շրջանակում ուշադրության էր արժանացել օղու շրջանառության ոլորտը։ 2019-2021 թթ.-ին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցվել են 8 վարույթներ, որոնց արդյունքում տնտեսավարող սուբյեկտները ենթարկվել են պատասխանատվության եւ նշանակ ված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 51 585 780 դրամ։

2022 եւ 2023 թվականներին օղու շրջանառության ոլորտում շփոթության հիմքով խախտումներ չեն արձանագրվել:

Հասարակության մոլորեցման անբարեխիղճ մրցակցության դրսեւորման օրինակների մեջ նշված էր ինտերնետ շահումով խաղեր իրականացնող ընկերությունների կողմից իրականացված մի շարք ակցիաները: Մասնավորապես, վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում ընկերությունները տեղեկատվությունը ներկայացրել են այնպես, որ առաջացել է ապակողմնորոշման տպավորության ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության եւ հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվությունը գովազդներում չեն նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30