Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգի մեջ չի մտնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ըստ իրենց տեսլականի՝ Հայաստանը պետք է արժանանա Արցախի ճակատագրին»

Սեպտեմբեր 30,2024 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 

-Պարոն Այվազյան, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Էրդողանն ասել էր, թե իբր «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել»։ Մենք գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը նախապայմաններով են խոսում Հայաստանի հետ, հետեւաբար, ինչի՞ շուրջ էր այս հանդիպումը։

-Ի՞նչ առանց նախապայմանների բանակցության մասին է խոսքը, պարզ է, որ Թուրքիայի ղեկավարությունն իր դիրքորոշումից հետո չի կանգնելու։ Իսկ այդ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ կնքի անվերապահ կապիտուլյացիայի մասին պայմանագիր, որտեղ պետք է ֆիքսվի, որ Հայաստանը կնքում է ոչ թե խաղաղության, այլ պարտության պայմանագիր։ Իսկ այն, որ Թուրքիան «առանց նախապայմանների» կարող է Հայաստանի հետ բանակցել, մենք վաղուց պետք է այդ պատրանքին մեկընդմիշտ հրաժեշտ տայինք։ Եթե դա այդպես լիներ, Արցախի ժամանակավոր օկուպացիայից հետո ինչո՞ւ Թուրքիան չապաշրջափակեց Հայաստանի հետ սահմանը։ Պայմանավորվել Թուրքիայի հետ՝ դա նույնն է, որ փորձես բանակցություններ վարել՝ գլուխդ մտցնելով կոկորդիլոսի երախը։

Անշուշտ, Թուրքիան երբեք չի հրաժարվի իր նախապայմաններից։ Իսկ իրենց նախապայմանները փոխկապակցված են Ադրբեջանի կողմից առաջ քաշվող անընդունելի նախապայմանների հետ, որոնք իրենց մեջ պարունակում են Հարավային Կովկասում հայկական պետականության գոյութան հետ անհամատեղելի պահանջներ։ Այնպես որ, պետք է վերջ տալ անիրագործելի պատրանքներին եւ երազներին, որ Հայաստանը երբեւիցե կդառնա խաղաղության խաչմերուկ։ Հայաստանը միշտ էլ եղել է մեծ տերությունների միջեւ բախումների թատերաբեմ։ Եվ այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց համար որոշել են Հայաստանի գոյության տեսլականը։ Առավելագույնը, ինչ իրենք պատկերացնում են, այն է, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կլինի մահվան համակենտրոնացման ճամբարի կարգավիճակում։ Եվ, ըստ իրենց տեսլականի, մեր երկրին պետք է սպառնա Արցախի ճակատագիրը՝ շրջափակումը եւ հայաթափումը։ Իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը ոչ ոք պահանջների ցանկից չի հանել։ Նրանք պահանջում են նաեւ, որ մեր Սահմանադրությունը փոխենք, փոխենք մեր զինանշանի վրա Արարարտ լեռան պատկերը եւ այլն։ Ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չի փոխում իր Սահմանադրությունը։ Մի՞թե Ադրբեջանն ու Թուրքիան չեն, որ 19 200 քկմ տարածքային պահանջ ունեն Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Այն, որ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարությանը պատկանող շենքում, եւս մեկ անգամ շեշտում է այն միտքը, որ Թուրքիան կհանդուրժի այսպես կոչված հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը՝ միմիայն իր նախապայմաններն ընդունելուց հետո։ Իսկ այդ նախապայմանները նախատեսում են հայկական պետականության վերջնական կազմալուծում՝ չունենալով բանակ, ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն, չունենալով անգամ սեփական ճանապարհները վերահսկելու իրավունք։ Էլ չեմ խոսում տարածքային ամբողջականության պահպանման մասին։

-Փաշինյանն Ադրբեջանին առաջարկեց այսպես կոչված «խաղաղության պամանագրի» նախագծից հանել չհամաձայնեցված հարցերը եւ համաձայնեցված դրույթներով փաստաթուղթ ստորագրել։ Ի պատասխան Ալիեւն ասաց, որ «նման պարզունակ եւ ոչ ադեկվատ քայլը սպասելի չէր»։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։

-Ադրբեջանում ասում են՝ կամ ընդունում ես ամեն ինչ, կամ չես ընդունում ոչինչ։ Այս պարագայում Ալիեւն ավելին ասաց, գնաց հերթական ստուգայցի զինված ուժեր, նոր սպառազինությունները դիտարկեց։ Եվ պարզվեց, որ արդեն «Զանգեզուր» անունով են կոչել անօդաչու թռչող սարքերը։ Դա երեւի թե ինչ-որ բան հուշում է, թե ինչի է պատրաստվում Ադրբեջանը՝ պատեհ պահի Հայաստանի դեմ սանձազերծել նոր ռազմական ագրեսիա։ Եվ դա իրենք չեն էլ թաքցնում։ Միջազգային ռազմական կենտրոններն այդ մասին բազմիցս խոսել են։ Թուրքիան էլ ոչ թե զսպաշապիկ է, այլ խրախուսում է Ադրբեջանի այդ հնարավոր քայլը։ Ալիեւը Հայաստանի Հանրապետությունը համեմատում է պարտված ֆաշիստական Գերմանիայի հետ։ Ասում է՝ պարտված Գերմանիայի հետ ոչ թե պայմանագիր են կնքել, այլ անվերապահ կապիտուլյացիա, եւ հետո հաղթողները Գերմանիան բաժանել են մի քանի մասի։ Այսինքն՝ իրենք այպես են պատկերացնում «խաղաղության» ապագան եւ այդպես են պատասխանում հայկական կողմի առաջարկներին, ծաղր ու ծանակի են ենթարկում հայկական կողմից հնչող առաջարկները՝ անարգանք ցուցաբերելով այսպես կոչված «խաղաղության» ողջ գործընթացի եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերի նկատմամբ։ Չեն թաքցնում իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական նկրտումները եւ ոչ էլ ամաչում են համաշխահային հանրությունից։ Ուղղակի սպասում են դրանք իրագործելու պատեհ պահին։

Մենք էլ պետք է դադարենք ապրել պատրանքների աշխարհում եւ պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։ Ցավոք սրտի, «խաղաղության դարաշրջանը» որպես անկատար երազանք կմնա, պատերազմը անպայման կլինի, վաղ թե ուշ, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում։ Եվ մենք ցանկանանք, թե չցանկանանք, պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր երկրի գոյությունը, յուրաքանչյուրիս տան անվտանգությունը, հայրենիքում ապրելու եւ արարելու մեր օրինական իրավունքը։ Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ եւ զիջումներով ավելի ամրապնդել ագրեսորի դիրքերը։ Ցանկացած զիջում նրանք կօգտագործեն, որպեսզի նոր պատերազմն ավելի շահեկան դիրքերից սկսեն, դա նրանք չեն թաքցնում։ Այնպես որ, մենք ինչքան ուզում ենք, կարող ենք խոսել մեր օրակարգի մասին, բայց աշխարհն ապրում է իր օրակարգով։ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգի մեջ չի մտնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կամ սահմանների ապաշրջափակումը։ Մենք դրա հետ պետք է հաշտվենք եւ պատրատսակամ լինենք դիմակայել ու պաշտպանել մեր երկրի անվտանգությունը։

Իզուր չէ, որ Ադրբեջանը շտապում է իր համար ավելի շահեկան ինչ-որ բան կորզել, որովհետեւ տեսնում է, որ տարածաշրջանը եռում է տարբեր իրադարձությունների զարգացումով։ Եվ ցանկացած պահի ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել՝ ոչ ի օգուտ Ադրբեջանի։ Եթե մենք ճշգրիտ գործածենք մեր ձեռքում եղած շահեկան խաղաքարտերը, ապա ոչ միայն կարող ենք հույս ունենալ մեր դիրքերը պահպանելու, այլ նաեւ նվաճումներ կունենանք։ Բայց մենք պետք է միասնական ու զգույշ լինենք, չպառակտվենք, որովհետեւ Ադրբեջանը հենց դրան էլ սպասում է։ Այդ շռայլությունը մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Մենք ունենք արտաքին թշնամիներ եւ չպետք է երկրի ներսում թշնամանք սերմանենք, որ չկարողանանք իրական թշնամուն հակահարված տալ։

Եվ քանի որ մեր ժողովուրդն այնուամենայնիվ խոհեմ ժողովուրդ է, իր ինքնապաշտպանական բնազդը չի կորցրել, չեմ կասկածում, որ մոտալուտ վտանգի հանդեպ մեր միասնությունը կպահպանենք եւ պատշաճ պատասխան կտանք Ադրբեջանի կողմից եկող իրական սպառնալիքներին ու վտանգներին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30