Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողված վեպին՝ բարձր գնահատական

Սեպտեմբեր 30,2024 12:00

Աննա Դավթյանի՝ 2020թ. հրատարակված «Խաննա» վեպը թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի որոշ գրականագետների կողմից բարձր գնահատանքի է արժանացել՝ գրքի շուրջ ստեղծելով դրական ֆոն եւ առաջացնելով հետաքրքրություն։ Համացանցում առկա երկու անդրադարձ-գրախոսությունները (Վարդան Ջալոյան, Գեւորգ Տեր-Գաբրիելյան), ըստ էության, կենաց-գովքի ժանրից են, մյուս դեպքերում հայրենի գրականագետները նախընտրել են գրքին անդրադառնալ բանավոր՝ տարբեր հարցազրույցներում ուղղակի հիշատակության ձեւով։ Հեղինակի կողմից հանրայնացվել է նաեւ սփյուռքահայ գրականագետ, փիլիսոփա, թարգմանիչ Մարկ Նշանյանի նամակը, որում գրականագետը կրկին բարձր գնահատանքի է արժանացնում վեպն ու հեղինակին՝ անվանելով նրան արեւելահայ իրականության մեջ առաջին «իսկական կին վիպագիր», ապա գրում՝ «Երեք հարիւր էջը հաւասարեցնել գաղտնիքին։ Բայց այնպէս մը ընել նաեւ որ «երկրի» գաղտնիքը ըլլայ։ Ուր պարուրուելէ ետք, բուրգը բարձրացուելէն ետք, «երկիր»ը չըլլայ նոյնը ինչ որ էր առաջ։ Փլի։ Ինքն իր փլուզումը ներկայացնէ։ Եւ կիներուն տեղը այդ երկրին մէջ։ Կիներուն ցաւը, խօսքը, ներկայութիւնը, ուժը, նրբութիւնը։ Այս՝ երկրորդ բանն էր որ պիտի ըսէի։ Խենթենալիք համարձակութիւնը, որ համարձակութիւն չէ, քանի որ բնական է։ Բայց գին մը կայ վճարելիք այդ բնականութեան համար»։

Վստահ եմ, որ Դավթյանը նամակը հանրայնացնելը համաձայնեցրել է Մարկ Նշանյանի հետ, եւ համոզված եմ, որ պատկառելի վաստակ ունեցող գիտնականը գիտի, որ իր նամակում արտահայտած մտքերը, դիտողությունները, բնութագրումները եւ, ի վերջո, բնորոշումը գրքին շատերի համար ուղղորդող նշանակություն ունեն, եւ հատկապես Սփյուռքում։ Ինչո՞ւ է պարոն Նշանյանը հիացած այս վեպով։

Վեպն առավելապես կառուցված է շարունակական երազների ու հիշողությունների հենքով՝ մանկությունից մինչեւ դեռահասություն, ուսանողական կյանք, ամուսնություն, գործուղումներ եւ այլն։ Հիշողությունների, երբեմն՝ երազների միջոցով հեղինակը ներկայացնում է Խաննայի կյանքի պատմությունը՝ դժվար մանկությունից մինչեւ դժբախտ ամուսնություն ու արտամուսնական կապեր։ Արդյունքը՝ հոգեկան շեղումներով (հերոսուհին հաշվառված է հոգեբուժարանում), հոգեմտավոր ու բարոյական ճգնաժամում գտնվող դժբախտ կինն է, վերջնակետը՝ տոհմապղծությունը։ Ընդ որում, վեպը սկսվում է հերոսուհու կողմից դեպի տոհմապղծություն մղվելու տեսարանով եւ ավարտվում է բուն գործողությամբ։

«Զարեհ Որբունի՝ Ժամանակ եւ հայրութիւն» հոդվածում Նշանյանը գրում է. «Հայերէն լեզուն հարուստ է բառերով, որոնք կը նշեն հարազատներու միջեւ սեռայնութիւնը. «ազգապղծութիւն» կամ «տոհմապղծութիւն» ամէնէն ընթացիկներն են… ազգապղծութեան արգիլումը հիմն է նաեւ մարդկային բոլոր ընկերութիւններուն։ …«Մարդ»ը կը սկսի ազգապղծութեան արգիլումէն» («Բազմավեպ», 1996, թիվ 1-4, էջ 113-114)։

Հայ իրականության մեջ (հատկապես սփյուռքահայ գրողների) տոհմապղծության ողբերգական դրվագները բազմաթիվ են, օրինակ, նույն Զարեհ Որբունու «Եւ եղեւ մարդ» վեպում, կամ՝ Նիկողոս Սարաֆյանի «Իշխանուհին» վեպում, Կոստան Զարյանի «Քուրիկ» նորավեպում եւ այլն։ Սակայն բոլոր դեպքերում տոհմապղծությունը դառնում է Ցեղասպանությունից հետո ինքնության խաթարման, հիմնազրկության ցուցիչ։ Հաճախ տոհմապղծությունը տեղի է ունենում չգիտակցված, ինչպես օրինակ Կոստան Զարյանի «Քուրիկ» նորավեպում. Ցեղասպանությունը վերապրած եւ փոքր տարիքում որբանոցում հայտնված տղան ամուսնանում է նույն որբանոցում հայտնված աղջկա հետ եւ հետո պարզում, որ կինը իր քույրն է։ Այս տեսանկյունից տոհմապղծությունը ընկալվում է որպես Ցեղասպանության շարունակություն։

Խաննայի պարագայում առկա է ոչ թե ինքնության խաթարում, այլ՝ ինչպես նշեցինք հոգեմտավոր ու բարոյական ճգնաժամ կամ դրանց ուղղակի բացակայություն։ Տոհմապղծությունը վեպում ներկայացվում է որպես սիրո, հաճույքի դրսեւորում։ Այս տեսանկյունից ինչպե՞ս կարող է նման կինը ցույց տալ որեւէ ազգի, որեւէ հասարակության «կիներուն տեղը այդ երկրին մէջ։ Կիներուն ցաւը, խօսքը, ներկայութիւնը, ուժը, նրբութիւնը»։

Վեպի ձախողմումը նախեւառաջ պայմանավորված է ներկայացվող շրջանակի լայն ընտրությամբ. Դավթյանը փորձում է հերոսուհու միջոցով ներկայացնել եւ՛ սովետական Հայաստանի վերջին տարիները, երկրաշարժը, եւ՛ հետանկախության առաջին տասնամյակի ծանր իրավիճակը, եւ՛ Արթիկ քաղաքի միջավայրը՝ շրջակայքով ու կենցաղով, եւ՛ 2000-ականների հանրակացարանային կյանքը՝ զուգահեռ մտորումներով, եւ՛ ներկան՝ Քառօրյա պատերազմը, 2018 թվականը եւ այլն։ Առկա են նաեւ 2018 թվականի էյֆորիայի ազդեցությամբ գրված անհեռատես հատվածներ (էջ 149)։ Այս լայն պնակում Դավթյանը փորձել է ստանալ վեպ ամեն ինչի մասին, բայց ձախողել է. ժամանակաշրջաններն ու միջավայրերը լղոզված են, հաճախ անկապակից ու կտրտված, դրանք առավել են լղոզվում Խաննայի՝ ամբողջ վեպի ընթացում առկա ընդգծված սեռականության համատեքստում։

Վեպի ասելիքն, ի վերջո, կնոջ, այսպես կոչված, ազատականացումն է, սակայն Դավթյանը լայն շրջանակի մեջ զգուշորեն տեղավորել է նաեւ պատերազմական թեման շոշափող մոտիվներ, որոնք, ըստ էության, արհեստականորեն խցկված են. Խաննան, լսելով, որ եղբայրը Քառօրյա պատերազմի ժամանակ մարդ է սպանել, վերաբերմունքը փոխում է նրա նկատմամբ դեպի բացասականը (էջ 148), որից հետո՝ Գերմանիա գործուղման ժամանակ, երբ հանդիպում է Ադրբեջանից ժամանած Օրհանին, «մոր հոգատարություն» է դրսեւորում նրա նկատմամբ (էջ 162)։

Եթե ընդունենք, որ վեպը չունի ինքնակենսագրական հենք՝ գեղարվեստական խտացված երանգներով, եւ նպատակը վեպի ժանրում հայ կնոջ դերի բարձրացումն է գեղարվեստական պատկերավորման միջոցով, ապա պետք է նշել, որ այս համատեքստում Խաննայի կերպարը եւս ձախողվել է՝ մի կերպարում անհեթեթության հասնող ընդգծված բացասական հատկանիշների խտացման արդյունքում՝ սեփական պտղի նկատմամբ զզվանք զգալը, շարունակական ներքին կռիվները ինքն իր ու աշխարհի հետ, արտամուսնական կապերը, զզվանքը ամուսնու ու նրա մոր հանդեպ եւ այլն։ Որպես առավելություն այս ձախողված վեպի, կարող ենք նշել կենդանի լեզուն, նկարագրական վարպետությամբ գրված բազմաթիվ էջեր։

Ուրեմն, գրական ճաշակ եւ լուրջ վաստակ ու փորձ ունեցող պարոն Մարկ Նշանյանը զարմանալիորեն եւ ցավալիորեն սխալվել է այս վեպի հարցում, կամ՝ որ ամենավատն է՝ Նշանյանի բարեկամական խոսքը գրքի մասին օգտագործվել է դրա շուրջ բարձր կարծիք ձեւավորելու համար։ Բոլոր դեպքերում արդյունքը մեկն է, եւ ունենք այն, ինչ ունենք։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» . Գրախոսությունն արտահայտում է միայն ու միայն հեղինակի, եւ ոչ «Առավոտի» կարծիքը:

«Առավոտ» օրաթերթ
28.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցասեր Հայ says:

    Գրքի շապիկի նկարը՝ փսխող կերպար, շատ համահունչ է գրքի ընթերցանությունից ստեղծվող վիճակին։ Եթե հեղինակի նպատակը զզվանք առաջացնելն է հայաշխարհի ֆիզիկական ու հոգեկան վիճակների հանդեպ, ապա դա նրան լրիվ հաջողվել է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30