Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ Գրիգոր Մինասյանին նշանակում էին, Հովիկ Աղազարյանը կամ ստորագրահավաքի մասնակից մյուս պատգամավորները տեղյակ չէի՞ն այդ ազգակցական կապի մասին». Նինա Կարապետյանց

Սեպտեմբեր 30,2024 14:30

Ըստ իրավապաշտպանի՝ եթե այն ժամանակ ամբողջ քաղհասարակությունը լիներ սկզբունքային ու հետեւողական, Գրիգոր Մինասյանը մի օր չէր մնա աշխատանքի։

«Դադարել եմ լուրջ ընդունել գործող իշխանությունների որեւէ գործողություն՝ թե’ նշանակում, թե’ պաշտոնից հեռացում, որովհետեւ իրենք հետեւողական են իրենց՝ անհետեւողական լինելու մեջ»,- «Առավոտի» հարցին՝ այն, ինչ կատարվում է ՀՀ արդարադատության նախարարությունում եւ նախարար Գրիգոր Մինասյանի անձի շուրջ, նպաստո՞ւմ է դատաիրավական բարեփոխումներին, թե՝ ոչ, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Փաստեցինք՝ ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշել էր՝ պատճառներից մեկն այն է, թե Մինասյանի «հայրն ու եղբայրն ովքեր են»։ Նինա Կարապետյանցն այս առիթով ասաց. «Երբ նշանակում էին, Հովիկ Աղազարյանը տեղյա՞կ չէր կամ ստորագրահավաքի մասնակից մյուս պատգամավորները տեղյակ չէի՞ն այդ ազգակցական կապի մասին, արդյոք չե՞ն լսել քաղհասարակության ներկայացուցիչների՝ նշանակումից հետո ամիսներ շարունակ տեւող բողոքները, խնդիրների մասին բարձրաձայնող մարդկանց հետեւե՞լ են, թե՝ ոչ, թքա՞ծ են ունեցել, թե ով ինչի մասին է խոսում, թե ով ինչ վտանգներ է տեսնում։ Սա խոսում է իրենց որակի մասին, իրենց բոլոր մնացած նշանակումները կասկածի տակ են, իրենց բոլոր քվեարկություններով նշանակված մարդկանց կասկածի տակ են դնում, եւ չգիտեմ՝ ինչից են հանգել այդ հանճարեղ մտքին, ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվել։ Բայց դա խոսում է իրենց՝ ոչ իշխանություն լինելու, պետականամետության զրո մակարդակն ունենալու մասին։ Պիտի կատարյալ ապուշ լինես, որ նշանակես մարդուն, ում մասին դու ունես տեղեկություններ, հանրային տեղեկություններ։ Ազգակցական կապի մասին չիմանալ, ի՞նչ կարգի պետք է կյանքից կտրված լինես։ Մյուս կողմից էլ տարիներ շարունակ այդ անձը ղեկավարել է տարբեր բարեփոխումներ, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, եւ հանկարծ տարիների աշխատանքից հետո հիշում են՝ կարծես թե այնքան էլ դուրները չի գալիս։ Արդեն անլուրջ է»։

Նինա Կարապետյանցը ցավով նշեց՝ այնքան են անլրջացրել այս երկիրը, որ չգիտի՝ իրենց պատիժն ինչպիսի՞ն պիտի լինի, որ կարողանանք վերականգնել հասարակության մոտ վստահությունը դեպի պետություն, պետականություն, դեպի պետական մարմիններ, իրենք այդ աստիճան վնաս են հասցրել մեր պետությանը:

«Ամենավատ բանը, որ կարելի էր անել, հասարակության մոտ ձեւավորել այդ նիհիլիզմը, պետական մարմինների նկատմամբ անվստահությունը, արհամարհանքը, մերժումը…Այս ամենը կատարելագործված տեսակով արեց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»,-նկատում է իրավապաշտպանը։

Հիշեցրինք՝ քաղհասարակությունը ժամանակին Գրիգոր Մինասյանի նշանակման հետ կապված իր մտահոգությունը հայտնել էր, Նինա Կարապետյանցն արձագանքեց. «Քաղհասարակություն՝ այն տրամաբանության մեջ, որը կար մինչեւ 2018-ը, այլեւս չկա։ Քաղհասարակության միասնականությունը, որ կար ժամանակին, առնվազն գոնե կարմիր գծեր կային, որ երբեք ոչ մեկ իրեն թույլ չէր տա անցնել, 2018-ից հետո ուղղակի տապալված է։ Եթե քաղհասարակության ներկայացուցիչների մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են արդարացնել այս իշխանության ցանկացած գործողություն այն դեպքում, երբ նախկինում նման գործողության համար չգիտեմ՝ ինչ կանեին իշխանություններին, կան առանձին անհատներ, որոնք իրենց նպատակահարմարությունից, ազգակցական, բարեկամական, ընկերական կապերից ելնելով կամ արձագանքում են կամ չեն արձագանքում, կամ հարմարվում են, կամ՝ ոչ, դա նշանակում է, որ քաղհասարակությունը տապալված է։ Հիմա լիքը մարդ կա քաղհասարակությունում, որ ծափահարել է, իբր բարեփոխումների մասին գեղեցիկ ճառեր է ասել, միջազգային տարբեր կառույցներում նշում էին, որ սրանք փառահեղ առաջարկներ են… թող ամեն մեկն իր համար պատասխան տա»։

Հարցին՝ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակման եւ մի քանի օր հետո հրաժարականի մասին ի՞նչ կարծիք ունի, Նինա Կարապետյանցն ասաց. «Փոխնախարարի՝ ոչ նշանակմանն եմ հետեւել, ոչ՝ ազատմանը, որովհետեւ, եթե կա վիճելի նախարար, էլ ի՞նչն է խանգարում, որ վիճելի ճանապարհ անցած փոխնախարար լինի։ Բազմաթիվ անձինք այս իշխանության կողմից նշանակվել են նոր պաշտոնների՝ այն մարդկանց մասին է խոսքը, որոնք առնվազն գոնե լյուստրացիայի պարագայում երբեւէ վերադարձի հնարավորություն չպիտի ունենային, էլ չեմ ասում, որ կան մարդիկ, ում միայն ՔՊ-ի ձայներով նշանակել են արդարադատության ոլորտում ամենաբարձր պաշտոնների, իսկ այդ մարդիկ պետք է գտնվեին քրեակատարողական հիմնարկներում։ Դե, հիմա մի փոխնախարար ավել, մի փոխնախարար պակաս, այնքան անէական բաներ են, որովհետեւ ավելի լայն իմաստով արդարադատության հերն անիծել են այս իշխանսությունները։ Տեղից մեր արդարադատության համակարգը կիսամեռած վիճակում էր, հիմա արդեն վաղուց հուղարկավորելու ժամանակն է ամբողջ ծավալով»։

Ըստ իրավապաշտպանի՝ եթե այն ժամանակ ամբողջ քաղհասարակությունը լիներ սկզբունքային ու հետեւողական, Գրիգոր Մինասյանը մի օր չէր մնա աշխատանքի. «Բայց քաղհասարակության ներսում նաեւ մարդիկ կային, որոնք բուռն ծափահարություններով ընդունեցին նրա նշանակումը եւ’ փոխնախարարի, եւ’ նախարարի կարգավիճակում։ Հետեւաբար այլ բան ակնկալել, ես չեմ պատկերացնում։ Թե հիմա ինչո՞ւ են որոշել փոխել, սա հավանաբար ունի այլ պատճառներ։ Կարելի է ժամանակ էլ չվատնել հասկանալու համար, մի քիչ սպասենք, կիմանանք, քանի որ իրենք անգամ դա չեն կարողանում գաղտնի պահել, զուսպ լինել։ Հաստատ մի տեղից կերեւա, թե իրական պատճառը որն է»։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30