Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ներքին համերաշխության համար Եկեղեցին քայլեր չձեռնարկի, ապա քաղաքացիական ընդհարումները անխուսափելի կլինեն

Սեպտեմբեր 30,2024 09:30

Իշխանությունների ներկայությունը կարելի՞ է արդյոք դիտարկել որպես Եկեղեցու և Պետության միջև հաշտության քայլ։ Լրագրողները փորձեցին այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ և՛ իշխանական թևից և՛ ընդդիմադիր դաշտից և՛ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից, սակայն հիմնականում խուսափողական պատասխաններ էին հնչում։

Իսկապես հարցը բազմաշերտ է և որևէ պատասխան կարող է ունենալ տարաբնույթ մեկնաբանություններ, ինչից էլ հիմնականում խուսափում էին հարցի հասցեատերերը, թեև այդ հարցի պատասխանը ակնհայտ ու պարզ է։ Միանշանակորեն իշխանությունների ներկայությունը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման հոգեզմայլ արարողություններին խոսում է այն փաստի մասին, որ Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնվելու համար նոր սկիզբ է դրված։ Աստված խղճաց հայ ազգին և իր ողորմությամբ տնօրինեց Հայոց Սրբալույս նոր Մյուռոնի օրհնումն ու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի դռների բացումը։

Վեհափառը իր խոսքում պատգամեց, որպեսզի մեր միջից մերժենք անտարբերությունը, քինախնդրությունն ու անհանդուրժողականությունը, ինչը, կարծում եմ, հայաստանյան ներքաղաքական մթնոլորտին էր վերաբերում ընդհանրապես և մասնավորապես Եկեղեցի-Պետություն հարաբերություններին։

Համաձայն ավանդության, նման արարողությունների ժամանակ հնչող պատգամի կամ քարոզների ընթացքում Հայրապետական անվանական ողջույններ են հղվում ՀԱԵ Նվիրապետական Աթոռների գահակալներին, ինչպես նաև երկրի նախագահին ու վարչապետին, սակայն այս անգամ, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով ներկա ժամանակների ներքաղաքական լարված իրավիճակը, Ամենայն Հայոց կաթողիկոսը այլ մոտեցում ցուցաբերեց՝ չհնչեցնելով որևէ անուն, ինչը կարծում եմ, մեծ մասամբ հետևանք էր նաև, ընդդիմադիր դաշտի կողմից քննադատությունների չենթարկվելու մտավախության։ Հասկանալի է, որ փոխադարձ քննադատությունները շատ դեպքերում հատել են կարմիր գծերը, սակայն երկխոսության համար կարևոր դուռ է բացված և շատ շուտով, կարծում եմ, ականատես կլինենք նաև Վեհափառ Հայրապետի այցելությանը պետական որևէ միջոցառմանը։

Գենադի Մնացականյան

Եկեղեցու քայլերի տրամաբանությունը խիստ տարբեր է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողությունների հաջորդականության տրամաբանությանը, ուստի առնվազն անարդար են Եկեղեցուն անսկզբունքայնության մեջ մեղադրելու փորձերը։ Կարևոր է, որպեսզի հիվանդագին չընդունվեն նման փաստերը։ Պարզապես անձնական ամբիցիաները ոչ բոլորին է հաջողվում հաղթահարել և դրա համար հաճախ փոխադարձ անտեղի ու ծայրահեղական քննադատություններ են հնչում։

Խոսվել է եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու մասին, սակայն Եկեղեցին չափի ու ժամանակի զգացումը երբեք չի կորցրել։ Դեռ ամիսներ առաջ եկեղեցին պաշտոնապես հայտարարել էր, որ չի սատարում որևէ ընդդիմադիր շարժման, Եվ եթե որևէ հոգևորական մարդկայնորեն էմոցիաների ազդեցության տակ ինչ որ ծայրահեղական հայտարարություններ է արել, ապա ամեն անգամ այդ փաստը նրա աչքը մտցնելու կարիք չկա, եթե անհրաժեշտ լինի, ապա ինքը կվերահաստատի իր ասածը, իսկ եթե այլևս չի խոսում դրա մասին, ուրեմն դրա կարիքն այլևս չկա։ Պատշաճ չէ անընդհատ ստիպել նրան, որպեսզի հաստատի իր ասածը։ Նույնիսկ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդն էլ վերատեսության ենթարկի իր կողմից արված նախկին հայտարարությունները, ինչպես նաև իշխանությունները հարկ եղած դեպքում կարող են վերանայել իրենց որոշումները կրթական, օրենսդրական և այլ բնագավառներում, որտեղ Եկեղեցին իր անհամաձայնություններն ու դիրքորոշումներն էր հայտնել և հիմա էլ, անկասկած, նույն դիրքորոշմանն է։ Եթե ներքին համերաշխության համար Եկեղեցին քայլեր չձեռնարկի, ապա քաղաքացիական ընդհարումները անխուսափելի կլինեն։

Ուստի Եկեղեցի-Պետություն հարաբերություններում նման կառուցողական շրջադարձերը միայն ողջունել կարելի է։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30