Սեպտեմբերի 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Տաճարի վերաօծման և Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև ազգային բարերարներ, մշակույթի, գիտության և հասարակական գործիչներ, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած բազմահազար ուխտավոր հայորդիներ:
Հայրապետական հանդիսավոր թափորը Վեհարանից շարժվեց դեպի Մայր Տաճար: Խաչերի և խաչվառների առաջնորդությամբ, ուխտավորների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, օրհնելով ներկա ժողովրդին, ամպհովանու ներքո և «Հրաշափառ» շարականի կատարումով մուտք գործեցին Մայր Տաճար։
Կարդացեք նաև
Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպս Հովակիմյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։
Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի վերաօծվեց Ավագ Խորանի Սուրբ Սեղանը, ապա Նորին Սրբությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին և «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին արժանացրեց Հայ Եկեղեցու ազգային բարերարներին, որոնց ընծայաբերումներով իրականացվեցին Մայր Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։
Պարգևատրվեցին՝ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյաները, Տեր և Տիկին Սամվել և Էթերի Կարապետյաները, Տեր և Տիկին Պերճ և Վերա Սեդրակյանները, Տեր և Տիկին Էրիկ և Միլանա Իսրայելյանները, Տիկին Էլզա Տիտիզյանը, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյանները, Տեր և Տիկին Նվեր և Ելենա Մխիթարյանները, Տիկին Անահիտ Յակուբյանը, Տեր և Տիկին Հրաչ և Սյուզըն Թուֆայաները։
Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Մայր Տաճարի վերաօծման առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական պատգամը հղեց ողջ հայությանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սո՛ւրբ է»
«Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Տիրոջ ողորմած կամքով միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակալին, որ նորոգության երկար աշխատանքներից հետո այլևս ամրակայված ու բարեզարդված և այսօր նոր մյուռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր հավատավոր զավակների, ուխտավորների և այցելու հյուրերի առջև։
Նվիրական այս պահին մեր հոգում արձագանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատես Մովսեսին ուղղված Ամենակալ Տիրոջ խոսքը․ «Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3.5)։
Բարձրյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց տապանակիր Արարատի հովանու ներքո Նոյ Նահապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ՝ ասելով․ «Այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար» (Ծննդ․ 8․21)։
Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։
Սուրբ Էջմիածնից ճառագող երկնային լույսով ու շնորհներով է շողարձակել հավատքը ազգիս զավակների սրտերում և ամրապնդվել սերը հայրենիքի հանդեպ։ Հայոց սրբօրրանի ներշնչանքով են ստեղծվել հայոց գիրն ու դպրությունը, ոգի ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։ Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, և նրա օրհնաբեր կամարների ներքո են մխիթարություն ու հանգստություն գտել փորձությունների ու նեղությունների ենթարկված, այլև Ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները։
Այս նվիրական սրբավայրում է նաև մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման, որը և իրականություն է դարձել մեր ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ ու աննկուն պայքարով։
Տերունահաստատ Սուրբ Էջմիածինը՝ լուսավորչակերտ Մայր Տաճարով, հավաստիքն է Աստծո հետ մեր հավիտենական ուխտի, դարավոր վկան առ Աստված ու հայրենին նվիրումով ապրելու մեր համընդհանուր վճռականության, պայծառ փարոսը ազգային-եկեղեցական մեր անդաստանի։ Արդար ու ճշմարիտ է՝ Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնասյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելության, խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության։
Սուրբ Էջմիածինը Աստծո մշտնջենական ներկայությունն է մեր կյանքում, աներեր ու անհաղթելի։ Պատմության հոլովույթներում Հայոց Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով, բազմիցս ենթարկվել է հարձակումների և հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները։
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։
Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի։ Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։
Սիրելիներ, Հայոց Հայրապետները ազգիս հավատացյալ զավակների ամբողջանվեր հոգածությամբ բոլոր ժամանակներում պահպանել, նորոգել ու վերակառուցել են Մայր Տաճարը, որպեսզի այն դարեդար առաջնորդի համայն հայությանը փրկության ճանապարհով, հարատև մնա անխախտ վեմը մեր մշտավառ հավատքի և հոյակերտ վկան Քրիստոնյա Հայաստանի։ Վերաօծյալ այս սրբավայրը մեր հավատքին նոր ամրություն է հաղորդելու, բազուկներին՝ զորություն, մտքերին՝ պայծառություն և սրտերին՝ լավատեսություն, որով պիտի դիմագրավենք նորօրյա փորձություններն ու աղետաբեր վտանգները։
Հոգենորոգ այս պահին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդի զավակներին, որ այսօր մեծագույն ուրախություն և հոգևոր մխիթարություն են ապրում Աստծո Տաճարի վերաօծման ու վերաբացման առիթով։
Հայրապետական Մեր պատգամն է ձեզ, հավատավոր ժողովուրդ հայոց, մեր բարեպաշտ նախնյաց նմանությամբ հայրենյաց և Սուրբ Էջմիածնի սիրով պաշտպանենք մեր երկիրն ու մեր սրբությունները: Հույսով ու լավատեսությամբ լծվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն խարսխելով արդարության, ճշմարտության, ազնվության վրա։
Ամենուր մեզանում զորացնենք ազգանվիրումի, եղբայրսիրության ու համերաշխության ոգին։ Մերժենք մեզանից անտարբերությունը, անհանդուրժողությունն ու քինախնդրությունը։ Զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից։
Համախումբ հոգ տանենք մեր հայրենիքին՝ գիտակցությամբ, որ հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։ Կրթենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական։ Արդ, ապրենք ու գործենք հոգևոր արթնությամբ, մեր պետությունը, մեր ազգային կյանքը զորացնելու վեհ ու պայծառ տեսլականով։
Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում մեր Եկեղեցու մեծանուն բարերարներին, որոնց ազնիվ ընծայաբերումներով հնարավոր եղավ իրականացնել Տաճարի ամբողջական վերանորոգման աշխատանքները։ Մեր օրհնությունն ու գնահատանքը՝ հավատավոր Մեր զավակներին, որ տարիներ շարունակ իրենց լուման են ներդրել այս կարևոր գործում և համբերությամբ սպասել այս բաղձալի օրվան։ Ձեր վարձքը մարգարեի ազդարարած պարգևն է՝ ըստ Աստծո խոստման. «Խաղաղություն պիտի տամ այս տեղին, հոգու խաղաղություն՝ որպես փրկություն բոլոր նրանց, ովքեր կաշխատեն վերականգնել այդ տաճարը» (Անգե 2.10)։
Հայրական ջերմ զգացումներով Մեր գնահատանքն ենք բերում Մայր Տաճարի նորոգությունը իրականացրած վաստակաշատ, բազմահմուտ շինարարին, ճարտարապետներին, նկարիչ վերականգնողներին և ներգրավված մյուս մասնագետներին, ովքեր բարեխղճորեն կատարեցին իրենց աշխատանքը։
Վերաօծյալ այս Տաճարից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ արքայի բարեխոսության հայցով, Մեր անդրանիկ աղոթքն ենք առ Աստված բարձրացնում հայրենի մեր երկրի, աշխարհի խաղաղության համար, խնդրում Աստծո ողորմությունն ու զորակցությունը հարազատ բնօրրանից բռնի տեղահանված արցախահայությանը, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակներին։ Հայցում ենք, որ հավատքով ու հույսով զորացյալ և սիրով միասնական ազգս հայոց աստվածահաճո իրագործումներով շենացնի ու պայծառացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը, և թող Միածնի Իջման Սուրբ Սեղանից շողարձակող օրհնություններն ու շնորհները սփռվեն համայն մեր ժողովրդի կյանքին այժմ և հավիտյանս. ամեն։
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ