«Հոգենորոգ այս պահին հայրապետական մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդի զավակներին, որ այսօր մեծագույն ուրախություն և հոգևոր մխիթարություն են ապրում Աստծո տաճարի վերաօծման ու վերաբացման առիթով»,- Մայր Տաճարի վերաօծման արարողության և Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ հայրապետական աղոթք հղելով համայն հայությանը`հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար են այցելել ՀՀ իշխանության ներկայացուցիչները`ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, ՀՀ նախագահը և այլք։ Մայր Աթոռում է գտնվում նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Կաթողիկոսը փաստեց՝ Սուրբ Էջմիածինը հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ դարձել է հիմնյաց սյունը և անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելիության խորհրդանիշը մեր ազգի միասնականության և Արարատ սուրբ լեռան պես մեր հարատևության․ «Սուրբ Էջմիածինն Աստծով մշտնջենական ներկա է մեր կյանքում՝ աներեր ու անհաղթելի։ Պատմության հոլովույթներում հայոց եկեղեցին՝ Սուրբ Էջմիածին հոգևոր կենտրոնով բազմիցս ենթարկվել է հարձակումների ու հալածանքների, սակայն հավատի անպարտելիությամբ հաղթահարել է դժվարությունները և մարտահրավերները։ Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության ու գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայոց կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պատասխանատուն է հայոց եկեղեցին»։
Կարդացեք նաև
Վեհափառը, պատգամ հղելով հավատավոր հայ ժողովրդին, ասաց․ «Մեր պատգամն է Ձեզ հավատավոր ժողովուրդ հայոց, մեր բարեպաշտ նախնյաց նմանությամբ պաշտպանենք մեր երկիրն ու մեր սրբությունները հույսով ու լավատեսությամբ, լծվենք մեր կյանքի վերելքին ու առաջընթացին՝ այն կառուցելով արդարության, ճշմարտության և ազնվության վրա։ Ամեն օր մեզանում զորացնենք ազգանվիրումի և համերաշխության ոգին, մերժենք մեզնից անտարբերությունը, անհանդուրժողականությունը ու քինախնդրությունը, զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից, համախումբ հոգով տանենք մեր հայրենիքին՝ գիտակցությամբ, որ հայրենի ինքնիշխան մեր երկիրն է երաշխավորը մեր ինքնության պահպանման և ազգային իղձերի ու երազների իրականացման։ Դրդենք մեր զավակներին ազգային նկարագրով, մեր լուսամիտ հայրերի հավատքով ու քաջարի ոգով, որ մեր ապագան լինի բարօր ու հաղթական, ապրենք ու գործենք հոգևոր արթնությամբ, մեր պետությունը, մեր ազգային կյանքը զորացնելու վեհ ու պայծառ տեսլականով․․․Վերաօծյալ այս տաճարից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի և Տրդատ արքայի բարեխոսության հայցով մեր անդրանիկ աղոթքն ենք առ Աստված բարձրացնում հայրենի մեր երկրի, աշխարհի խաղաղության համար, խնդրում ենք Աստծու ողորմածությունը ու զորակցությունը հարազատ բնօրրանից բռնի տեղահանված արցախահայությանը, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակներին, հայցում ենք, որ հավատքով, լույսով զորացյալ և սիրով միասնական ազգս հայոց աստվածահաճո իրագործումներով շենացնի ու պայծառացնի ազգային-եկեղեցական մեր կյանքը»։
Մայր տաճարի վերանորոգման առիթով ազգային-եկեղեցական բարերարներին Հայոց Հայրապետի կողմից «Նորահաստատ Սուրբ էջմիածին» և «Դուստր Սուրբ էջմիածին» բարձրագույն շքանշաններ հանձնվեցին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բարերարներ Վաչե Մանուկյանին և Թամար Մանուկյանին, Պերճ Սեդրակյանին ու Վերա Սեդրակյանիմ, Էրիկ Իսրայելյանին և Միլանա Իսրայելյանին, Նուբար Աֆեյանին և այլ բարերարների։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ